Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ նպատակով որոշում են ֆերմենտային ակտիվությունը, հետազոտում արյան, մեզի, 12-մատնյա աղիքի պարունակության ֆերմենտները:

Առօրյա պրակտիկայում բժշկին վիճակվում է հանդիպել այնպիսի հիվանդների, որոնք ձգտում են հետազոտվել գոյություն ունեցող գործիքային բոլոր մեթոդներով, մյուսները, հակառակը, չեն կարողանում ազատագրվել իրենց առողջության համար վախից ու անհանգստությունից՝ կապված բազմաթիվ հետազոտությունների և դրանց պարբերաբար կրկնությունների հետ: 2 ծայրահեղություններն էլ վտանգավոր են: Հարկավոր է վստահել բժշկի հանձնարարականներին, որը կողմնորոշվում է լաբորատոր-գործիքային մեթոդների բազմազանության մեջ և ընտրում տվյալ հիվանդի համար անհրաժեշտը:

Մ. հ-ի հիվանդությունների բուժման բնագավառում նվաճվել են աներկբայելի հաջողություններ: Վարակիչ. բորբոքային հիվանդությունների դեմ պայքարը հակաբիոտիկների և հակաբորբոքային բազմաթիվ միջոցների, կորտիկոստերոիդային հորմոնների աճ դարձեող շարքի շնորհիվլ է ավելի արդյունավետ, ֆերմենտային պատրաստուկների օգտագործումը հնարավորություն է տվել վերացնել մարսողության, ներծծման խանգարումները, բարենպաստ ազդել փոխանակային գործընթացների վրա: Առաջարկվել են ստամոքսի և աղիքների հյութազատ. ու շարժող. ֆունկցիաների խանգարման ժամանակ լավ ազդեցություն ունեցող, լյարդը վնասակար ազդակներից պաշտպանող պատրաստուկներ: Կլինիկ. պրակտիկայում ներդրվել են հակաջղաձգային և ցավազրկող նոր դեղանյութեր, որոնք պետք է նշանակի միայն բժիշկը: Ինքնաբուժման դեպքում գոյություն ունի սուր հիվանդությունների հիմն. ախտանշանների ջնջման վտանգ, որը դժվարացնում է ախտորոշումը և ճիշտ բուժման ընտրությունը: Մ. հ-ի մի շարք հիվանդությունների (անանցանելիություն, թարախակույտ, ուռուցքներ, արյունահոսություն են) դեպքերում վիրահատ. բուժումը բժշկ. օգնության միակ ձևն է: Վիրաբուժ. շտապ օգնության անհրաժեշտությունը զգալիորեն կախված է անհետաձգելի վիճակներից. անհետաձգելի վիրահատություն պահանջող բարդություններից հատուկ տեղ է զբաղեցնում որովայնամզի բորբոքումը:

Մ. հ-ի քրոնիկ. հիվանդություններով տառապողների բուժման համար էական նշանակություն ունեն մասնագիտացված առողջավայրերը՝ հանքային ջրերով բուժման հնարավորություններով: Մ. հ-ի մի շարք հիվանդությունների դեպքերում կիրառվում է համալիր բուժում, որը, հանքային ջրերից բացի, ընդգրկում է նաև դեղաբան. տարբեր ազդեցությամբ դեղանյութեր, բուժական սնունդ, ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ և առողջավայրային այլ գործոններ: Առանձին հիվանդների մոտ բուժման մի տեսակը մյուսներից գերադասելու սովորությունը հիմնավորված չէ, անհիմն են և արդարացված չեն նաև առանձին հիվանդների պահանջները միայն խոտաբույսերով բուժվելու վերաբերյալ: Շատ բույսերի բուժիչ հատկությունները ոչ միայն չի վիճարկում բժշկագիտությունը, այլև լայնորեն օգտագործում է դրանք, որի վկայությունն է դեղատնային ցանցում դեղաբույսերի մեծ տեսականու առկայությունը: Օրինակ՝ լայն ճանաչում են գտել սրոհունդի, երիցուկի, դաղձի, կատվախոտի արմատների, չորածաղկի թուրմերն ու թեյերը: Իրենց նշանակությունը դեռևս չեն կորցրել մատուտակի և սրատերև աճալի պատրաստուկները (որպես լուծողականներ) կամ բուս. ծագման մի շարք լեղամուղները (ալոխոլ, խոլագոն, խոլենզիմ, ֆլամին ևն): Անթույլատրելի են միայն պատահականորեն ձեռքբերված, արտաքուստ տեսակային պատկանելությունը կորցրած տարբեր չորացրած բույսերով ինքնաբուժումը և հեքիմության ցանկացած ձևերը: Անգետ «հմուտ բժիշկների» ինքնագործունեությունը հիմնված է ոչ թե ֆիզիոլոգ. սկզբունքների, այլ խառնուրդի բաղադրամասերի պատահական ընտրության վրա: Ինքնաբուժումը Մ. հ-ի հիվանդություններով տառապողների շրջանում առավել տարածված է հիմնականում հիվանդության փուլայնության (սրացում և մեղմացում) պատճառով և համեմատաբար թեթև ձևերի դեպքում:

Սակայն «ժողովրդական» հռչակված մի շարք միջոցների վնասակարությունն ակնհայտ է: Չի արդարացվում սպիրտ պարունակող ըմպելիքների օգտագործումը քրոնիկ. ստամոքսաբորբի և հատկապես խոցային հիվանդության դեպքերում: Դրանց խաբուսիկ արդյունավետությունը, ըստ երևույթին, հիմնվում է ալկոհոլի ազդեցության 1-ին փուլում ցավազրկող հատկության վրա: Խելամիտ չէ նաև, երբ դեղնախտի տարբեր ձևերի ժամանակ նշանակում են «բուժիչ»՝ այդ թվում նաև ճզմած միջատներից պատրաստված ըմպելիքներ:

Երբեմն հիվանդները չափից ավելի են գերագնահատում ասեղնաբուժությունը, աղիքների լվացումը ևն՝ անտեսելով բուժ. սննդի նշանակությունը: Բուժ. սննդի հիմունքները հաճախ ենթարկվում են ոչ մասնագիտ. վերստուգման: Մոդայիկ սննդակարգերը, ցավոք, փոխանցվում են մեկից մյուսին՝ պատճենահանված: Մինչդեռ բուժ. սնունդը նշանակելիս պետք է հաշվի առնել հիվանդության ախտանունը և համապատասխան սննդամթերքի ու դրանից պատրաստված հատուկ կերակրատեսակների ընտրությամբ ապահովել օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջները: Մ. հ-ի օրգանների լորձաթաղանթների վրա սննդի տեղական ազդեցությունը պայմանավորված է ջերմային, մեխ. և քիմ. գործոններով: Առավել օգտակար են ստամոքսի խոռոչի ջերմաստիճանին (37-38°C) մոտ կերակրատեսակները: Հակադր. ջերմաստիճանով (10°C-ից ցածր կամ 60°C-ից բարձր) կերակրատեսակներն առաջացնում են լորձաթաղանթների գրգռում: Մեխ. ազդեցությունը կախված է սննդի ծավալից, թանձրությունից, մանրացման աստիճանից, ջերմային մշակման բնույթից: Քիմ. ազդեցությունը որոշվում է մի շարք սննդանյութերի (օրգ. թթուներ, արտակարգ ակտիվ նյութեր, եթերայուղեր, համեմունքներ, կերակրի աղ) կոնցենտրացիայով:

Կարևոր է նաև սննդի ընդունման հաճախությունը, ռիթմը, քանակը: Սննդակարգը բոլոր դեպքերում ընտրում է բժիշկը՝խիստ անհատականորեն:

ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ երեխաների, դիսպեպսիա, առաջանում է երեխային ոչ ճիշտ կերակրելիս, բնորոշվում է լուծով, փսխումներով և ընդհանուր վիճակի խանգարումներով: Հիմնականում հանդիպում է երեխայի կյանքի 1-ին տարում: Մ. խ. ընթանում է 3 ձևով՝ հասարակ, թունավոր և արտաաղիքային:

Հասարակ Մ. խ. առաջանում է կրծքով կերակրելու ժամանակ՝ սնման ռեժիմի հիմն. կանոնները խախտելիս, բժշկի խորհուրդները չկատարելիս: Ավելի հաճախակի կերակրումը, քան անհրաժեշտ է (հատկապես՝ մոր կաթի առատության դեպքում), կրծքով կերակրումից արհեստականի կտրուկ անցումը՝ առանց նախապատրաստվելու սննդի նոր տեսակներին, երեխայի տարիքին սննդի բաղադրության անհամապատասխանությունը հանգեցնում են Մ. խ-ման: Հաճախ այն առաջանում է երեխայի սննդի մեջ ժամանակից շուտ մրգային և բանջարեղենային ոչ միատարր խյուսի, չափից ավելի հյութերի օգտագործումից: Մ. խ-մանը նպաստում է նաև օրգանիզմի գերտաքացումը. այն կարող է լինել ամռան շոգ ամիսներին կամ բնակարանի ջերմաստիճանին երեխայի հագուստի անհամապատասխանության հետևանքով: Նման դեպքերում բարձրանում