Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նման դեպքերում, հիվանդության փաստը չժխտելով և բժշկի խորհուրդների վրա հիմնվելով ու հիվանդին հանգստացնելով, հարկավոր է ընդգծել, որ հիվանդությունը պայմանավորված է տհաճ ապրումներով ու հուզումներով, որ դա բուժում պահանջող նյարդային խանգարում է:

Ն. դասվում են նյարդահոգեկան սահմանային խանգարումների շարքը: Դրանք ուսումնասիրում և բուժում են հիմնականում հոգեբույժները:

Կանխարգելման նպատակը երեխայի ճիշտ դաստիարակությունն է, աշխատանքի ունակության, շրջապատի հանդեպ բարյացակամության մշակումը: Կարևոր են օրգանիզմի կոփումը, սպորտով զբաղվելը, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը:

ՆԵՐԱՐԿԻՉ-ՊԱՐԿՈՒՃ, շպրից-տյուբիկ, սարք՝ մանրէազերծած դեղանյութի միջմկանային կամ ենթամաշկային միանվագ ներարկման համար: Գործածում են ինքնա- կամ փոխօգնության նպատակով՝ տարերային աղետների, հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դեպքերում (տես Բնակչության պաշտպանությունը զանգվածային ոչնչացման զենքից), արշավների ժամանակ և շտապ բժշկ. օգնություն ցուցաբերելիս: Ն-պ-ի օգնությամբ ներարկում են ցավազրկող դեղանյութեր, հակաթույներ (անտիդոտ), կենտր. նյարդային համակարգի խթանիչներ և մի շարք այլ պատրաստուկներ:

Ն-պ. կազմված է պլաստմասսայե անոթից, ներարկման ասեղից և ասեղը պահպանող թասակիկից: Դեղանյութը ներարկելիս մի ձեռքով բռնում են Ն-պ-ի ասեղի գլխիկի կողավոր եզրակից, մյուսով՝ պարկուճի իրանից և ուժով պտտում ժամացույցի սլաքի ուղղությամբ այնքան, մինչև դեմ առնելը, որ ասեղի ծայրը մտնի պարկուճի մեջ և միանա դեղանյութի լուծույթին: Այնուհետև հարկավոր է հանել թասակիկը, Ն-պ. պահել ասեղի ծայրը դեպի վեր դիրքում, սեղմելով նրա միջից հանել օդը՝ մինչև ասեղի ծայրին լուծույթի կաթիլներ հայտնվեն: Դրանից հետո, առանց ասեղին դիպչելու, ներարկել հետույքի կամ ազդրի (կամ բազկի) առաջային մասի մկանների մեջ, որից հետո այդ հատվածի մաշկը մշակել յոդի 5 %*անոց սպիրտային լուծույթով:

ՆԵՐԶԱՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էնդոկրինոլոգիա, կլինիկ. բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգ. ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ:

ՀՀում Ն-ական 1-ին օգնությունը կազմակերպվել է 1946-ին՝ Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ հիմնված Ն-ական առանձնասենյակում (հետագայում՝ Ն-ական դիսպանսեր): 1968-ին Պ. Վարդապետյանի նախաձեռնությամբ Երևանի 5-րդ հիվանդանոցում բացվել է Ն-ական 1-ին բաժանմունքը, որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիա, իսկ 1980-ին՝ ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ) Ն-յան ամբիոնը: Ուսումնասիրվել են տեղաճարակային խպիպի տարածվածության հարցերը), կազմվել հատուկ քարտեզ (Ս. Շարիմանյան): Զբաղվել են նաև թիրեոտոքսիկոզի և շաքարախտի հարցերով (Տ. Մնացականով, Գ. Գևորգյան), թիրեոտոքսիկոզի դեպքում սրտի ախտահարման պատճառների ուսումնասիրությամբ (Պ. Վարդապետյան): Մշակվել են կանանց գերմազակալման տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդներ: Ուսումնասիրվել է «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության մեխանիզմը շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա (Վ. Բադալյան), բջջային թաղանթների թափանցելիության վիճակը թունավոր խպիպի և շաքարախտի ժամանակ:

Բացահայտվել է շաքարախտի ժամանակ վահանագեղձի ֆունկցիայի թուլացման երևույթը, որի համար համալիր բուժման մեջ կիրառվել է թիրեոիդին հորմոնը (Վ. Հարությունյան): Ուսումնասիրվել է հանգուցավոր խպիպի տարածվածությունը (Գ. Ղազարյան): Շաքարախտային նյարդախտության բուժման համար առաջարկվել է (1995) մրջնաթթվով էլեկտրոֆորեզի մեթոդ, որը ներդրվել է «Արմենիա» հանրապետ. բժշկ. կենտրոնում: Մշակվել և ներդրվել է խաղողաշաքարով հագեցած հեմոգլոբինի քանակի որոշումը արյան մեջ (Ն. Թորամանյան): «Արմենիա» հանրապետ. բժշկ. կենտրոնին կից գործում է (1976-ից) ներզատաբան. դիսպանսեր:

ՆԵՐԶԱՏԻՉ ԳԵՂՁԵՐ, տես Ներզատիչ համակարգ հոդվածում:

ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳ, մասնագիտացված կառուցվածքներից կազմված համակարգ. տեղադրված է կենտր. նյարդային համակարգում, տարբեր օրգաններում և հյուսվածքներում: Ն. հ. նյարդային համակարգի հետ միասին մասնակցում է օրգանիզմի բոլոր կենսական կարևոր ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմում ոչ մի գործընթաց չի կատարվում առանց նշված համակարգերի մասնակցության: Ներզատիչ և նյարդային համակարգերն անխզելիորեն կապված են միմյանց հետ, որոնց ֆունկցիաների խանգարման դեպքում օրգանիզմում տեղի են ունենում արտահայտված փոփոխություններ:

Ն. հ. կազմված է ներզատիչ գեղձերից, որոնք չունեն արտատար ծորաններ և արտադրած նյութերը՝ հորմոնները, անցնում են անմիջապես արյան ու ավշի մեջ: Այդ նյութերի անցումն օրգանիզմի ներքին միջավայր կոչվում է ներզատիչ հյութազատություն: Ներզատիչ գեղձերի կազմությունը, ֆունկցիան և գործունեության խանգարումներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ներզատաբանություն, այսինքն՝ գիտություն օրգանիզմի կենսագործունեության գործընթացների հորմոնային կարգավորման մասին:

Ն. հ. ընդգրկում է ենթատեսաթումբը (հիպոթալմուս)՝ կենտրոնական նյարդային համակարգի մի մասը, ստորին մակուղեղը (հիպոֆիզ), վերին մակուղեղը (էպիֆիզ), վահանագեղձը, հարվահանագեղձերը, ենթաստամոքսային գեղձի կղզյակային ապարատը, մակերիկամները, սեռ. գեղձերը, ուրցագեղձը:

Ն. հ. կազմող ներզատիչ գեղձերը տարբեր ձևի ու մեծության են և տեղադրված են մարմնի տարբեր մասերում: Ընդհանուրը հորմոնների արտազատությունն է, որի համար էլ միավորվել են մեկ միասնական համակարգում:

Հորմոնները բարձրակտիվ կենսբ. նյութեր են, ազդում են չնչին կոնցենտրացիաների դեպքում, որը չի գերազանցում միլիգրամի 10 հզ-երորդական մասը, պայմանավորում են աճման, ֆիզ. զարգացման, նյութափոխանակության, սեռ. հասունացման գործընթացները, այդ թվում՝ 2-րդային սեռ. հատկանիշների դրսևորումը (օրինակ՝ տղամարդկանց բեղերը, մորուքը, կանանց կաթնագեղձերը ևն): Հսկում են նաև հղիության ճիշտ ընթացքը և պտղի զարգացումը: