տարիքին համապատասխան կամ եղածն առավելագույնս հարմարեցնել (օրինակ՝ ոտքերի տակ աթոռակ դնել, նստատեղը բարձրացնել, որպեսզի արմունկներն ազատ հենվեն սեղանին ևն): Տափակաթաթության կանխարգելման նպատակով երեխային սովորեցնում են հագնել ոչ բարձր կրունկներով կոշիկ:
Շատ կարևոր է երեխային սովորեցնել անձն. հիգիենայի կանոնները, դաստիարակել մաքրասիրություն: Երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն լվացվել, մաքրել ատամները: Օճառը, սրբիչը և հարդարանքի մյուս պարագաները պետք է դնել երեխային հասանելի տեղում: Երեխային լողացնել միայն մանկ. օճառով ու շամպունով: 3-4 տարեկանում պետք է լողացնել շաբաթը գոնե 2 անգամ, իսկ 4-5-ում շաբաթը 1 անգամ: Ջրի ջերմաստիճանը՝ 37-39° C, տևողությունը՝ 15-20 ր:
Ռեժիմ: Երեխայի համար պետք է սահմանել օրվա մշտ. ռեժիմ և այն խիստ պահպանել: Դա նպաստում է ոչ միայն նրա ճիշտ և ներդաշնակ զարգացմանը, այլև սովորեցնում է կարգապահություն, ձևավորում պատասխանատվության զգացում: Մինչև 6 տարեկան երեխան ցերեկը պետք է քնի օրը 1 անգամ: Նրան գիշերային քնի պետք է նախապատրաստել աստիճանաբար՝ խաղից հետո հանգստացնել, հետևել երեկոյան հարդարանքին ևն: Պարտադիր օդափոխել ննջասենյակը:
Ֆիզիկական դաստիարակության: Ն.տ-ի երեխայի հետ ֆիզ. վարժությունները կատարվում են շարժումների նմանակման և խաղերի տեսքով: Ամռանը ցանկալի է պարապել բակում, այգում, ցուրտ եղանակներին՝ լավ օդափոխված (բաց օդանցքով) սենյակում: Պարապմունքների բազմազանության և հետաքրքրաշարժության համար օգտագործում են գնդակներ, դրոշակներ, սանդուղքներ, օղակներ, նստարաններ ևն: Երեխայի հետ ֆիզ. վարժությունները ցանկալի է կատարել առավոտյան՝ գիշերային քնից հետո, կարելի է նաև ցերեկը՝ նախաճաշից կամ ցերեկային քնից 1,5-2 ժ հետո: Եթե ծնողները պարապմունքների համար ժամանակ են գտնում միայն երեկոյան, ապա դրանք պետք է անցկացնել քնելուց գոնե 1 ժ առաջ:
Ուրախ ձայներանգը, կատակը, ծիծաղը, մեծերի ակտիվ մասնակցությունը խաղին միշտ գրավում են երեխային: Քանի որ փոքր երեխաները շարժուն են և միևնույն դիրքում երկար չեն մնում, ուստի ելման դրությունները պետք է դարձնել կանգնած, նստած, պառկած ևն: Շարժումները պետք է կրկնել 2-3-ից մինչև 5-6 անգամ: Դժվար վարժություններից հետո անհրաժեշտ է կարճատև (30-60 վրկ) դադար: Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պետք է ցուցաբերել անհատ. մոտեցում՝ հաշվի առնելով նրա շարժող. ունակությունները, և հետևել, որ նա չհոգնի: Վարժություններն աստիճանաբար փոխարինվում են ուրիշներով, կատարում են առավոտյան վարժություններ՝ խաղեր: Պարտադիր են նաև շարժուն խաղերը, հատկապես ամռանը՝ մաքուր օդում: Խաղերը նպաստում են երեխաների ոչ միայն ֆիզ. և շարժող. ունակությունների զարգացմանը, այլև դաստիարակում են կամք, ձևավորում են որոշ բարոյական որակներ և երեխայի անձը: 3-4 տարեկան երեխաների համար ընտրում են պարզ և կոնկրետ բովանդակության խաղեր: 5-6 տարեկանում դրանք բարդացնում են՝ ներառելով մրցակցության տարրեր: 6-7 տարեկան երեխաների համար խաղերը պետք է պարունակեն տարբեր և բարդ շարժումներ՝ վազք, մագլցում, ցատկ, ընդ որում պետք է հասնել դրանց ճիշտ կատարմանը և կատարած գործողությունների վերջն. արդյունքով շարժել երեխայի հետաքրքրությունը: Հաճախ երեխաները խաղում են իրենց հնարած խաղերը, որոնք, որպես կանոն, բավական շարժուն են, և կարիք չկա սահմանափակել դրանք, հետևել յուրաքանչյուր շարժմանը: Այդպիսի խաղերը զարգացնում են ստեղծագործ. նախաձեռնություն, ինքնուրույնություն, վստահություն:
Ն.տ-ից սկսում են երեխաներին սովորեցնել լողալ, չմուշկներով, դահուկներով, սահնակով սահել, հեծանիվ քշել: Դա նրանց մեծ բավականություն է պատճառում, ֆիզիկապես զարգացնում, ամրապնդում է առողջությունը, դարձնում համարձակ, համբերատար և համառ: Լողալ սովորեցնել խորհուրդ է տրվում 4-5 տարեկանից, աստիճանաբար, սկզբում սովորեցնում են չվախենալ ջրից, ոչ խորը տեղերում ազատ շարժվել, այնուհետև գլխով սուզվել, լողալ ռետինե խաղալիքներով և միայն հետո ձեռքերի ու ոտքերի համաձայնեցված շարժումներով:
Չմուշկներով սահել կարելի է 5-6 տարեկանից: Այստեղ նույնպես անհրաժեշտ է հաջորդական և աստիճանական ուսուցում: Երեխաներին սկզբում պետք է սովորեցնել չմուշկների վրա միայն կանգնել, մեծերի օգնությամբ սահել, այնուհետև ինքնուրույն շարժվել, շրջադարձեր կատարել ևն:
Երեխաները ինքնուրույն կարող են սահնակով սահել 3-4 տարեկանում, պետք է սկսել ոչ բարձր բլրակից կամ թույլ զառիկող լանջից: Երեխային մեծերը պետք է սովորեցնեն սահնակով կառավարման ձևեր և մասնակցեն սահելուն:
3-4 տարեկանից արդեն կարելի է սովորեցնել դահուկներով սահել, որոնց երկարությունը պետք է համապատասխանի վերին վերջույթը վեր ձգած վիճակով երեխայի հասակին, իսկ ձեռնափայտերը հասնեն մինչև անութները:
Երեխային հեծանիվ քշել սովորեցնում են 3 տարեկանից: Սկզբում գերադասելի է 3-ակնանի, իսկ 5 տարեկանից՝ 2-ակնանի: Հեծանվի չափերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին: Վնասվածքներից խուսափելու համար հեծանվի վրա հետևել երեխայի դիրքին՝ ոտքերը պետք է ազատ հասնեն ոտնակներին, իսկ ղեկն այնքան բարձրացնել, որ մեջքն ուղիղ լինի:
Մարզ. զվարճանքները երեխային ամրապնդում են ոչ միայն ֆիզիկապես, այլև կոփում են:
Կոփում: Ճիշտ կոփման դեպքում աստիճանաբար մշակվում են շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունները (հիմնականում շոգը և ցուրտը) թեթև տանելու ունակություն: Կոփումը նպաստում է երեխաների կամքի ուժի, դիմացկունության ձևավորմանը և կանխում է տարբեր հիվանդություններ: Սակայն բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ պահպանել կոփման հիմն. կանոնները: Բոլոր արարողությունները պետք է համապատասխանեն երեխայի տարիքին, եթե սկսել են, ապա դրանք պետք է անցկացվեն մշտապես, կանոնավոր, միևնույն ժամին, օրգանիզմի վրա ազդեցության (ջերմաստիճան, ժամանակ ևն) ուժն ու ուժգնությունը պետք է փոխել զգույշ և աստիճանաբար՝ ուշադիր հետևելով երեխայի ինքնազգացողությանը, պարբերաբար խորհրդակցել բժշկի հետ:
Խիստ մրսելու (դող, սարսուռ, մաշկի վրա «մրջյունների սողալու» զգացողություն, շրթունքների կապտում) կամ խիստ շոգելու (թուլություն, գլխացավ, դեմքի կարմրություն, ուժեղ քրտնարտադրության) ժամանակ արարողությունը պետք է անմիջապես դադարեցնել: Խիստ մրսելու դեպքում երեխային պետք է տաքացնել, շփել փափուկ սրբիչով, տալ տաք ըմպելիք: Խիստ շոգելու դեպքում տեղափոխել ստվերոտ տեղ, շփել խոնավ սրբիչով կամ 30-36° C ջերմաստիճանի ջրով լողացնել, գլխին գցել խոնավ սրբիչ, հետագա արարողությունները դադարեցնել մինչև բժշկի հետ խորհրդակցելը:
Կոփման հիմն. գործոններն են արևի ճառագայթները, ջուրը և մաքուր օդը: