Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հաջողվում մետաղալարե պատրաստի բեկակալի օգնությամբ, քանի որ այն կարելի է համապատասխան ձևով ծռել: Ձեռքի տակ եղած նյութերից ծալվում է միայն ստվարաթուղթը, բայց այն բավականաչափ ամուր չէ, և երկար ստվարաթղթե բեկակալը ծալած արմնկային հոդը թույլ է ամրացնում: Ուստի պատրաստի մետաղալարե բեկակալի բացակայության դեպքում ավելի լավ է օգտագործել հանպատրաստից սարքած 2 բեկակալ. մեկը՝ թիակից մինչև արմունկը, մյուսը՝ արմունկից մինչև մատները, որից հետո, վերջույթը ծալելով արմնկային հոդում, ամրացնել գլխաշորով (նկ. 4):

Նախաբազկի վնասվածքի դեպքում բեկակալը դնում են մատներից մինչև արմնկային հոդը կամ բազկի մեջտեղը: Եթե ձեռքի պատրաստած կամ պատրաստի բեկակալ չկա, ձեռքը ծալում են արմնկային հոդում, ափով շրջում դեպի որովայնը և բինտով կապում մարմնին, իսկ բինտի բացակայության դեպքում գլխաշորով կամ հագուստի փեշով կախ տալիս (նկ. 5): Ձեռնաթաթի Ա-ման անհրաժեշտության դեպքում ափի մեջ դնում են պինդ փաթաթած բամբակաթանզիֆային գլանաբարձիկ կամ փոքրիկ գնդակ և նախաբազուկն ու ձեռնաթաթն ամրացնում բեկակալներին (նկ. 6):

Ողնաշարի և կոնքի տրանսպորտային Ա-ման ժամանակ տուժածին պառկեցնում են որևէ կոշտ մակերևույթի վրա (նկ. 7):

Ազդրի կոտրվածքների դեպքում ստեղծում են ամբողջ վերջույթի անշարժություն (կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում): Առավել հուսալի Ա. ապահովվում է 2 բեկակալի օգնությամբ. երկար՝ անութային փոսերից մինչև դրսային կոճը, և կարճ՝ շեքից մինչև ներսային կոճը: Ոտնաթաթը հարմարեցնում են 90° անկյան տակ (նկ. 8): Սրունքի և ոտնաթաթի վնասվածքների ժամանակ անշարժություն են ստեղծում սրունքաթաթային և ծնկային հոդերում: Եթե ոտքի Ա-ման ոչ մի միջոց չկա, կարելի է վնասված վերջույթը կապել առողջին. վերջինս բեկակալի դեր է կատարում (նկ. 9):

ԱՆՇԱՔԱՐ ՇԱՏԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, անշաքար դիաբետ, հիվանդություն, որը բնորոշվում է մեծ քանակությամբ մեզի արտազատմամբ և սաստիկ ծարավի զգացումով: Պատճառն արյան մեջ վազոպրեսին հորմոնի քանակության նվազումն է, որը խոչընդոտում է օրգանիզմից հեղուկների ավելցուկային հեռացմանը: Պայմանավորված է ենթատեսաթմբի (հիպոթալամուս) և հիպոֆիզի (տես Ներզատիչ համակարգ) ախտահարմամբ, որոնք արտադրում և արյան մեջ են արտազատում վազոպրեսին հորմոնը: Ա.շ-յամբ հիվանդները ջուր շատ են խմում և օրական արտազատում են 4-12 լ, ոմանք՝ 30-40 լ մեզ: Ի տարբերություն շաքարային շատամիզության (տես Շաքարախտ)՝ Ա շ-յան ժամանակ մեզում շաքարը բացակայում է, և մեզի տեսակարար կշիռը ցածր է: Օրգանիզմի ջրազրկման և աղերի կորստի հետևանքով հիվանդներն ունենում են ընդհանուր թուլություն, նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, հյուծվածություն: Հիվանդությանը բնորոշ է երկարատև քրոնիկ. ընթացքը, սակայն հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Բուժում է բժիշկը: Ժամանակին սկսած բուժման դեպքում հիվանդները լրիվ առողջանում են և երկար պահպանում աշխատունակությունը:

ԱՆՈԹԱԶԱՐԿ, պուլս, արյունատար անոթների պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ արյունը սրտից անոթների մեջ արտամղմամբ: Տարբերում են զարկերակային, երակային և մազանոթային Ա.: Առավել գործն. նշանակություն ունի զարկերակային Ա., որը սովորաբար շոշափվում է ճաճանչային զարկերակի շրջանում: Դրա համար ձեռքով բռնում են հետազոտվողի դաստակը՝ ճաճանչադաստակային հոդի շրջանը այնպես, որպեսզի բութ մատը տեղադրվի նախաբազկի թիկնային կողմում, իսկ մյուս մատերով սեղմում են առաջային մակերևույթի մաշկը, որտեղ շոշափվում է բաբախող ճաճանչային զարկերակը:

Առողջ մարդու Ա-ի հաճախությունը համապատասխանում է սրտի կծկումներին և կազմում է ր-ում 60-80 զարկ: Սրտի կծկումների հաճախացումը (ր-ում 90 զարկից ավելի) կոչվում է հաճախասրտություն, դանդաղեցումը (60 զարկից պակաս)՝ դանդաղասրտություն: Սրտի որոշ հիվանդությունների դեպքում Ա-ի հաճախությունը կարող է ավելի սակավ լինել սրտի կծկումների թվից (Ա-ի պակաս): Երեխաների Ա. ավելի հաճախ է, քան չափահասներինը, աղջիկներինը մի փոքր ավելի հաճախ, քան տղաներինը: Գիշերն Ա. ավելի դանդաղ է, քան ցերեկը:

Բնականոն պայմաններում Ա. հաճախանում է ֆիզ. լարվածության, նյարդահուզ. հակազդեցությունների դեպքերում: Հաճախասրտությունն արյան շրջանառության համակարգի հարմարվող. հակազդեցությունն է թթվածնի նկատմամբ՝ օրգանիզմի աճող պահանջի դեպքում, որը նպաստում է օրգանների և հյուսվածքների լավ արյունամատակարարմանը: Սակայն մարզված սրտի (օրինակ՝ մարզիկների) փոխհատուցող. հակազդեցությունն արտահայտվում է ոչ այնքան հաճախասրտության առաջացմամբ, որքան սրտի կծկումների ուժեղացմամբ, որն օրգանիզմի համար գերադասելի է: Սրտի, ներզատիչ գեղձերի, նյարդային և հոգեկան շատ հիվանդությունների, ջերմաստիճանի բարձրացման, որոշ թունավորումների ժամանակ նույնպես առաջանում է հաճախասրտություն: Դանդաղասրտությունը դիտվում է սրտի մի շարք հիվանդությունների, թունավորումների և որոշ դեղանյութերի ազդեցության դեպքերում:

Բնականոն վիճակում Ա. ռիթմիկ է, անոթազարկային ալիքները հաջորդում են միմյանց հավասար ժամանակահատվածներում: Սրտի ռիթմի խանգարումը կոչվում է անռիթմություն (տես Սիրտանոթային համակարգ), երբ անոթազարկային ալիքները միմյանց հաջորդում են ոչ հավասար ժամանակահատվածներում: Ա-ի հատկանիշներից է լեցունությունը, որը հիմնականում կախված է սրտի մղող կարողությունից՝ նրա կծկման (սիստոլայի) ընթացքում: Ա-ի լարվածությունը որոշվում է այն ուժով, որն անհրաժեշտ է զարկերակների նեղացման համար և կապված է զարկերակային ճնշման հետ: Ա-ի առանձնահատկությունների ուսումնասիրությունը բժշկին արժեքավոր տեղեկություն է տալիս հիվանդի առողջ. վիճակի մասին:

ԱՆՈԹԱԼԱՅՆԱՆՔ, անեվրիզմ, արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով: Ա. կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդությունների բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային Ա.: Ա-ի (առավելապես գլխուղեղի անոթների) ձևավորմանը նպաստում են նաև անոթային պատի բնածին արատները: Ըստ Ա-ի տեղադրման՝ տարբերում են զարկերակային, երակային և զարկերակաերակային (վերջին դեպքում զարկերակն ու երակը հաղորդակցվում են նեղ խողովակով), ըստ ձևի՝ ավելի հաճախ հանդիպում են իլիկաձև և պարկաձև Ա-ներ: Աորտայի Ա-ով ավելի