վնասվում է նաև Ա-ի արտաքին թաղանթը: Բոցը, գոլորշին, հալած մետաղի, տաք յուղի կամ ջրի ցայտերը կարող են առաջացնել Ա-ի և կոպերի ծանր այրվածքներ: Շատ լուրջ հետևանքներ ունեն թթուներից, հիմքերից, անիլինային ներկերից, անուշադրի սպիրտից, կրից և այլ նյութերից առաջացած քիմ. այրվածքները: Ա-ի այրվածքներ կարող են առաջանալ անդրամանուշակագույն ճառագայթներից (էլեկտրազոդման, կինոնկարահանման ժամանակ), ինչպես նաև պարզ արևոտ օրերին՝ լայնատարած ձյունածածկույթների դեպքում: Այդ ճառագայթների ազդեցությունից 6-8 ժ անց առաջանում են շաղկապենու կարմրություն, արցունքահոսություն, լուսավախություն, ցավ, երբեմն՝ եղջերաթաղանթի մակերեսային բորբոքում: Նշված երևույթները սովորաբար մի քանի օրում ինքնուրույն վերանում են: Հատկապես վտանգավոր են մետաղի, քարի, փայտի, ապակու մեծ ուժով թռչող բեկորներից առաջացած վնասվածքները:
Առաջին օգնությունը վնասվածքների ժամանակ: Ա. օտար մարմիններ ընկնելիս հարկավոր է մաքուր վիրակապ դնել և տուժածին անմիջապես տեղափոխել բուժհիմնարկ: Երբեք չի կարելի ինքնուրույն հանել Ա-ի մեջ ընկած օտար մարմինը, այն կարող է ծանր վնասվածքի պատճառ դառնալ: Քիմ. այրվածքների ժամանակ հարկավոր է նախ Ա-երը փակ լվանալ դեմքը, ապա Ա-երը՝ առատ ջրով (5-10 ր, առանց ձեռքով դիպչելու): Անիլինային ներկերով այրվածքների ժամանակ Ա. հարկավոր է լվանալ մուգ թեյով, որը պարունակում է ներկանյութի ազդեցությունը թուլացնող տանին նյութը: Լվացվելուց հետո, վնասված Ա-ին առանց վիրակապ դնելու, տուժածին անմիջապես հարկավոր է տեղափոխել բուժհիմնարկ:
Վնասվածքների կանխարգելումը: Վնասվածքներն առավել հաճախ առաջանում են արտադրությունում: Դրանց կանխարգելման հիմն. միջոցառումը տեխ. անվտանգության կանոնները խստորեն պահպանելն է, արտադրամասում արդյունավետ օդափոխությունը, որը նվազեցնում է փոշոտվածությունը և Ա. օտար մարմիններ ընկնելու հավանականությունը, գործիքների հետ ճիշտ վարվելը, աշխատատեղում կարգ ու կանոնի և մաքրության պահպանումը, հաստոցները հատուկ պաշտպան. սարքերով ապահովելը: Դարբնոցային, փականագործ., քարտաշային աշխատանքների, քիմ. սարքերի սպասարկման, ձուլվածքների հատման, հաստոցային միջամտությունների, մետաղների գլոցման, զոդման, մեքենաների վերանորոգման և այլ դեպքերում հարկավոր է օգտագործել անհատ. պաշտպանության միջոցներ: Անհատ. պաշտպանության միջոց են ակնոցը (օրինակ՝ ակնոց-լուսազտիչ), դիմակները, սաղավարտը, լուսազտիչներով վահանակները՝ զոդողների համար:
Արևային այրվածքների կանխարգելման համար օգտագործում են հատուկ պաշտպան. ակնոց:
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների Ա-ի վնասվածքների կանխարգելմանը: Դժբախտաբար, այդպիսի վնասվածքները լինում են հաճախ և կազմում են Ա-ի բոլոր վնասվածքների 1/3-1/4 մասը:
Երեխաների Ա-ի վնասվածքները հիմնականում առաջանում են վտանգավոր խաղերի ժամանակ (սուր, կտրող առարկաներով, հրապատիճներով, հրանոթային բռնկիչներով) և առավել վտանգավոր են:
Կրծքի երեխաները երկար եղունգներով կարող են վնասել իրենց Ա-ի եղջերաթաղանթը, դրա համար ծնողները պետք է հաճախ կտրեն փոքրերի եղունգները: 2 տարեկանից սկսած՝ հարկավոր է երեխաներին սովորեցնել սուր առարկաների (դանակ, պատառաքաղ, մատիտ, որոշ խաղալիքներ) հետ վարվելու կանոնները: Լավ արդյունք է տալիս դասարանում և դպրոց. ժողովներում Ա-ի վնասվածքների կոնկրետ դեպքերի, դրան հանգեցնող իրադրության քննարկումը: Դպրոցում օգտակար է ունենալ Ա-ի վնասվածքների դեմ պայքարին վերաբերող պաստառներ, թռուցիկներ, հիշեցումներ, դիաֆիլմեր, կինոֆիլմեր: Ա-ի վնասվածքների կանխարգելմանն ակտիվ մասնակցություն պետք է ունենան մանկավարժները և ծնողները:
Աչքի հիվանդությունների և վնասվածքների բուժարարողության կատարման տեխնիկան: Քանի որ Ա-ի հիվանդությունների և վնասվածքների ժամանակ բժշկի շատ նշանակումները կատարում են հիվանդներն իրենք կամ նրանց հարազատները, ուստի անհրաժեշտ է գիտենալ հիմն. բուժարարողությունների կատարման տեխնիկան:
Ա. լվանալու համար բամբակը թրջում են թարմ եռացրած գոլ ջրով, թեյի թուրմով կամ բժշկի նշանակած վարակազերծող լուծույթով: Ա. լվանում են՝ բութ մատով և ցուցամատով կոպերը շարժելով և թրջած բամբակն Ա-ին սեղմելով: Ավելի լավ է օգտագործել փոքրիկ ռետինե բալոն, սակայն չի կարելի հեղուկն Ա-ի մեջ լցնել ուժեղ շիթով: Ա. լվանալու համար կարելի է օգտագործել Ա-ի ապակե փոքրիկ լոգնոց, որը կիսով չափ լցվում է դեղորայքով: Հիվանդը խոնարհում է գլուխը և Ա. կիպ հպում լոգնոցի եզրին, որից հետո գլուխը լոգնոցով հանդերձ թեքում է և սեղմում կոպերը. Ա. «լողանում է» լոգնոցի հեղուկի մեջ: Բուժարարողության տևողությունը որոշում է բժիշկը: Ա-ի բուժարարողությունների մեծ մասն օգտագործում են կաթիլների ձևով: Վերջիններս Ա. կաթեցնելուց առաջ հարկավոր է ձեռքերը լվանալ, այնուհետև աջ ձեռքի 2 մատով բռնել կաթոցիկը, ծայրն իջեցնել դեղորայքով սրվակի մեջ և, հաջորդաբար սեղմելով ու թուլացնելով ռետինե գլխադիրը, հավաքել հեղուկը:
Ձախ ձեռքի ցուցամատով թեթևակի հետ քաշել ստորին կոպը: Հիվանդն այդ դեպքում պետք է վերև նայի՝ գլուխը թեթևակի հետ թեքելով: Կաթոցիկի ռետինե գլխադիրը սեղմելով, հիվանդի կոպերին և թարթիչներին կաթոցիկի ծայրով չկպչելով՝ հետ քաշած կոպի շաղկապենու վրա կաթեցնում են 1-2 կաթիլ դեղ: Որպեսզի կաթիլները չհոսեն այտի և հագուստի վրա, կոպը հետ քաշող մատի տակ բամբակ են դնում: Դեղի մնացորդը չի կարելի հետ լցնել սրվակի մեջ: Ա. դեղ կաթեցնելուց անմիջապես հետո մատով սեղմում են ստորին կոպի ներսային եզրը քթի մոտ (այդտեղով անցնում են արցունքային ուղիները) և 1 ր պահում այդ վիճակում, որպեսզի դեղն արցունքային ուղիներով միանգամից Ա-ից չանցնի քիթ և քթաըմպան: Եթե հարկավոր է լինում օգտագործել մի քանի տեսակ կաթիլներ, ապա անհրաժեշտ է ունենալ առանձին կաթոցիկներ: Սառը կաթիլներն Ա-ի լորձաթաղանթով վատ են ներծծվում, դրա համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ այն տաքացնել՝ սրվակի ներքևի մասը 1-5 ր իջեցնելով ոչ շատ տաք ջրի մեջ:
Քսուքի ձևով դեղորայք օգտագործելիս հարկավոր է ունենալ ապակե ձողիկ (վաճառվում է դեղատանը): Տափակ ծայրով վերցնում են ոլոռի մեծությամբ քսուք, ձողը ձեռքին պահելով՝ հիվանդին խնդրում են վերև նայել, իսկ մյուս ձեռքով հետ են քաշում ստորին կոպը: Քսուքը դնում են կոպի ներսային մակերևույթին և կոպը բաց թողնում: Հիվանդը թարթում է կոպերը, որից հետո ձողիկը դուրս են հանում: Թանզիֆե վիրախծուծով թեթևակի տրորելով կոպի մաշկը՝ քսուքը հավասարաչափ տարածում են Ա-ի մակերևույթին:
Շատ հարմար են Ա-ի պոլիմերային թաղանթները, որոնք տեղադրում են ստորին կոպի հետևում՝ օրական 1-2 անգամ: Թաղանթներն, աստիճանաբար