է հեղուկների հանդեպ երեխայի պահանջը, երեխան ագահորեն խմում է, նույնիսկ սովոր. սնունդը (մոր կաթը) մարսել չի կարողանում: Բացի նշվածներից, Մ. խ-մանը նպաստում է նաև ստամոքսաղիքային համակարգի անբավարար զարգացումը: Նկատվում են փսխում և որձկում, որոնց ժամանակ հեռանում է ավելցուկային կամ անհամապատասխան սնունդը: Հաճախ միանում է նաև լուծը, կղումը դառնում է հաճախակի (օրը՝ 5-10 անգամ): Կղանքը հեղուկ է՝ կանաչ, չմարսված սննդի գուղձերով: Որովայնը փքված է, առաջանում են տհաճ հոտով գազեր: Երեխան անհանգիստ է, ախորժակը՝ ընկած:
Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Մինչև բժշկի գալը 8-12 ժ անհրաժեշտ է ընդհատել երեխայի կերակրումը (թեյաջրային դադար): Այդ ժամանակ նրան տալ բավարար քանակությամբ (մարմնի քաշի 1 կգ-ին՝ 100-150 մլ) հեղուկ (եռացրած գոլ ջուր, թեյ): Բժիշկը նշանակում է անհրաժեշտ սննդակարգ և աստիճանաբար անցնում տարիքին համապատասխան սննդի: Սովոր. սննդին ժամանակից շուտ վերադարձը երբեմն սրում է հիվանդությունը:
Թունավոր Մ. խ-ման պատճառները նույնն են, ինչ հասարակինը, բայց նրանից էապես տարբերվում են թունավոր համախտանիշով: Թունավոր Մ. խ. կարող է առաջանալ նաև հասարակ ձևի ժամանակ՝ թեյաջրային դադարները չպահպանելու, երեխայի օրգանիզմ ներմուծած հեղուկների քանակի անբավարարության և բժշկի հանձնարարականները չկատարելու դեպքերում:
Մ. խ. հաճախ բնորոշ է անհաս, սնուցման խանգարումներով, ռախիտով, բորբոքահեղուկալորձնաբորբային նախատրամադրվածությամբ, տարբեր հիվանդություններ կրած և թուլացած երեխաներին:
Մ. խ. երբեմն առաջանում է հանկարծակի: Երեխայի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում է թորշոմած կամ անսովոր քմահաճ: Կղումը հաճախակի է, ցայտող: Մարմնի քաշն արագ պակասում է, ժամանակ առ ժամանակ երեխան կարող է կորցնել գիտակցությունը: Փսխումն ու լուծը հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Թունավոր նյութերը, որոնք գոյանում են սննդի անբավարար մարսումից, աղիքներում մանրէների բազմացումից, ներծծվում են արյան մեջ և առաջացնում լյարդի, նյարդային համակարգի ախտահարումներ: Դրանք արտակարգ վտանգավոր են վաղ մանկ. տարիքի երեխաների համար: Ծանր դեպքերում երեխայի հայացքն անթարթ է, հեռուն ուղղված, դեմքը՝ դիմականման: Աստիճանաբար բոլոր ռեֆլեքսները մարում են, երեխան դադարում է հակազդել ցավին, մաշկը գունատ է կամ մուգ կարմիր բծերով, անոթազարկը հաճախանում է, արյան զարկերակային ճնշումը՝ իջնում:
Թունավոր Մ.խ. վտանգավոր է երեխայի կյանքի համար, այդպիսի հիվանդները պահանջում են անհետաձգելի բուժօգնություն: Անհրաժեշտ բուժումն անհնար է տանը կատարել, ուստի երեխային անպայման հարկավոր է տեղափոխել հիվանդանոց: Մինչև հոսպիտալացումը պետք է կերակրումն ընդհատել, անհրաժեշտ է փոքր բաժիններով հեղուկներ (թեյ, եռացրած ջուր) տալ (10-15 ր 1 անգամ՝ 1-2 թեյի գդալ) կամ կաթոցիչով կաթեցնել բերանի մեջ:
Արտաաղիքային Մ. խ. սովորաբար ուղեկցում է որևէ հիվանդության: Հաճախ առաջանում է սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի, միջին ականջի բորբոքման (տես Ականջաբորբ) դեպքերում:
Մ. խ-ման ախտանշանները (լուծ, փսխում) առաջանում են հիմն. հիվանդության ախտանշաններին զուգահեռ: Բուժումն ուղղված է հիմն. հիվանդության դեմ:
Կանխարգելումը'. անհրաժեշտ է խստորեն պահպանել երեխայի կերակրման ռեժիմը (տես Կրծքի Երեխա, սնուցումը), չափից ավելի չկերակրել, աստիճանաբար և փոքր բաժիններով սննդի մեջ ավելացնել հյութեր, բանջարեղենի և մրգի խյուսեր, կաթնաշոռ, շիլաներ, ապուրներ ևն: Անհրաժեշտ է կանխել երեխայի գերտաքացումը (հագուստը պետք է համապատասխանի դրսի կամ բնակարանի ջերմաստիճանին): Հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անմիջապես դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Պետք է հիշել, որ հասարակ և թունավոր լուծին բնորոշ երևույթներից կարող են սկսվել տարբեր վարակիչ հիվանդություններ (դիզենտերիա, սննդային թունավարակում, ստամոքսաղիքաբորբ): Ուստի անհրաժեշտ է հիվանդ երեխայի տակաշորերը եռացնել և կանխել ընտանիքի մյուս երեխաների վարակումը: Չի կարելի երեխային դուրս բերել հիվանդանոցից մինչև լրիվ առողջանալը:
Տես նաև Մարսողական համակարգ, հիվանդություններ:
ՄԵԶ, մարդու և կենդանիների երիկամների արտազատուկ: Մ-ի միջոցով օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրը, աղերը, նյութափոխանակության վերջն. արգասիքները: Մ. պարունակում է ավելի քան 150 բաղադրատարր՝ միզանյութ, միզաթթու, կրեատինին, թրթնջկաթթու, հանքային աղեր, տարբեր թունավոր նյութեր ևն: Մ. սովորաբար թափանցիկ, բաց դեղնավուն, բնորոշ ամոնիակային հոտով հեղուկ է: Տես. կշիռը 1,001-1,040 է՝ պայմանավորված պինդ նյութերի առկայությամբ: Հասուն մարդու օրգանիզմում օրական արտադրվում է 1000-1800 մլ Մ., որն ունի թթվային կամ թույլ թթվային ռեակցիա: Ֆիզքիմ հատկությունները փոխվում են արտաքին գործոնների (օդի ջերմաստիճան և խոնավություն), ֆիզ. ակտիվության, խմելու և սնման ռեժիմի ազդեցությունից: Օրինակ՝ չոր սննդի կամ բարձր քրտնարտադրության (մարմնի կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանը տաք եղանակին) դեպքում Մ. ունի մուգ դեղին գույն և բարձր տես. կշիռ: Սննդի մեջ մեծ քանակությամբ մսեղեն, ընդեղեն, ձու օգտագործելը հանգեցնում է Մ-ի թթվայնացման, իսկ միայն կաթնաբուս. մթերքներով սնվելը՝ հիմնայնացման: Թթվահիմնային հավասարակշռության կտրուկ տեղաշարժերը կարող են հանգեցնել միզաքարերի առաջացման (տես Միզաքարային հիվանդություն): Որոշ սննդանյութերի և դեղերի ազդեցությունից Մ-ի գույնը փոխվում է (օրինակ՝ կարմրում է բազուկից ևն), որը ժամանակավոր բնույթ է կրում: Մ-ի ֆիզքիմ. հատկությունների փոփոխությունները վկայում են օրգանիզմում ընթացող խանգարումների մասին և մասամբ արտացոլում դրանց բնույթը: Օրինակ՝ մուգ դեղին կամ կանաչավուն Մ. դիտվում է լյարդի ֆունկցիայի խանգարման, կարմրավունը՝ միզային օրգանների լուրջ հիվանդությունների դեպքերում: Մ-ի մեջ սպիտակուցի առկայությունը նկատվում է երիկամների (տես Երիկամաբորբ), միզապարկի (տես Միզապարկի բորբոքում) բորբոքային հիվանդությունների, շաքարինը՝ շաքարախտի ժամանակ ևն: Ուստի Մ-ի հետազոտությունն ունի կարևոր նշանակություն շատ հիվանդությունների հայտնաբերման համար: Այն հնարավորություն է տալիս բացահայտել երիկամների ֆունկցիաների, ինչպես նաև տարբեր օրգանների ախտահարման հետ կապված նյութափոխանակության որոշ խանգարումները: Սովոր. կլինիկ. քննությունը կատարվում է բոլոր հիվանդությունների ժամանակ: Հետազոտվում են Մ-ի ֆիզ. և ընդհանուր հատկությունները (գույնը, հոտը, ռեակցիան, թափանցիկությունը, տես. կշիռը) և քիմ. կազմը (սպիտակուցի, բիլիռուբինի, շաքարի ևն որոշում), ինչպես նաև նստվածքի մանրադիտակային հետազոտությունը