Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման երևույթներ կարող են ի հայտ գալ սրտի, թոքերի, կրծքամզի առանձին հիվանդությունների ժամանակ: Հաճախ միջկողային Ն. գոտևորող որքինի (տես Տենդաբշտիկ) 1-ին ախտանշանն է: Միջկողային շրջանի ցավեր առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի:

Քանի որ Ն. պայմանավորող բազմատեսակ գործոններից են բորբոքումները, ուռուցքները, ուստի հիվանդի վիճակը թեթևացնելու նպատակով տնային միջոցների օգտագործումը խստիվ արգելվում է: Բուժում է բժիշկը: Որպես կանոն՝ այն պետք է լինի համալիր (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ. արարողություններ ևն): Որոշ դեպքերում եռվորյակ նյարդի Ն-ի ժամանակ դիմում են վիրաբուժ. միջամտության: Հաշվի առնելով մրսածության անվիճելի դերը Ն-ի առաջացման և սրացման գործում՛ կանխարգելիք նպատակով խորհուրդ է տրվում օրգանիզմի կոփում:

ՆՅԱՐԴԵՐ, տես Ծայրամասային նյարդային համակարգ հոդվածում:

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, մետաբոլիզմ, կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող քիմ. փոփոխությունների, նյութերի ու էներգիայի փոխարկումների ամբողջություն, որն ապահովում է օրգանիզմների զարգացումը, կենսագործունեությունը, ինքնավերարտադրումը, կապը շրջակա միջավայրի հետ և հարմարվողականությունն արտաքին պայմանների փոփոխություններին: Ն. և է. փ. օրգանիզմի կենսագործունեության հիմքն է և կենդանի մատերիայի առանձնահատուկ հատկանիշը, որով նա տարբերվում է անկենդան նյութից: Դրա էությունն արտաքին աշխարհից օրգանիզմ անընդհատ մտնող տարբեր օրգ. և անօրգ. միացությունների, դրանց յուրացման, փոփոխությունների ու քայքայման արգասիքների շրջակա միջավայր արտազատվելու գործընթացների դիալեկտիկ, միասնությունն է:

Կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար բնորոշ է փոխանակության իր ձևը, որը պայմանավորված է ժառանգ. հատկություններով, սեռով, տարիքով, գոյության պայմաններով ևն:

Տարբեր նյութերի քիմ. փոխարկումների ամբողջությունը՝ արյան մեջ անցնելու պահից մինչև քայքայման վերջն. արգասիքների առաջացումը, կոչվում է նյութերի և էներգիայի միջանկյալ փոխանակություն կամ միջանկյալ մետաբոլիզմ: Դա հիմնականում տեղի է ունենում բջիջների ներսում և նույնն է, ինչ ներբջջային փոխանակությունը:

Միջանկյալ փոխանակության հիմքում ընկած են հակադիր ուղղված ֆերմենտային գործընթացներ, որոնք սերտ կապված են ու փոխադարձ պայմանավորում են միմյանց: Դրանք կոչվում են ասիմիլյացիա (անաբոլիզմ) և դիսիմիլյացիա (կատաբոլիզմ): Ասիմիլյացիայի ընթացքում սննդանյութերի մարսման հետևանքով ստացված պարզ միացություններից սինթեզվում են բարձրամոլեկուլային բջջային բաղադրիչներ՝ նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր և ճարպանման նյութեր: Իսկ դիսիմիլյացիան խոշոր մոլեկուլների ֆերմենտային ճեղքումն է (բարձրակարգ օրգանիզմներում դա իրականացվում է օքսիդացման միջոցով), որն ուղեկցվում է օրգ. նյութերի մեծ մոլեկուլների քիմ. կապերում պարփակված էներգիայի անջատմամբ: Վերջինս օգտագործվում է կենսագործունեության բոլոր գործընթացների (մկանների կծկում, նյարդային ազդակների հաղորդում, ջերմաստիճանի պահպանում, սինթեզի, ներծծման և հյութազատության տարբեր գործընթացների, բջջային թաղանթի 2 կողմում՛ բջջի ներսում և դրսում օրգ. ու անօրգ. իոնների ֆիզիոլոգ. կոնցենտրացիաների պահպանում) համար: Փոխանակության գործընթացների շնորհիվ օրգանիզմ մտնող սննդանյութերը փոխարկվում են տվյալ օրգանիզմին բնորոշ միացությունների, որոնք օգտագործվում են որպես կառուցող. և էներգիական նյութ: Փոխանակությունը նպաստում է օրգանների և հյուսվածքների մշտ., անընդհատ նորոգմանը՝ առանց քիմ. կազմության փոփոխության:

Սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և այլ նյութեր տարբեր նշանակություն ունեն նյութափոխանակության ընթացքում: Սպիտակուցները հիմնականում օգտագործվում են որպես շինանյութ (պլաստիկ նյութ), իսկ ածխաջրերն ու ճարպերը՝ էներգիական ծախսերի համար: Ածխաջրերն օրգանիզմում էներգիայի հիմն. աղբյուրն են, քանի որ դրանց փոխարկումների ժամանակ գոյանում է օրգանիզմին անհրաժեշտ ամբողջ էներգիայի ավելի քան կեսը:

Ն. և է. փ. պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ հերթական աստիճանների. 1. մարսողություն, որի ժամանակ ստամոքսաղիքային համակարգում մարսող. ֆերմենտների (պեպսին, տրիպսին, քիմոտրիպսին ևն) ազդեցությամբ սննդի բարդ բաղադրիչները ճեղքվում են մինչև ցածրամոլեկուլային միացությունների, որոնք կարող են յուրացվել օրգանիզմի կողմից և նյութափոխանակության տարբեր ուղիները միացնող հանգուցային օղակներ են, 2. ներծծում աղիքներում և մարսողության նյութերի անցումն արյան մեջ ու փոխադրումը տարբեր օրգաններ, հյուսվածքներ, 3. ստացված նյութերից տվյալ օրգանիզմին բնորոշ (կամ առանձնահատուկ) միացությունների սինթեզ, 4. նշված միացությունների ճեղքում և միջանկյալ ու վերջն. արգասիքների գոյացում, 5. օրգանիզմից փոխանակության վերջն. արգասիքների արտազատում:

Կենսասինթեզի և ճեղքման գործընթացները բջիջներում տեղի են ունենում միաժամանակ: Ազատված էներգիան կուտակվում է հատուկ միացություններում, հիմնականում ադենոզինեռֆորաթթվում (ԱԵֆ), որը ճեղքվելիս առաջանում են ադենոզիներկֆոսֆորաթթու և անօրգ. ֆոսֆոր, ու անջատվում է 8-10 կկալ էներգիա: Վերջինս փոխակերպվում է մեխ., քիմ., ջերմային էներգիաների և օգտագործվում կենսասինթեզի կարիքների համար: Նյութափոխանակության գործընթացների իրականացման համար կարևոր նշանակություն ունեն վիտամինները, ջուրը, տարբեր հանքային նյութեր, որոշ միկրոտարրեր (ցինկ, կոբալտ ևն):

Կենսագործունեության ընթացքում նյութափոխանակության մակարդակը հաստատուն չէ, որի շնորհիվ օրգանիզմը հարմարվում է գոյության փոփոխվող պայմաններին: Դա տեղի է ունենում փոխանակության համաձայնեցված և ներդաշնակ գործընթացների շնորհիվ, որն արդյունք է այդտեղ մասնակցող (ինչպես բջջի, այնպես էլ օրգանների ու հյուսվածքների մակարդակով) բոլոր մեխանիզմների պլաստիկ և խիստ համաձայնեցված աշխատանքի: Դրանով է որոշվում տվյալ օրգանիզմին բնորոշ փոխանակության մակարդակը, որը ձևափոխվում է պատմ. զարգացման՝ ֆիլոգենեզի ընթացքում և կարգավորվում ժառանգականության մեխանիզմներով՝ շրջակա միջավայրի հետ մշտ. փոխներգործության դեպքում: Պայմանները փոփոխվելիս սկսում են գործել կարգավորիչ մեխանիզմները, որոնք փոխում են նյութափոխանակության ընթացքն օրգանիզմի համար պահանջվող ուղղությամբ: Օրինակ՝ անօդակյաց պայմաններում օքսիդացնող ֆոսֆորիլացման գործընթացը փոխարինվում է գլիկոլիզով, իսկ թթվածնի բարձր պարունակության դեպքում հյուսվածքներում գլիկոլիզն արգելակվում է, և խթանվում են օքսիդացնող ֆոսֆորիլացման գործընթացները: Բջիջներում և հյուսվածքներում փոխանակությունը կարգավորվում է ֆերմենտային ռեակցիաների,