մշակում, նրանց վրա սահմանում բժշկ. հսկողություն (հարցուփորձ, զննում, ջերմաստիճանի չափում): Հետազոտման ժամկետը հաշվվում է հիվանդի հետ շփումն ընդհատելու պահից և հավասար է գաղտնի շրջանի առավելագույն ժամկետին:
Առանձին հիվանդությունների (տուլարեմիա, մալարիա, լեպտոսպիրոզ ևն) դեպքերում անմիջական շփմամբ մարդը մարդուց չի վարակվում: Դրա համար այդպիսի հիվանդներին հոսպիտալացնում են միայն հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, եթե տանը հնարավոր չէ կազմակերպել համապատասխան խնամք: Գրիպի, քութեշի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, դիզենտերիայի և այլ դեպքերում բժիշկը կարող է հիվանդին թողնել տանը, եթե հնարավոր է նրան առանձին սենյակում տեղավորել, ճիշտ խնամք ապահովել, ռեժիմը պահպանել, վարակազերծում կատարել: Այդ բոլորը կարող է թույլատրել միայն բժիշկը, և իհարկե, այդպիսի բացառությունները վերաբերում են միայն առանձին բնակարան ունեցող հիվանդներին և անթույլատրելի են գիշերօթիկներում, հանրակացարաններում և այլուր:
Հիվանդացածներին բուժհիմնարկներից դուրս են գրում առողջանալուց հետո, երբ արդեն նրանց արտաթորանքում չեն հայտնաբերվում հիվանդությունների հարուցիչներ. դա հաստատվում է լաբորատոր հետազոտության օգնությամբ (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն):
ՄԵՂՐ, քաղցր, մածուցիկ սննդամթերք, որը մեղուները պատրաստում են մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից: Առավել արժեքավոր է բաց գույնի Մ. (լորենու, սպիտակ ակացիայի ծաղիկների ևն), մուգ տեսակներից տարածված է հնդկացորենի Մ.: Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր, որը հավաքում են որոշ ծառերի (կաղնի, կեչի, բարդի, լորենի ևն) տերևներից: Դա ունի ավելի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք:
Մ. բարձր սննդային կենսբ. և բուժիչ նշանակություն ունեցող սննդամթերք է: Հիմն. բաղադրիչը յուրացվող շաքարն է (խաղողաշաքարի և պտղաշաքարի խառնուրդը), որի պարունակությունը հասնում է 70 %-ի, և որի շնորհիվ Մ. ամենահեշտ յուրացվող սննդամթերքներից է: Չնայած բարձր սննդային և կենսբ. հատկություններին՝ խորհուրդ է տրվում Մ. օգտագործել չափավոր:
Մ-ի կարևոր բաղադրատարրերից են օրգ. թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտները (դիաստազ, կատալազ, ինվերտազ, լիպազ, ֆոսֆատազ) և վիտամինները (C, B2, B6, PP, K և E): Շաքարի փոխարեն Մ-ի օգտագործումը լավ է ազդում աղիքների վրա: Մ. լայնորեն կիրառվում է ժող. բժշկության մեջ (մեղրաբուժություն)՝ գերսառեցման և ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքերում: Բժշկի նշանակմամբ Մ. կարելի է օգտագործել ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդությունների ժամանակ:
Մ. լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում: Շաքարի բարձր պարունակության շնորհիվ այնտեղ մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր: Երբեմն թունավոր բույսերից (մրտավարդ, նազվարդ ևն) նեկտար հավաքելու դեպքում Մ. ունենում է թունավոր հատկություններ:
Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը (ապիլակ), ակնամոմը ևն: Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր, և ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ: Մեղվակաթը (աշխատող մեղուների գեղձերի արտազատուկը) ունի տոնուսը բարձրացնող ներգործություն, ազդում է զարկերակային ճնշման վրա: Թողարկվում է հաբերի ձևով: Ակնամոմը կամ մեղվասոսինձն օժտված է լավ արտահայտված հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսող. օրգանների, կանանց հիվանդությունների բուժման համար:
ՄԵՂՈՒՆԵՐ, խայթող թաղանթաթևավոր միջատներ: Տարածված են ամենուրեք, որտեղ կան ծաղկավոր բույսեր, որոնց հետ կենսաբանորեն սերտ կապված են: Հայտնի է Մ-ի մոտ 30 հզ. տեսակ, որոնց մեջ կան միայնակ և հաս.՝ ապրում են ընտանիքներով (մեղրատու կամ ընտանի, կրետներ ևն):
Ընտանի Մ-ի ընտանիքը բաղկացած է 1 մորից, 60-80 հզ. աշխատավոր Մ-ից (ձմռանը՝ 10-15 հզ) և մի քանի հարյուր արուներից (բոռերից), որոնք ընտանիքում հայտնվում են միայն ամռանը: Ընտանիքի բոլոր անդամները փոխադարձ կապված են և չեն կարող ինքնուրույն գոյություն ունենալ, քանի որ յուրաքանչյուրը կատարում է խիստ որոշակի ֆունկցիա: Մայր մեղուն դնում է ձվեր (օրական մինչև 2 հզ), որոնցից զարգանում են (կախված մեղրահացի բջիջներից և սնման բնույթից) մայրեր, աշխատավոր Մ. (բեղմնավորված ձվերից) և բոռեր (չբեղմնավորված ձվերից): Թրթուրներին և մայր մեղվին կերակրելու համար ձվադրման շրջանում աշխատավոր Մ-ի թքագեղձերում արտադրվում է մեղվակաթ: Աշխատավոր Մ. (թերզարգացած էգերը) կառուցում են մեղրահացի բջիջները, հավաքում նեկտար ու ծաղկափոշի, պատրաստում մեղր, պահպանում փեթակը, կերակրում թրթուրներին, այնտեղ ապահովում պահանջվող խոնավություն և ջերմություն:
Մեղրատու Մ-ին դեռ հնուց բազմացրել են՝ մեղր և ցողամեղր (թրթուրներին և ընտանիքին ձմռանը կերակրելու համար), մեղվակաթ, մոմ, ակնամոմ (կպչուն խեժանման նյութ, որով Մ. ծեփում են փեթակի պատերն ու անցքերը), մեղվաթույն ստանալու համար: Նշված նյութերից ակնամոմը, մեղվակաթը, մեղրը, մեղվաթույնը շատ վաղուց հայտնի են որպես բուժիչ միջոցներ: Օրինակ՝ ակնամոմն ունի հակամանրէային ազդեցություն, մեդվակաթը՝ արժեքավոր սննդային, իսկ մեղվաթույնը՝ հակաբորբոքային հատկություններ: Ակնամոմի և մեղվաթույնի պատրաստուկները պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ, այլապես դրանք կարող են հանգեցնել որոշ հիվանդությունների (օրինակ՝ լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի) սրացման. բացի այդ, մեղվաթույնը երբեմն առաջացնում է կյանքին վտանգ սպառնացոդ ծանր, ալերգ. հակազդեցություն (տես Ալերգիա):
Բնից հեռու Մ. հազվադեպ են խայթում, իսկ մոտակայքում հարձակվում են: Թունավորման աստիճանը կախված է խայթոցների թվից, տեղից, մեղվաթույնի նկատմամբ եղած ընկալունակությունից: Խայթած տեղում առաջանում է այրող ցավ, կարմրություն, այտուց: Երբեմն նկատվում է ընդհանուր ինքնաթունավորում: Անհրաժեշտ է շտապ հեռացնել խայթիչը և այդ հատվածը մաքրել էթիլային կամ անուշադրի սպիրտով, սառույց դնել: Թունավորման ծանր դեպքեր են լինում, երբ թույնը թափանցում է բերանի խոռոչի լորձաթաղանթ: Խորացող այտուցը կարող է տարածվել ըմպանի, բկանցքի վրա և առաջացնել շնչահեղձություն, ուստի անհապաղ պետք է դիմել բժշկի:
Տես նաև Թունավոր կենդանիներ: