ձգում են առանց քաշքշելու՝ չծալելով ոտքերը՝ ծնկահոդում, իսկ ձեռքերը՝ արմնկափն հոդում: Ձեռքի ուժաչափը դնում են ձեռքի ափի մեջ՝ սանդղակը դեպի վեր, սարքը սեղմելիս ձեռքն ազատ ցած են թողնում կամ տանում դեպի կողմ, 2-3 չափումից հետո նշում են ամենաբարձր ցուցանիշը:
ՄԱՐԴՈՒ ՀԱՍԱԿԸ, ամբողջ օրգանիզմի կամ առանձին հյուսվածքների ու օրգանների չափերի ավելացումը, ավելի նեղ իմաստով՝ մարդու մարմնի երկարությունը: Աճումը (զարգացումը) առավել բնորոշ է երիտասարդ օրգանիզմներին, սակայն մարմնի չափերի ոչ բոլոր ավելացումներն են համարվում աճում: Օրինակ՝ ճարպերի կուտակումն առաջացնում է մարմնի չափերի ավելացում, սակայն օրգանիզմի աճ չէ: Հասակի չափանիշներ են մարդու հասակը (բարձրությունը), քաշը, մարմնի տարբեր մասերի երկարությունը:
Մ. հ-ի վրա ազդում են ներքին ու արտաքին շատ գործոններ: Ներքիններից են գենետիկ. (ժառանգ.) գործոնները, որոնք ազդում են հյուսվածքների վրա անմիջականորեն կամ նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով: Երեխայի աճման ու զարգացման վրա ազդող արտաքին գործոններից են կյանքի պայմանները, սնուցման բնույթը, կրած հիվանդությունները, ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելը ևն:
Տարբերում են աճման առաջընթաց, կայուն և հետընթաց փուլեր: Առաջընթաց փուլն ընդգրկում է ներարգանդային և հետծննդյան շրջանները (մինչև մոտավորապես 20 տարի): Կանանց աճումը շարունակվում է մինչև 16-18, տղամարդկանցը՝ 18-20 տարեկանը, այնուհետև հաջորդում է հարաբեր. կայունացումը, իսկ 50 տարեկանից այն դանդաղ նվազում է (մոտավորապես 1 սմ յուրաքանչյուր 10 տարում): Վերջինս բացատրվում է հիմնականում ողնաշարի կարճացումով (ծռվելու հետևանքով), ինչպես նաև միջողնային սկավառակների առաձգականության նվազումով ու կարծրացումով: Հասակի առավել աճ նկատվում է կյանքի 1-ին տարիներին, այնուհետև այն դանդաղում է և նորից ավելանում հասունացման շրջանում (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն):
Բոլոր երկրներում շատ տասնամյակներ տղամարդու միջին հասակն ընդունվել է 165 սմ, կնոջը՝ 154 սմ: Սակայն կապված, այսպես կոչված, ակցելերացիայի հետ՝ այդ թվերը վերջին տարիներին փոխվել են՝ 167-168 սմ տղամարդու և 156-157 սմ՝ կնոջ համար: Ակցելերացիայի պատճառների պարզաբանման շատ տեսություններ են առաջարկվել, սակայն ոչ մեկը չի բացահայտում այդ բարդ կենսբ. գործընթացը: Հիմն. պատճառը համարում են սննդի որակի փոփոխությունը, սպիտակուցների ու ճարպերի շատ գործածումը: 19-րդ դ. և 20-րդ դ. սկզբին Մ. հ-ի ավելացումը վկայում է, որ ակցելերացիան հավանաբար կապված է օրգանիզմի աճման ու զարգացման խթանմանը մասնակցող համալիր տարբեր գործոնների հետ (կենսամակարդակի բարձրացում, սնուցման բարելավում, հիվանդացությունների նվազում ևն):
Առանձին ազգերի մարդկանց միջին հասակը կարող է փոքր-ինչ տարբերվել, օրինակ՝ սկանդինավյան երկրների բնակիչներինը 10-15 սմ-ով ավելի է, քան իտալացիներինն ու ֆրանսիացիներինը:
Մ. հ-ի վրա մեծ ազդեցություն է ունենում հիպոֆիզի կողմից արտադրվող և երիտասարդ օրգանիզմի աճումը խթանող, այսպես կոչված, աճման հորմոնը: Այն բարձրացնում է սպիտակուցների սինթեզը, ինչպես նաև օրգանիզմում կասեցնում է ոսկրերին ու այլ հյուսվածքներին անհրաժեշտ ֆոսֆորի, կալցիումի և նատրիումի աղերը: Հորմոնն արտադրվում է ամբողջ կյանքի ընթացքում: Մանկ. տարիքում դրա անբավարարությունը խիստ կասեցնում է աճումը՝ հանգեցնելով, այսպես կոչված, գաճաճության (տես Ներզատիչ համակարգ), իսկ գերարտադրության դեպքում նկատվում է հսկայություն. Մ. հ. հասնում է 240-250 սմ: Հորմոնի գերարտադրությունից մեծանում են հասուն մարդու ձեռքերի ու ոտքերի մատների, քթի ու ստորին ծնոտի չափերը (տես Ակրոմեգալիա): Տես նաև Մարդու քաշը:
ՄԱՐԴՈՒ ՔԱՇԸ (մարդու մարմնի զանգվածը), կախված է հիմնականում մարմնակազմվածքի տիպից, սեռից ու տարիքից: Այն մարդու ֆիզ. զարգացածության և նրա առողջ. վիճակի հարաբեր. ցուցանիշ է:
Մ. ք. այն ցուցանիշներից է, որին գործնականորեն պետք է հետևի յուրաքանչյուր մարդ: Չնայած Մ. ք-ի անհատ. բնույթին՝ սահմանվել են քաշային նորմատիվներ՝ հաշվի առնելով տարիքային, սեռային և այլ առանձնահատկություններ: Այսպես՝ կյանքի 1-ին տարիներին երեխաների համար, որոնց մարմնի քաշը ֆիզ. զարգացածության աստիճանի բավական օբյեկտիվ ցուցանիշ է, սահմանվել են տարիքային հետևյալ նորմատիվները (աղ. 1): Որպես կանոն՝ ծնողները երեխաների քաշի փոփոխություններին ուշադիր հետևում են միայն նրանց կյանքի 1-ին տարիներին (հատկապես՝ կրծքի տարիքում), իսկ ավելի մեծ տարիքում դրա ընթացքին քիչ են հետևում: Կազմվել են երեխաների քաշի նորմատիվներ (աղ. 2)՝ տարբեր մասնագետների (մանկաբույժ, մարդաբան, ֆիզիոլոգ ևն) կողմից՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետազոտությունների հիման վրա: Հաշվի է առնվել նաև, այսպես կոչված, ակցելերացիայի երևույթը, որի հետ կապված, աղյուսակում՝ քաշին զուգահեռ, տրվում են նաև տարիքային զարգացման ընթացքում հասակի ցուցանիշները: Պետք է նկատի ունենալ, որ բնականոնից աննշան շեղումը դեռևս հիվանդագին չէ և կարող է պայմանավորված լինել մարմնակազմվածքի առանձնահատկություններով (մկանների զարգացման աստիճան, ոսկրային հյուսվածքի ամրություն ևն): Աճման առավել ակտիվ շրջանում (7-8 և 12-14 տարեկան) այդ շեղումները շատ հազվադեպ են արտահայտվում: Բայց, եթե քաշի նորման գերազանցված է 15-29 %-ով, ապա դա I աստիճանի, 30-49 %-ով՝ II, 50-100 %-ով՝ III, իսկ 100 %-ից բարձրը՝ IV աստիճանի ճարպակալման նշան է:
Քաշի նշանակալի գերազանցումը հազվադեպ է, սակայն II աստիճանի ճարպակալումն ավելի հաճախակի է հանդիպում և լուրջ վտանգ է ներկայացնում: Քաշի գերազանցումը մեծացնում է սիրտանոթային համակարգի բեռնվածությունը, նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, մեծանում է զարկերակային գերճնշման առաջացման հավանականությունը: Երեխաների մոտ նկատվում են գերհոգնություն, գլխացավ, վատանում է ընդհանուր ինքնազգացողությունը: Ավելորդ քաշն անբարենպաստ ազդեցություն է ունենում նաև հենաշարժ. ապարատի վրա. քանի որ ոսկրերը, կապանները, աճառային հյուսվածքը դեռևս ձևավորման շրջանում են, անկայուն են և դյուրափոփոխ: Գեր երեխայի ավելորդ քաշը կմախքի վրա կարող է խիստ վնասակար ազդեցույթուն ունենալ: Բացի այդ, երեխաները զգում են գիրությամբ պայմանավորված իրենց անլիարժեքությունը: Նրանք, որպես կանոն, մեծանում են քմահաճ, լալկան ու գրգռված, խաթարված հոգեբանությամբ:
Բնականոն քաշի գերազանցումը հաճախ հիվանդության ախտանշան է՝ կապված նյութափոխանակության (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն), ներզատիչ համակարգի գործունեության և այլ խանգարումների հետ: Ուստի, եթե երեխան գիրանում է, անհրաժեշտ է խորհրդակցել