Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով: Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ: Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսող. նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ:

Մարդու Ա. օպտիկ. յուրատեսակ խցիկ է, որը կարելի է բաժանել լուսազգաց էկրանի (ցանցաթաղանթ) և լուսաբեկող միջավայրի (հատկապես եղջերաթաղանթը և ոսպնյակը): Ոսպնյակը հատուկ կապանով միացած է թարթիչային մկանին, որը լայն օղակով տեղադրված է ծիածանաթաղանթի հետևում: Այդ մկանի օգնությամբ ոսպնյակը փոխում է իր ձևը, դառնում ավելի կամ պակաս ուռուցիկ և համապատասխանաբար՝ ուժեղ կամ թույլ բեկում Ա-ի մեջ ընկնող ճառագայթները: Ոսպնյակի այդ հատկությունն անվանում են Ա-ի հարմարում (ակոմոդացիա): Այն հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները՝ ապահովելով դիտվող առարկայից եկող ճառագայթների կիզակետի համատեղումը ցանցաթաղանթի հետ: Ա-ի հարմարման հանգստի ժամանակ (այսինքն, երբ ոսպնյակն առավելագույն չափով տափակած է) Ա-ի բեկող հատկությունն անվանում են բեկունակություն (ռեֆրակցիա): Տարբերում են համաչափ, հեռատեսային և կարճատեսային բեկունակություն: Համաչափ բեկունակության դեպքում առարկաներից եկող զուգահեռ ճառագայթների կիզակետը համընկնում է ցանցաթաղանթի լուսազգաց շերտի հետ, որով ապահովվում է առարկայի ճշգրիտ պատկերը տեսնելը: Հեռատես Ա. օժտված է համեմատաբար թույլ բեկունակությամբ (տես Հեռատեսություն): Դրա ժամանակ հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի հետևում: Կարճատես Ա-ում հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում: Կարճատես Ա. (տես Կարճատեսություն) լավ է տեսնում միայն մոտ գտնվող առարկաները: Հեռատեսության կամ կարճատեսության աստիճանի մասին դատում ևն Ա-ին դրված տեսապակիների օպտիկ. ուժով, այդ տեսապակիները բեկունակության հանգստի պայմաններում այնպես են փոխում աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը, որ դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա:

Տեսապակու օպտիկ. ուժը որոշվում է դիօպտրներով (տես Ակնոց): Տարբերում են թույլ (մինչև 3 դիօպտր), միջին (4-6 դիօպտր) և բարձր (6 դիօպտր) աստիճանի հեռատեսություն և կարճատեսություն: 2 Ա-ի բեկունակությունը ոչ միշտ է միատեսակ լինում (օրինակ՝ 1 Ա-ի հեռատեսություն, մյուսի՝ կարճատեսություն կամ 2 Ա-ում դրանց տարբեր աստիճանների զուգակցում): Այդպիսի վիճակն անվանում են զույգ Ա-երի անհավասար բեկունակություն:

Պարզ տեսնելու համար Ա. ընկնող ճառագայթների կիզակետը պետք է համընկնի ցանցաթաղանթի հետ: Սակայն դա միակ պայմանը չէ: Առարկայի մանրամասնությունները տարբերելու համար անհրաժեշտ է, որ դրա պատկերն ընկնի ցանցաթաղանթի՝ բբի ուղիղ դիմացը գտնվող շրջանում: Դեղին բծի կենտր. հատվածն ամենալավ տեսողության տեղն է: Դիտվող առարկան դեղին բծի կենտրոնին միացնող գիծը կոչվում է տեսող. գիծ կամ տեսող. առանցք, իսկ դիտվող առարկայի վրա 2 Ա-ի տեսող. գծերը միաժամանակ ուղղելու հատկությունը՝ համամիտություն: Որքան մոտ է տեսող. օբյեկտը, այնքան մեծ է տեսող. գծերի համամիտության աստիճանը:

Տես նաև Տեսողություն, Գունային տեսողություն:

Հիվանդությունները: Կարող է լինել Ա-ի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգ. բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից: Ա-ի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզ. ու քիմ. գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (տես Կոպաբորբ), լորձաթաղանթը (տես Շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (տես Եղջերենաբորբ): Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է: Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ Ա-ին հարակից հատվածների վրա: Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբ, ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ): Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում: Ա-ում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարող է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայի պատճառ դառնալ: Հաճախ Ա-ի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան: Ա-ի փոփոխություններ կարող են նկատվել նաև կենտր. և ծայրամասային նյարդային, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, Ա-ի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում:

Վնասվածքները: Ա-ի վնասվածքներից հնարավոր են ծանր հետևանքներ՝ տեսողության կտրուկ նվազում և նույնիսկ կուրություն: Ա-ի թեթև վնասվածքները ժամանակին բուժելիս անհետևանք անցնում են, հակառակ դեպքում կարող են բարդանալ:

Հաճախ Ա. կարող են ընկնել փոշի, ավազ, ածուխի, մետաղի մասնիկներ, հրաթեփի և հղկաքարի փոշի: Դրանք ընկնում են կոպի տակ կամ թափանցում եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի մեջ, երբեմն՝ նույնիսկ Ա-ի խորքը և վնասում հյուսվածքները: Հաճախ փոշին պարունակում է հիվանդածին մանրէներ, որոնք կարող են առաջացնել բորբոքումներ:

Լուրջ հետևանքներով լի է Ա-ի՝ բութ առարկաներով առաջացած սալջարդը: Այդպիսի դեպքերում Ա-ի արտաքին թաղանթը հաճախ մնում է ամբողջական, բայց ավելի նուրբ ներքին գոյացությունները կարող են խիստ տուժել: Ուժեղ հարվածից