Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժշկի (մանկաբույժ, ներզատաբան և ուր.) հետ:

Հասուն Մ. ք. նույնպես փոփոխական է: Հասուն առողջ Մ. ք-ի նորմատիվները մշակելիս սովորաբար հաշվի է առնվում նախ մարմնակազմվածքի տիպը՝ ասթենիկ, նորմոսթենիկ և հիպերսթենիկ: Ասթենիկին հատուկ են նիհարությունը, տափակ կուրծքը, համեմատաբար թույլ զարգացած մկանները: Նորմոսթենիկին՝ լայն ուսերը և կուրծքը, ուժեղ զարգացած մկանները: Հիպերսթենիկները հակված են գիրանալու: Աղ. 3-ում բերված քաշային նորմատիվներում հաշվի են առնվել մարմնակազմվածքի տիպը և հասակը (25-30 տարեկան մարդկանց տվյալներ են. կյանքի յուրաքանչյուր տասնամյակ 1 կգ-ով ավելացնում է քաշը):

Եթե մարմնակազմվածքի տիպը պարզորոշ արտահայտված չէ, կարելի է օգտվել հետևյալ բանաձևից՝ քաշ (կգ) / հասակ (դմ), եթե քանորդը 2,8-3,1-ի սահմաններում է, ապա քաշը պակաս է, 3,2-4,3-ի դեպքում՝ բնականոն, իսկ 4,4-5,3-ի դեպքում՝ չափից ավելի է, կարելի է ասել՝ գեր է: Կան քաշի որոշման այլ հաշվարկային մեթոդներ: Բնականոնից քաշի զգալի շեղումը (ցանկացած կողմ) հավասարապես վտանգավոր է: Օրինակ՝ քաշի նվազումը կարող է լինել մարսող. օրգանների, ներզատիչ և նյարդային համակարգերի խանգարման, չարորակ, վարակիչ ու այլ հիվանդությունների հետևանք: Ավելորդ քաշը (գիրություն) նույնպես ցանկալի չէ. խանգարվում է սիրտանոթւպին համակարգի բնականոն գործունեությունը, հաճախ առաջանում են գերճնշում, կրծքային հեղձուկ, աթերոսկլերոզ: Ապացուցված է, որ ավելորդ քաշը կրճատում է կյանքի տևողությունը:

Մ. ք. փոփոխվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ կախված գործունեության բնույթից, սնման ռեժիմից ու որակից, կլիմայի փոփոխությունից: Եթե գիրությունը չափից ավելի ուտելու հետևանք է (հատկապես երեխաների ու 40-45-ից բարձր տարիքի մարդկանց մոտ), բավական է ավելացնել ֆիզ. բեռնվածությունը, բժշկի հետ խորհրդակցելով՝ սահմանափակել քաղցրի, հացի ու շատ ածխաջրեր և ճարպեր պարունակող այլ մթերքների օգտագործումը (տես Սննդակարգ, Սնուցում): Եթե գիրացումը սննդի ռեժիմի խախտման կամ ֆիզ. բեռնվածության հետևանք չէ, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, որը կարող է գտնել պատճառը և բուժում նշանակել:

Աղյուսակ 1
Երեխաների միջին քաշը (գ-ով) կյանքի 1-ին 3 տարիներին
տարիքը տղաներ աղջիկներ
նորածիններ 3500±450 3300±460
1 ամսական 4300±650 4100±550
2 ամսական 5300±750 5000±550
3 ամսական 6300±750 6000±550
4 ամսական 6900±750 6500±800
5 ամսական 7800±800 7400±950
6 ամսական 8700±750 8000±950
7 ամսական 8900±1000 8300±950
8 ամսական 9500±1000 8500±1000
9 ամսական 9900±1200 9300±1000
10 ամսական 10400±1200 9500±1300
11 ամսական 10500±1000 9800±1000
12 ամսական 10700±1200 10100±1200
15 ամսական 11400±1300 10500±1300
18 ամսական 11800±1200 11400±1100
21 ամսական 12700±1400 12300±1400
24 ամսական 13000±1200 12600±1800
30 ամսական 14000±1300 13900±1600
36 ամսական 15000±1700 14900±1500


Աղյուսակ 2
4-15 տարեկան երեխաների մարմնի քաշի (կգ-ով) կախվածությունը հասակից (սմ-ով)
տարիքը քաշը հասակը
տղաներ աղջիկներ տղաներ աղջիկներ
4 տարեկան 15,5-18,9 14,4-17,9 98-107 95-106
5 տարեկան 17,4-22,1 16,5-20,4 105-116 104-114
6 տարեկան 19,7-24,1 19,0-23,6 111-121 111-120
7 տարեկան 21,6-27,9 21,5-27,5 118-129 118-129
8 տարեկան 24,1-31,3 24,2-30,8 125-135 124-134
9 տարեկան 26,1-34,9 26,6-35,6 128-141 128-140
10 տարեկան 30,0-38,4 30,2-38,7 135-147 134-147
11 տարեկան 32,1-40,9 31,7-42,5 138-149 138-152
12 տարեկան 36,749,1 38,4-50,0 143-158 146-160
13 տարեկան 39,3-53,0 43,3-54,4 149-165 151-163
14 տարեկան 45,4-56,8 46,5-55,5 155-170 154-167
15 տարեկան 50,4-62,7 50,3-58,5 159-175 156-167


ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի վրա տարբեր մարզաձևերի ազդեցությունը և մշակում ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվող անձանց համար գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ: Մ.բ-յան հիմն. խնդիրներն են՝ օրգանիզմի վրա ֆիզ. վարժությունների ազդեցության ուսումնասիրությունը՝ առողջության պահպանման և ամրապնդման, աշխատունակության բարձրացման ու գործուն երկարակեցության ձեռքբերման նպատակով, ինչպես նաև ֆիզ. վարժությունների ու սպորտային մարզումների արդյունավետ մեթոդի կիրառման գիտ. հիմնավորումը:

Մ.բ. մշակում է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող անձանց ուսումնասիրման և հետազոտման մեթոդներ՝ հատկապես օրգանիզմի, նրա առանձին համակարգերի և օրգանների ֆունկցիոնալ հնարավորությունները որոշելիս: Մ.բ. ունի գիտամեթոդ. կենտրոններ (բուժական ֆիզկուլտուրային դիսպանսերներ), գիտ. կադրեր, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի բժիշկ-մասնագետներ: Սերտորեն համագործակցելով բժշկության մի շարք կլինիկ. և տես. ճյուղերի հետ՝ Մ.բ. կազմակերպում է համատեղ հետազոտություններ ու դիտարկումներ: Մ.բ. կապված է օրգանիզմի վրա սպորտի ազդեցությունն ուսումնասիրող բժշկակենսբ. տարբեր ուղղությունների հետ: Դրանք են ֆունկցիոնալ դինամիկ. անատոմիան (մարզ. ծանրաբեռնվածությունների ազդեցությամբ մկանային, ոսկրային և այլ համակարգերում առաջացող ձևաբան. փոփոխությունների ուսումնասիրություններ), ֆիզ. վարժությունների և սպորտի ֆիզիոլոգիան (մարզ. ծանրաբեռնվածությունների ազդեցությամբ տարբեր համակարգերի և օրգանների գործունեության փոփոխությունների ուսումնասիրություններ), սպորտի կենսաքիմիան (մարզիկների օրգանիզմում տեղի ունեցող բարդ կենսաքիմ. գործընթացների ուսումնասիրություններ), ֆիզկուլտուրայի և սպորտի հիգիենան (ֆիզ. վարժություններում, սպորտային պարապմունքերում կարևոր նշանակություն ունեցող գործոնների՝ հագուստի, կոշիկի, մարզավայրի հիգիենայի, մարզ. կառույցների սանհիգիենային նորմերի ուսումնասիրություններ), մարզ. վնասվածքաբանությունը (մարզ. վնասվածքների բնույթի որոշում, դրանց կանխարգելման և բուժման մեթոդների մշակում), մարզ. գինեկոլոգիան (մարզումների հետևանքով կանանց սեռ. ոլորտում առաջացող փոփոխությունների ուսումնասիրություններ): Բժշկակենսբ. ուղղություններից են