հարկավոր է դիմել մանկաբարձ. միջամտությունների: Նման անհամապատասխանություն կարող է ի հայտ գալ նաև կոնքի բնականոն չափերի դեպքում, եթե պտուղը շատ խոշոր է (այսպիսի դեպքերն անվանում են կլինիկորեն Ն.կ.):
Ն. կ-ի և խոշոր պտղի դեպքում կնոջը ծննդաբերությունից 2 շաբաթ առաջ ուղարկում են ծննդատուն՝ ախտաբան. հղիության բաժանմունք: Ժամանակին հոսպիտալացնելիս հաջողվում է խուսափել մի շարք բարդություններից:
Ն. կ. կարող է լինել ինֆանտիլիզմի (սեռ. օրգանների թերաճում), ռախիտի, կոնքազդրային տուբերկուլոզի և այլ հիվանդությունների հետևանք: Վերջիներիս ժամանակ առաջանում են կոնքի տարբեր ձևախախտումներ: Դրա համար Ն. կ-ի կանխարգելման հարցում մեծ նշանակություն է տրվում աղջիկների սեռ. զարգացումը կասեցնող վարակիչ և մանկ. այլ հիվանդությունների դեմ պայքարին: Հատկապես կարևոր է ռախիտի կանխարգելումը:
ՆԵՅՐՈԴԵՐՄԻՏ, տես Նյարդամաշկաբորբ:
ՆԵՎՐԱԼԳԻԱ, տես Նյարդացավ:
ՆԵՎՐԱՍԹԵՆԻԱ, տես Նյարդաթուլություն:
ՆԵՎՐԻՏ, տես Նյարդաբորբ:
ՆԵՎՐՈԶՆԵՐ, նյարդահոգեկան դարձելի հիվանդությունների խումբ, որոնք պայմանավորված են հոգեկան գերլարվածությամբ: Դրսևորվում են նյարդահոգեկան տարբեր խանգարումներով:
Ն. լայնորեն տարածված հիվանդություն են: Հեշտությամբ հիվանդանում են թույլ նյարդային համակարգ ունեցող անձինք: Նյարդային համակարգի բնածին թուլությունը կարող է պայմանավորված լինել հղիության տոքսիկոզներով և մոր ծննդաբերության ախտաբանությամբ, իսկ ձեռքբերովի Ն.՝ վաղ մանկ. տարիքում կրած վնասվածքներով ու հիվանդություններով: Նյարդային համակարգի թուլության և անձի առանձնահատկությունների (որոնց ֆոնի վրա հաճախ առաջանում են Ն.) ձևավորմանը նպաստում է վաղ մանկ. տարիքում երեխայի սխալ դաստիարակությունը: Որոշ դեպքերում կոպտորեն ճնշվում են երեխայի շահերը, հաշվի չի առնվում նրա անհատականությունը, մշտապես նվաստացնում են նրան, որի հետևանքով երեխան դառնում է երկչոտ, ամաչկոտ, իր ուժերի նկատմամբ անվստահ, անվճռական, դրանք դժվարացնում են միջավայրին հարմարվելը և հասակակիցների հետ հաղորդակցվելը: Այլ դեպքերում երեխայի զարգացման վրա կործանարար ազդեցություն է թողնում երեխային որպես ընտանիքի «կուռք» դիտելը, որին ամեն ինչ թույլատրվում է, և բավարարվում ամենաչնչին ցանկությունը: Երեխային ներշնչում են, որ նա օժտված է արտասովոր ընդունակություններով, գեղեցկությամբ: Նման դեպքերում երեխայի մոտ չեն առաջանում աշխատելու ցանկություն, դժվարությունները հաղթահարելու կարողություն, նպատակաուղղվածություն և հաստատակամություն, այլ՝սեփական անձի գերագնահատման դրսևորում: Դառնալով հասուն և մտնելով ինքնուրույն կյանք՝ այդպիսի մարդիկ մեծ պահանջմունքների և օբյեկտիվորեն փոքր հնարավորությունների անհամապատասխանության հետևանքով հաճախակի ունենում են ծանր ընդհարումներ: Չափից ավելի խստությունը կամ ավելորդ հոգատարությունը նպաստում են անվճռականության, խռովահուզության, կասկածամտության և բնավորության այլ գծերի ձևավորմանը, որոնք դժվարացնում են արտաքին միջավայրին հարմարվելը:
Մարդկանց մեծամասնության կյանքի ընթացքում, որոշակի իրադրություններում, կարող են առաջանալ Ն. հիշեցնող վիճակներ: Օրինակ՝ մարդը, որևէ կարևոր իրադարձության սպասելով, հուզ. լարվածություն, մտահոգություն, անհանգստություն է ապրում, որն ուղեկցվում է սրտխփոցով, քրտնոտությամբ, ամբողջ մարմնի դողով, դեմքի գերարյունությամբ կամ գունատությամբ, փութկոտությամբ: Առողջ մարդկանց մոտ, երբ իրադրությունը լուծում է ստանում, այդ երևույթները վերանում են: Ն-ով հիվանդի զգացողությունները պահպանվում են մշտապես, երկար ժամանակի ընթացքում:
Ն. դասվում են հոգեկան հիվանդությունների շարքը, այսինքն առաջանում են հոգեկան վնասվածքի հետևանքով: Դրանց անմիջական պատճառ կարող են դառնալ ընկճվածությունը, վիրավորանքը, վախը, վիշտը, հուսահատությունը, անելանելիության զգացումը և հոգեկանը վնասող այլ ապրումներ ու իրադրություններ: Այդպիսի ապրումները որևէ հիվանդությունից թուլացած կամ գերհոգնած, հարազատի առողջության կամ ընտանիքի բարեկեցության համար անհանգստացած անձանց կարող են հանգեցնել Ն-ի: Հիվանդները սովորաբար պահպանում են իրադրությունը ճիշտ գնահատելու և իրենց վարքագծով այն ղեկավարելու ունակությունը: Հաճախ Ն-ի դրսևորումներում գերակշռում են ներքին օրգանների խանգարումները, որոնք պայմանավորված են դրանց գործունեության նյարդային կարգավորման խախտմամբ: Նման խանգարումները կարող են ընկալվել որպես ծանր հիվանդության ախտանշաններ օրինակ՝ սրտխփոցը և սրտի շրջանում տհաճ զգացողությունները՝ որպես սրտամկանի ինֆարկտի, ստամոքսի ցավերն ու կծկանքը՝ որպես քաղցկեղի ախտանշաններ ևն: Տանջող վախը վտանգավոր հիվանդության հանդեպ հիվանդին ստիպում է դիմել մեկ այս, մեկ այլ բժշկի: Այլ հիվանդների հետ շփվելիս և հիվանդության մասին խոսելիս վախն ուժեղանում է, որն իր հերթին առաջացնում է վեգետատիվ նոր խանգարումներ՝ հիվանդության թվացող անբուժելիության ծանր ապրումներ: Թեկուզ Ն-ի դրսևորումները, որպես կանոն, դարձելի են, սակայն դրանց ի հայտ գալն ու անհետանալը հիվանդի կամքից անկախ են: Հիվանդը չի կարողանում իրեն տիրապետել և բժիշկմասնագետի օգնության կարիք է զգում: Նման դեպքերում հուզ. լարվածությունն ու հոգեկան խռովքը հաճախ խանգարում են հիվանդին շարադրել իր գանգատներն ու երկյուղը, իսկ կեղծ ամոթն ու վախը՝ դիմել հոգեբույժի:
Ըստ կլինիկ. դրսևորումների՝ տարբերում են նյարդաթուլություն կամ ասթենիկ Ն., հիսթերիա կամ հիսթերիկ Ն., կպչուն (սևեռուն) վիճակների Ն. (տես Սևեռուն վիճակներ): Այս կամ այն Ն-ի առաջացումը նշանակալի չափով կախված է հիվանդի խառնվածքից (տես Բնավորություն): Այսպես՝ այն անձինք, որոնց մոտ գերակշռում է 1-ին ազդանշանային համակարգը (անմիջական հուզ. հակվածությամբ), հաճախ հիվանդանում են հիսթերիկ Ն-ով: 2-րդ ազդանշանային համակարգի գերակշռության դեպքում (վերացական դատողությունների և կատարվող իրադարձությունների շուրջ տևականորեն կշռադատելու հակումով անձինք) հաճախ տառապում են սևեռուն վիճակների Ն-ով:
Սևեռուն վիճակների Ն-ի դեպքում հարկավոր է հիվանդին հանգստացնել, ընդգծել, որ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, օգնել հաղթահարելու երկյուղը, չկշտամբել ու չծաղրել նրա վախը, քանի որ այն կարող է ավելի վատացնել հիվանդի վիճակը: Անհրաժեշտ է հիվանդի ուշադրությունը շեղել այն իրադրությունից, որից վախ է զգում, հետը զրուցելիս ընդգծել, որ ոչինչ տեղի չի ունեցել, աշխուժացնել նրան և առողջացման հույս ներշնչել:
Հիսթերիկ Ն-ի դեպքում վերը շարադրվածը ցանկալի արդյունք չի կարող տալ: