չի կարողանում դուրս գալ, այլ տարածվում է խորը հյուսվածքներ (ջիլ, հոդ, ոսկր), երբեմն ախտահարում դրանք միաժամանակ: Ենթամաշկային Մ. բնորոշվում է մշտ. շանթող ցավերով (հատկապես՝ գիշերը), մատը շոշափելիս առաջանում են սուր ցավեր: Եթե մատը շարժելիս ցավերն ավելի են ուժեղանում, դա վկայում է ջլի կամ հոդի վրա բորբոքման տարածման մասին:
Մ-ի ցանկացած ձևը, հատկապես խորը, կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ, թարախածին մանրէները կարող են արյան և ավշի միջոցով տարածվել հեռավոր օրգաններ ու հյուսվածքներ և ախտահարել դրանք, ինչպես նաև արյան վարակում առաջացնել: Ոսկրային Մ. կարող է ձևափոխել եղունգային մատոսկրը, ջիլն ու հոդը և հանգեցնել մատի անշարժության: Խորը Մ. ժամանակին չբուժելիս թարախը հաճախ տարածվում է ափի հյուսվածքների, այնուհետև նախաբազկի վրա, որի դեպքում պահանջվում է վիրաբուժ. բարդ միջամտություն: Ուստի բորբոքման 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում, չի կարելի նաև ծակել վերնամաշկի տակ առաջացած բուշտը: Պետք է նկատի ունենալ, որ թարախաբուշտը կարող է առաջանալ նաև ենթամաշկային Մ-ի դեպքում, եթե թարախը ծորում է վերնամաշկի տակ խորը գտնվող հյուսվածքներից: Այդպիսի թարախաբշտի բացումը ոչ միայն չի վերացնի խորը ախտահարումը, այլև կբարդացնի հիվանդության ընթացքը: Առավել ևս անթույլատրելի է խորը Մ-ի ինքնաբուժումը քսուքներով, տաքացնող կոմպրեսներով ևն:
Կանխարգելումը. աշխատելիս մանր վնասվածքներից մաշկը պաշտպանելու համար հարկավոր է աշխատանքային ձեռնոց կրել, կենցաղում և արտադրությունում պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մատների մաշկի ցանկացած, նույնիսկ չնչին վնասվածքները մշակել սպիրտով, օդեկոլոնով կամ յոդի սպիրտային լուծույթով: Եղունգի տակ փուշ մտնելիս այն շտապ պետք է հանել (տես Օտար մարմիններ): Մանր վերքերը, ճաքերը, ծակած վերքերը (հատկապես՝ արտադրությունում ստացած) յոդի սպիրտային լուծույթով մշակելուց հետո (պաշտպան. թաղանթ առաջացնելու համար) կարելի է պատել սոսնձով և ռետինե մատնոց դնել:
ՄԱՐԱԶՄ, հոգեկան գործունեության քայքայման վիճակ, ուղեկցվում է ֆիզ. ծայրահեղ հյուծվածությամբ: Առաջանում է որպես առանձին, հիմնականում կենտր. նյարդային համակարգն ախտահարող (օրինակ՝ ծերունական թուլամտություն, աթերոսկլերոզ, ուռուցքների որոշ տեսակներ, պսիխոզներ) քրոնիկ. հիվանդությունների վերջն. փուլ: Հիվանդները մեծ մասամբ գամված են անկողնուն, անօգնական են, նրանց դեմքն արտահայտում է ցրվածություն, տառապանք, անառիթ ծիծաղում կամ լաց են լինում: Հառաչանքի ու ճիչի ձևով պատասխանում են միայն մարմնական գրգռիչներին (անհարմար դիրք, ցավ): Իրենց վերաբերող խոսքը հաճախ գրեթե չեն հասկանում: Բնորոշ է այդպիսի հիվանդների արտաքին տեսքը, ծայրաստիճան նիհարությունը, գունատ դեղին, հաճախ՝ մուգ դեղին կամ դարչնագույն գունակային բծերով ծածկված կնճռոտ մաշկը, որի վրա հեշտությամբ առաջանում են պառկելախոցեր և հարուկներ: Հիվանդները մանրակրկիտ խնամքի խիստ կարիք ունեն: Նրանց պետք է կերակրել, պարբերաբար տակը պետքանոթ դնել: Անկողինը պետք է հարմար ու մաքուր լինի, սավանի տակ հարկավոր է մոմլաթ փռել, պառկելախոցերից խուսափելու համար հիվանդին 2 ժ մեկ շրջել կողքի, մաշկը մաքրել քափուրի սպիրտով, հարուկների առաջացման հատվածներին ցանափոշի քսել: Սնունդը պետք է մանրացրած և վիտամիններով հարուստ լինի: Քաղցրեղենը հարկավոր է սահմանափակել: Առանձին դեպքերում հիվանդի ախորժակը խիստ լավանում է, սակայն չափից ավելի կերակրել չի կարելի: Փորկապության ժամանակ բժշկի նշանակմամբ տալիս են լուծողական, կատարում հոգնա:
Հարկավոր է հիվանդի մարմինն ամեն օր լվանալ ջրով, կալիումի գերմանգանատի, քացախաթթվի, մրջնաթթվի սպիրտային կամ օղու թույլ լուծույթներով թրջած սպունգով, լաթով կամ բամբակով, այնուհետև սրբել փափուկ սրբիչով և տաք փաթաթել: Հարկավոր է հիշել, որ հիվանդագին փոփոխություններն անվերադարձ են, և հիվանդն այդ վիճակում կարող է երկար մնալ, ուստի նրանց խնամելը մեծ համբերություն է պահանջում: Սովորաբար այդպիսի հիվանդները մահանում են վարակիչ հիվանդությունների (հատկապես՝ թոքաբորբի) կամ ստամոքսաղիքային համակարգի խանգարումների (աղիքների անանցանելիություն, կիսալուծանք) հետևանքով: Տես նաև Հիվանդի խնամք:
ՄԱՐԴ (Homo sapiens), պատկանում է բարձրակարգ կենդանի օրգանիզմների դասին և գտնվում է կենդ. աշխարհի էվոլյուցիոն զարգացման ամենաբարձր աստիճանին: Մ. առաջացել է բարդ և երկարատև պատմաէվոլյուցիոն գործընթացի հետևանքով: Նա հաս. էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք: Մ. քորդավորների տիպի, կաթնասունների դասի, պրիմատների կարգի բարձրագույն ներկայացուցիչն է: Մ-ու բնորոշ առանձնահատկություններն են ուղղաձիգ կեցվածքը, քայլվածքը և ներքին օրգանների համապատասխան դիրքը, ազատ և լավ զարգացած վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ Մ. օժտված է մտավոր և հուզ. զարգացման անսահման հնարավորություններով: Բազմաբջիջ օրգանիզմների, հետևաբար և Մ-ու կառուցվածքի, զարգացման և կենսագործունեության հիմքում ընկած է նրանց կառուցվածքային ու ֆունկցիոնալ միավորը՝ բջիջը:
Բազմաբջիջ օրգանիզմների երկարատև պատմ. զարգացման ընթացքում ծագել են բջիջների միասնական խմբեր, որոնք նման են կառուցվածքով և իրենց կատարած յուրահատուկ ֆունկցիայով: Բջիջների միջև տեղադրված միջբջջային նյութերի հետ մեկտեղ մասնագիտացված այդպիսի համակարգերն ստացել են հյուսվածք անվանումը: Մ-ու բոլոր հյուսվածքները պայմանականորեն