Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանգարումների, իսկ հետագայում՝ նաև օրգանիզմում ազոտային փոխանակության նյութերի կասեցման:

«Վերջնական» մեզը հավաքվում է ավազանի մեջ, այնուհետև միզածորաններով անցնում միզապարկ և միզուկով հեռանում օրգանիզմից: Միզածորանը խողովակավոր օրգան է, որի պատը կազմված է հարթմկանային թելերից: Տրամագիծը 2-4 մմ է, միջին երկար.՝ 30 սմ: Թեքությամբ իջնելով փոքր կոնք՝ այն մտնում է միզապարկ: Այդ հատվածում գոյություն ունի ուժեղ մկանաթելերի խուրձ (սեղման), որը խոչընդոտում է մեզի հետհոսքը միզապարկից դեպի միզածորան:

Միզապարկը սնամեջ օրգան է, տարողությունը՝ 400 մլ, տեղադրված է փոքր կոնքի խոռոչում՝ ցայլային համաճոնից հետ, տղամարդկանցը՝ շագանակագեղձից վեր՝ սերմնաբշտերից, սերմնածորաններից և ուղիղ աղիքից առաջ, իսկ կանանցը՝ միզասեռ. ստոծանու վրա՝ արգանդից և հեշտոցից առաջ: Ունի գագաթ, մարմին, հատակ: Պատերը կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային: Մկանային շերտը լավ է զարգացած և կազմում է պատերի հիմն. զանգվածը: Մկանների կծկման շնորհիվ մեզը դատարկվում է: Մեզն օրգանիզմից հեռանում է միզուկով: Վերջինս խողովակավոր օրգան է, որով տղամարդկանց մոտ, մեզից բացի, արտահոսում է նաև սերմնացայտ խողովակներով եկող սերմնահեղուկը:

Կամային միզարձակումը բարդ, բազմափուլ գործընթաց է, որն իրականանում է նյարդային համակարգի տարբեր բաժինների մասնակցությամբ: Միզարձակման ցանկությունն առաջանում է միզապարկում 150 մլ-ից ավելի մեզի առկայության ժամանակ, նրա դատարկման սուր պահանջը՝ 300-400 մլ-ի դեպքում: Բնականոն պայմաններում, խմած ջրի քանակի հետ կապված, միզարձակումն օրվա ընթացքում լինում է 4-6 անգամ: Առատ հեղուկներ խմելիս միզարձակումը հաճախանում է, չոր սնունդ օգտագործելիս կամ գերքրտնոտության ժամանակ՝ սակավանում:

Մ.հ-ի հիվանդություններն ախտորոշելու համար լայնորեն կիրառում են հետազոտության գործիքային մեթոդները: Օպտիկ. սարքերի օգնությամբ ախտորոշում են երիկամների, միզածորանների, միզապարկի (միզապարկադիտում՝ ցիստոսկոպիա) և միզուկի (միզուկադիւոում՝ ուրեթրոսկոպիա) հիվանդությունները: Հետազոտման նպատակից կախված՝ օգտագործում են դիտելու, կաթետերացման և վիրահատ. միզապարկադիտակներ: Միզապարկադիտման ժամանակ կարելի է նաև միզապարկի խոռոչում քարաջարդում (լիթոտրիպսիա) կատարել, մանրադիտակային հետազոտման (կենսազննման) նպատակով միզապարկի պատի հյուսվածքի կտոր վերցնել, բուժ. և ախտորոշիչ այլ բուժարարողություններ կատարել:

Քրոմոմիզապարկադիտման մեթոդի կիրառմամբ (հետևելով միզածորանի բացվածքով արյան մեջ ներարկված ներկանյութի արտազատմանը միզապարկի մեջ) կարելի է որոշել երիկամների ֆունկցիոնալ վիճակը և միզածորանի անցանելիությունը: Միզածորանի և երիկամների կաթետերացումը (զննաձողի անցկացում) կիրառում են նորագոյացությունների, միզածորանի, ավազանի քարերի ախտորոշման, ինչպես նաև բուժիչ նպատակով՝ երիկամային խիթի նոպաների ժամանակ երիկամից մեզի հոսքը վերականգնելու, նեղացումների ժամանակ միզուկը լայնացնելու համար:

Ուրոլոգ. հիվանդությունների ախտորոշման համար կարևոր նշանակություն ունի ռենտգենաբան. հետազոտությունը՝ հատկապես հակադր. նյութերի կիրառմամբ: Մ.հ-ի առավել հաճախ հանդիպող և ծանր հիվանդությունների (քարեր, ուռուցքներ, երիկամի տուբերկուլոզ, միզապարկի և շագանակագեղձի ուռուցքներ, միզուկի նեղացումներ ևն) ժամանակ նման հետազոտությունները հնարավորություն են տալիս հայտնաբերել հիվանդության մի շարք կարևոր մանրամասներ: Միզուղիների հետազոտման ժամանակ որպես հակադր. նյութ օգտագործում են յոդ պարունակող միացություններ, որոնք օրգանիզմ են ներմուծվում ներերակային ճանապարհով կամ անմիջապես միզուղիներ ներարկելով:

Այնպիսի դեպքերում, երբ սովոր. ռենտգենաբան. մեթոդներով չի հաջողվում պարզել հիվանդության բնույթը, օգտագործում են երիկամի անոթագրությունը, այսինքն՝ հակադր. նյութն անմիջապես ներարկում են երիկամային անոթների (զարկերակ, երակ) մեջ: Այդ հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երիկամի անոթների վիճակը, նրա ֆունկցիան: Վերջին տարիներին միզուղիների հետազոտման ժամանակ կիրառում են բարձրտեղեկատվական և հիվանդին չծանրաբեռնող ռադիոիզոտոպային մեթոդներ:

Հիվանդությունները: Առավել տարածված են Մ.հ-ի բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ երիկամաբորբը, երիկամաավազանաբորբը, միզապարկի բորբոքումը և միզուկաբորբը: Տղամարդկանց մոտ գերակշռում է միզուկաբորբը, կանանց մոտ՝ միզապարկի և երիկամների բորբոքումները:

Երիկամի և ավազանի բորբոքման առաջացմանը նպաստող անբարենպաստ գործոններն են գերհոգնածությունը, գերսառեցումը, հյուծումը, օրգանիզմի պաշտպան. ուժերի նվազումը, թերվիտամինությունը, սեռ. և Մ.հ-ի մյուս օրգանների հիվանդությունները:

Գոյություն ունեն Մ.հ-ի բնածին հիվանդություններ, որոնք կարող են ուղեկցվել երիկամների ֆունկցիայի մասնակի կորստով և քրոնիկ. երիկամային անբավարարության առաջացմամբ, և, որպես կանոն, պահանջում են վիրահատ. բուժում:

Մ.հ-ի հիվանդությունները հաճախ ուղեկցվում են ցավերով, որոնք առավել հաճախ զգացվում են ախտահարված օրգանի (երիկամներ, միզածորաններ, միզապարկ, միզուկ, շագանակագեղձ և արտաքին սեռ. օրգաններ) շրջանում: Ուժեղ ցավերը հիմք չեն տալիս դատել հիվանդության բնույթի մասին, այլ առիթ են՝ հիվանդին անհետաձգելի օգնություն ցույց տալու և բժիշկ կանչելու համար: Դա 1-ին հերթին վերաբերում է նոպայաձև ընթացող սուր ցավերին, բութ ցավերի ժամանակ հիվանդները հազվադեպ են դիմում անհետաձգելի օգնության՝ չնայած նրանց