Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոփում մաքուր օդում: Մաքուր թարմ օդն անհրաժեշտ է ցանկացած տարիքի, հատկապես սուր շնչառ. հիվանդություններով հաճախակի հիվանդացող և չափից ավելի պահպանված՝ տաք փաթաթած, տաք ջրով լվացված երեխաների համար: «Կանխարգելման» այդպիսի միջոցները ոչնչով հիմնավորված չեն և միայն վնասում են երեխային: Ձմռանը երեխայի սենյակը պետք է օդափոխել օրը 3-4 անգամ, իսկ ամռանը՝ պատուհանը կամ օդանցքը մշտապես բաց թողնել: Սենյակն անպայման պետք է օդափոխել նաև քնելուց առաջ: Ձմռանը Ն.տ-ի երեխաները պետք է մաքուր օդում անցկացնեն օրը 3-4 ժ, իսկ ամռանը՝ օրվա մեծ մասը: Հագուստն ընտրում են զբոսանքի բնույթից և եղանակից կախված:

Օդում կոփման տարրերից են օդային և արևային լոգանքները: Ձմռանն օդային լոգանքներն անցկացնում են լավ օդափոխած շինությունում: Սկզբն. ջերմաստիճանը պետք է լինի 19° C-ից ցածր, աստիճանաբար (3-4 օրը 1°-ով) նվազեցնելով՝ հասցնել մինչև 15-16° C: 1-ին օդային լոգանքի տևողությունը պետք է լինի 5-10 ր, աստիճանաբար ավելացնելով՝ հասցնել մինչև 30-40 ր: Թուլակազմ երեխաներին կոփելիս արարողության սկզբում մերկացնում են միայն վերին վերջույթները, 1 շաբաթից՝ մինչև գոտկատեղը: Ամռանն օդային լոգանքներն անցկացնում են մաքուր օդում, ստվերում՝ 18° C-ում: Սկսում են 5-10 ր-ից և աստիճանաբար հասցնում 2-3 ժ: Լոգանքների ընդունման լավագույն ժամանակն առավոտյան ժամը 8-12-ն է: Ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը դրանք պետք է զուգակցել շարժուն խաղերով կամ ֆիզ. վարժություններով, կարելի է ընդունել օրը 1-2 անգամ:

Արևային լոգանքներն ընդունում են շատ զգույշ՝ արևահարումից (տես Ջերմահարություն), գերտաքացումից, մաշկի այրվածքներից և աչքերի հիվանդություններից խուսափելու համար: Անպայման պետք է գլխարկ դնել: Լոգանքը (լավագույն ժամանակը ժամը 10-12-ն է) ընդունում են օրը 1 անգամ՝ նախաճաշից 1-2 ժ հետո: Ընդ որում՝ օդի ջերմաստիճանը ստվերում պետք է լինի 18-20° C-ից ոչ ցածր: 1-ին արևային լոգանքի տևողությունը մինչև 2 ր է՝ 1 ր՝ փորի վրա, 1 ր՝ մեջքի վրա պառկած: Այնուհետև, 2-3 օրը մեկ տևողությունն ավելացնելով 1 ր-ով, հասցնել 30 ր: Արևային լոգանքից հետո երեխային տեղափոխել ստվերոտ տեղ և կատարել ջրային արարողություններ (ջրցողում, ջրով շփումներ կամ լողացնել 30-36° C ջերմաստիճանի ջրով):

Կոփում ջրով: Ջրային արարողություններն ուժեղ են ազդում երեխայի օրգանիզմի վրա, ուստի դրանք զգույշ և աստիճանաբար պետք է անցկացնել: Սկսում են ամենապարզից՝ լվացվելուց, շփումներից, ոտքերը լվանալուց ևն:

Երեսը, պարանոցը, կրծքի վերին մասը, վերին վերջույթները մինչև արմունկները լվանալիս ջրի ջերմաստիճանը սկզբում պետք է լինի 30° C: Յուրաքանչյուր 1-2 օրը մեկ այն նվազեցնելով 1°-ով՝ հասցնել 16-14° C: Այնուհետև կարելի է լվանալ մինչև գոտկատեղը, սկզբում ջրի ջերմաստիճանը՝ 36° C, աստիճանաբար նվազեցնել մինչև 18-20° C:

Շփումն անցկացնում են ջրով թրջած խավոտ սրբիչի ծայրով, այնուհետև մաշկը չորացնում չոր փափուկ սրբիչով՝ մինչև կարմրելը: Դա կատարում են աստիճանաբար. սկզբում շփում են մի ձեռքը, չորացնում չոր սրբիչով, այնուհետև՝ մյուսը և անցնում կրծքին, որովայնին և ոտքերին: Ջրի ջերմաստիճանը սկզբում պետք է լինի 32-33° C, այնուհետև, շաբաթը 1°-ով նվազեցնելով, հասցնել մինչև 18-20° C: Ոչ երկարատև ընդհատման դեպքում շփումը պետք է վերսկսել ջրի նույն ջերմաստիճանից, ինչ վերջին անգամ էր: Արարողության տևողությունը՝ մինչև 4-5 ր:

Շփումները սկսելուց 1,5 ամիս հետո կարելի է անցնել ավելի ուժեղ ջրային արարողության՝ ջրցողման (ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը): Ամռանը ցանկալի է կատարել բաց օդում, ստվերում՝ 18° C-ում (ցնցուղով, սափորով ևն): Սկզբում ջրցողում են պարանոցը, այնուհետև կուրծքը, կողքերը, մեջքը ևն: Ջրի ջերմաստիճանը սկզբում՝ 35-36° C, այնուհետև, 3-4 օրը 1°-ով նվազեցնելով, հասցընել մինչև 20-22° C: Երեխայի գլուխը պետք չէ ջրցողել: Ջրցողելուց հետո մաշկը չորացնել խավոտ սրբիչով՝ մինչև թեթևակի կարմրելը, ընդ որում՝ շարժումը պետք է ուղղված լինի ձեռքերից ուսերը, ոտնաթաթերից՝ ազդրերը: Արարողության տևողությունը չպիտի գերազանցի 2 ր: Ձմռանը ջրցողումն անցկացնում են լոգարանում՝ նույն կարգով: Քնելուց առաջ 1 ջրային արարողություն ևս կարելի է կատարել՝ ոտքերը լվանալ: Ջրի սկզբն. ջերմաստիճանը՝ 33° C, նվազեցնելով (2-3 օ- րը 1°-ով)՝ հասցնել 16-18° C:

Լողանալու ժամանակ օդային և արևային լոգանքները զուգակցում են ջրային արարողությունների հետ, որը բարերար ազդեցություն է ունենում երեխայի օրգանիզմի վրա: Կարելի է լողանալ օդի 24-25° C և ջրի 22-23° C ջերմաստիճանների պայմաններում (քամու առկայության դեպքում խորհուրդ չի տրվում), անպայման ուտելուց գոնե 1 ժ հետո: Պետք է հետևել, որ երեխան ջրում շատ շարժվի: Լողանալու տևողությունը 2-3 ր-ից աստիճանաբար հասցնել 10-15 ր:

Աստիճանաբար ամբողջ կոփման արարողությունը երեխան պետք է ինքնուրույն կատարի:

Նախապատրաստում դպրոցին: Երեխայի համար դա կարևոր փուլ է: Դպրոցի շեմից ներս մտնելիս նա արդեն ինքնուրույն պիտի լինի, կարողանա հագնվել, դպրոց գնալ, դասամիջոցներին լվացվել և նախաճաշել, վերադառնալ դպրոցից և ժամանակին դասերը պատրաստել: Դպրոցում երեխայի հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա ջանասիրությամբ: Երեխաների մոտ պետք է զարգացնել և դաստիարակել հետաքրքրություն, հարցասիրություն ևն: Պարապմունքները չպետք է ստիպողական լինեն, ցանկալի է դրանք ժամանակավորապես հետաձգել՝ մինչև երեխայի մոտ դրանց նկատմամբ հետաքրքրություն առաջանալը: Շատ կարևոր է հետաքրքրություն արթնացնել աշխատանքի նկատմամբ, սովորեցնել ինքնուրույն լվացվել, հագնվել, հավաքել անկողինը և աշխատանքային (խաղի) անկյունը: Պակաս կարևոր չէ նաև ծնողների օրինակը:

Գրաճանաչության սկզբն. աստիճանը բառի հնչյունային վերլուծությունն է, այսինքն՝ երեխային պետք է սովորեցնել լսել և տարբերել բառերի հնչյունները: Դա նրան կօգնի գրել և կարդալ: Հնչյուններն անհրաժեշտ է առանձնացնել և դանդաղ արտասանել: Եթե երեխան չի սովորել հնչյունները տարբերել, ապա հետագայում նա գրավորի ժամանակ բացթողումներ կանի: Խոսքի հնչյունների նկատմամբ մանկուց դաստիարակված ուշադրությունն օգնում է յուրացնել ոչ միայն քերականական բարդ կանոնները, այլև մայրենի լեզվի կառուցվածքը, դառնալ գրագետ և բարեկիրթ մարդ:

Երեխայի հետ թվաբանություն պարապելիս անհրաժեշտ է օրինակները վերցնել կյանքից: Նրան սովորեցնել առարկաները դասավորել ձախից աջ՝ որոշ չափով նախապատրաստելով գրելուն: Նախադպրոցականների հետ պարապելիս պետք է թվին ավելացնել կամ դրանից հանել ոչ թե 2, 3 կամ 4, այլ միայն 1, որը կօգնի հասկանալու այդ թվի արժեքը:

Գրելուն շատ է օգնում նկարչությունը, դրանով մարզվում է երեխայի ձեռքը: Կարևոր է, որ երեխան ինքը նկատի առարկայի տարբեր մասերի նմանությունն ու տարբերությունը: Նկարչությունն օգնում