հետին մակերեսներ: Ներսային եզրի մեջտեղում երիկամն ունի փոսություն (դրունք), որը վերածվում է ոչ մեծ խոռոչի (ծոց): Այստեղ տեղադրված են խոշոր զարկերակներ և երակ, ավշային անոթներ, նյարդաթելեր, ինչպես նաև սնամեջ, բարակ պատերով գոյացություններ (երիկամի սկահակներ և ավազան), որոնց մեջ հավաքվում է երիկամներում արտադրված մեզը, ծոցի ամբողջ ազատ տարածությունը լցված է ճարպային հյուսվածքով:
Երիկամը կազմված է բուն հյուսվածքից (պարենքիմ) և 3-ական պատյաններից. ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային, և արտաքին՝ երիկամի փակեղ: Զարկերակը, երակը և ավազանից դուրս եկող միզածորանը կազմում են երիկամի ոտիկը:
Երիկամի կտրվածքի վրա երևում է նրա բուն հյուսվածքի 2 շերտ, արտաքին՝ ավելի մուգ (կեղևային), և ներքին (միջուկային), որն իրենից ներկայացնում է բրգեր՝ ավելի բաց գույնի կոնաձև գոյացություններ: Կեղևային նյութը ծածկում է բրգերի հիմքը, լցնում դրանց միջև եղած տարածությունը՝ գոյացնելով, այսպես կոչված, երիկամային սյուներ: Բրգերի գագաթներն ուղղված են դեպի երիկամպյին ծոցը, պտկաձև կլորացած են և կարծես ընկղմված են իրենց շրջապատող սկահակների մեջ: Գագաթներում գտնվում են մանր միզաբեր խողովակների բազմաթիվ անցքեր, որտեղից մեզի կաթիլները նախ լցվում են փոքր ու մեծ սկահակների, այնուհետև՝ երիկամների ավազանների մեջ:
Երիկամը կառուցվածքով միատեսակ գոյացությունների՝ նեֆրոնների համակարգ է. յուրաքանչյուր նեֆրոն երիկամի առանձին ֆունկցիոնալ միավորն է և կազմված է 2 մասից՝ երիկամային մարմնիկներից (մալպիգյան մարմնիկ) և միզային նուրբ խողովակիկներից: Երիկամային մարմնիկներն իրենց հերթին կազմված են մազանոթային կծիկից և դրան շրջապատող երկշերտ պատյանից: 2 երիկամներում նեֆրոնների թիվը հասնում է 2-2,5 մլն:
Միզագոյացման մասին ուսմունքը զարգացման երկար ճանապարհ է անցել և բազմաթիվ վիճաբանությունների առիթ տվել: Ժամանակակից հետազոտողների և կլինիցիստների մեծամասնությունն առաջնությունը տալիս է զտման-հետներծծման-արտազատման տեսությանը, ըստ որի՝ մեզի առաջացումն սկսվում է կծիկներում՝ զտման գործընթացներով: 2 երիկամներում 1 ր ընթացքում կծիկների մազանոթների միջոցով արյունից զտվում է մոտ 120 մլ հեղուկ, որը բաղադրությամբ արյան պլազմայի անսպիտակուց ուլտրազտվածքն է («առաջնային» մեզ): Անցնելով խողովակիկների համակարգով՝ կծիկային զտվածքը բավականաչափ փոխվում է, խողովակիկներում տեղի է ունենում ջրի, էլեկտրոլիտների, խաղողաշաքարի հետներծծում արյան մեջ (ռեաբսորբցիա), իսկ զտվածքի կազմի մեջ են մտնում խողովակիկային բջիջներով արյունից արտաթորվող նյութեր: Վերջն. արդյունքում երիկամներն արտազատում են հեղուկ, որի մեջ կուտակված են օրգանիզմից հեռանալու ենթակա նյութեր («վերջնական» մեզ):
Կծիկում տեղի ունեցող զտումն ավարտվում է արյան ներմազանոթային ճնշման ազդեցությամբ, այդ պատճառով, զարկերակային ճնշումից կախված, կծիկային զտման ծավալը կարող է մեծանալ կամ փոքրանալ: 77 մմ ս.ս-ից ցածր զարկերակային արյան ճնշման դեպքում մեզի արտադրությունն ընդհատվում է: Կծիկային զտման ծավալը կախված է նաև երիկամային արյան շրջանառությունից: Եթե հաշվի առնենք, որ մեզի արտադրության համար նյութ է ծառայում արյան պլազման, ապա հասկանալի կդառնան երիկամի արյան շրջանառության առանձնահատկությունները, որոնցով նա տարբերվում է մյուս օրգաններից: Կազմելով մարմնի քաշի 1 %-ից ոչ ավելին՝ երիկամներն ստանում են արյան րոպեական ծավալի 20-25 %-ը, որը համարյա 20 անգամ գերազանցում է մյուս օրգանների արյան շրջանառությանը: Արյան հոսքի պակասն ուղեկցվում է մեզի արտադրության կրճատմամբ:
Երիկամները, լինելով արտազատ. օրգան, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները (միզանյութ, կրեատինին, միզաթթու), աղերի ու ջրի ավելցուկը, ինչպես նաև տարբեր օտարածին նյութեր: Բայց երիկամների այդ ֆունկցիան հիմնականը չէ. նրա գործունեության մեջ գլխավորը ջրաէլեկտրոլիտային փոխանակությունն է, որի շնորհիվ պահպանվում են օրգանիզմի կարևորագույն հաստատունները (արյան և մարմնի հեղուկների ծավալն ու օսմոտիկ ճնշումը): Այդ գործընթացը գտնվում է 2 հորմոնների՝ ալդոստերոնի (արտադրվում է մակերիկամի կեղևային շերտում) և ստորին մակուղեղի (հիպոֆիզ) հետին բլթի անտիդիուրետիկ հորմոնի (ԱԴՀ) ազդեցության տակ: Ալդոստերոնը հատուկ ֆերմենտների օգնությամբ ավելացնում է խողովակիկներում նատրիումի հետներծծումը, որը հանգեցնում է մարմնի հեղուկներում օսմոտիկ ճնշման բարձրացման: Դրա հետևանքով հյուսվածքներում գտնվող օսմոընկալիչներից ներգրավվում են ռեֆլեքսային հակազդեցություններ, ուժեղանում է ԱԴՀ արտադրությունը, որն ավելացնում է ջրի հետներծծումը խողովակիկներում՝ հանգեցնելով օսմոտիկ հավասարակշռության:
Երիկամներն օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռության հիմն. կարգավորիչն են: Ջրածնային իոնների առաջացման և ամոնիակի սինթեզման շնորհիվ նրանք չեզոքացնում են երիկամների խողովակիկների հեղուկում պարունակվող տարբեր քիմ. միացությունների թթվային ռադիկալները: Դա նպաստում է օրգանիզմում հիմնային նյութերի պահպանմանն ու թթվային ռադիկալների հեռացմանը:
Երիկամների ֆունկցիայի խանգարումը նշանակում է, որ դրանք կորցրել են մեզի ծավալը, կոնցենտրացիան և բաղադրությունը փոխելու ունակությունը՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան: Դա 1-ին հերթին հանգեցնում է ջրաաղային փոխանակության և թթվահիմնային հավասարակշռության ծանր