Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(որոնք մասնակցում են կամային շարժող. հակազդեցությունների կառավարմանը, կարգավորմանը կամ ձևավորմանը) ախտահարման (վնասվածք, բորբոքային գործընթաց, արյունազեղում, ուռուցք) դեպքում: Շ-ի խանգարման բնույթն ու աստիճանը որոշվում են վնասվածքների տեղակայմամբ:

Ընդհանուր անշարժությունը (ակինեզ) նկատվում է պարկինսոնիզմի դեպքում (տես Պարկինսոնյան հիվանդություն): Կամային Շ. կառավարող գլխուղեղի կենտրոնների, ողնուղեղի շարժող. բջիջների կամ ծայրամասային նյարդերի ախտահարման դեպքերում համապատասխան Շ. անհետանում են լրիվ կամ մասնակի (տես Լուծանքներ): Նշված բոլոր խանգարումների ժամանակ փոքրանում է մկանային ուժը, սահմանափակվում Շ-ի ծավալը: Խանգարման մեկ այլ տեսակը բնութագրվում է ավելցուկային ոչ կամային Շ-ով (հիպերկինեզ): Առավել հաճախ դա դող է: Որոշ անձանց մոտ այն առաջանում է միայն հանգստի վիճակում և լինում է փոքրածավալ ու ռիթմիկ, օրինակ՝ պարկինսոնիզմի դեպքում: Մյուսների մոտ մեծածավալ է, որն առաջանում է ձեռքերի և ոտքերի նպատակաուղղված, գիտակցված Շ-ի դեպքում, հիվանդը չի կարողանում առարկան վերցնել ձեռքը, դժվարությամբ է օգտվում սեղանի պարագաներից (դանակ, պատառաքաղ ևն), գրում կամ որևէ աշխատանք կատարում: Այդպիսի դող նկատվում է ուղեղիկի ախտահարման դեպքում: Դողը կարող է լինել 1 ձեռքի կամ ամբողջ մարմնի: Երբեմն դողում է միայն գլուխը՝ կատարելով վերուվար («այո-այո») կամ ժխտող («ոչ-ոչ») Շ.: Սակայն դողը միշտ չէ, որ նյարդային համակարգի հիվանդությունների ախտանշան է: Օրինակ՝ առաջ ձգած ձեռքերի մատների մանրիկ դողն առաջանում է թիրեոտոքսիկոզի ժամանակ (տես Խպիպ տարածուն թունավոր): Ձեռքերի դող նկատվում է նաև սնդիկով, կապարով, թմրադեղերով քրոնիկ. թունավորման, քրոնիկ. ալկոհոլամոլության դեպքերում: Առողջ մարդիկ հաճախ չեն կարողանում դադարեցնել ուժեղ հուզումներից կամ վախից առաջացած ձեռքերի և ծնկների դողը: Հիպերկինեզին են պատկանում նաև ոչ կամային Շ.՝ խորեայի ժամանակ: Շ-ի համաձայնեցման խանգարում է ապակարգությունը՝ ատաքսիան: Գլխուղեղի կենտրոնների վնասման դեպքում Շ-ի համաձայնեցումը դառնում է չհավասարակշռված, քայլվածքը՝ «հարբածի»: Հավասարակշռությունը պահպանելու համար հիվանդը հաճախ ոտքերն իրարից հեռու է դնում: Նա դժվարությամբ է հագնվում, կոճակները՝ կոճկում: Ատաքսիայով հիվանդը չի կարողանում գրել, երաժշտ. գործիքներ նվազել, մեծ ճշգրտություն պահանջող աշխատանք կատարել, իսկ հիվանդության խորացման դեպքում կարող է լրիվ կորցնել աշխատունակությունը, նույնիսկ ինքնասպասարկման կարողությունը: Շ-ի համաձայնեցումը տուժում է նաև զգայնության խանգարման դեպքում: Շ-ի կազմակերպման համար անհրաժեշտ է մշտ. ինֆորմացիա մարմնի մասերի մասին, որը մկաններից, կապաններից և հոդերից անընդհատ ստանում են գլխուղեղի համապատասխան կենտրոնները: Զգայնության խանգարման դեպքում ինֆորմացիան դադարում է, և Շ-ի ճիշտ կազմակերպումն անհնար է դառնում: Որոշ տափով այդ խանգարումները կարելի է փոխհատուցել տեսողությամբ, հիվանդը տեսնում է իր մարմինը, շրջապատի առարկաները, և դա օգնում է շարժվելուն: Ավելի խորը խանգարումների ժամանակ հիվանդները չեն կարողանում վեր կենալ և նույնիսկ նստել անկողնում:

Շ-ի խանգարումները բժիշկը բուժում է՝ ըստ առաջացնող հիվանդությունների: Բայց բոլոր դեպքերում ընդգրկվում են բուժ. մարմնամարզության հատուկ համալիրներ՝ մկանների ուժը, Շ-ի ծավալը մեծացնելու նպատակով, ինչպես նաև Շ. ավելի ճշգրիտ, համաձայնեցված դարձնելու համար: Բուժ. մարմնամարզությամբ կարելի է զբաղվել հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում՝ հատուկ մեթոդիստի հսկողությամբ: Վերջինիս կազմած ծրագրով էլ հիվանդը կարող է ինքնուրույն շարունակել պարապմունքները, եթե հաջողություններն առկա են:

ՇԱՔԱՐ, քաղցրահամ սննդամթերք: Քիմ. կազմությամբ խիստ համասեռ է. պարունակում է առնվազն 99,75 % սախարոզ: Շ. արագ յուրացվում է և օրգանիզմն ապահովում հեշտ յուրացվող ածխաջրերով:

Շ. ստանում են շաքարեղեգից (եղեգնաշաքար) կամ Շ-ի ճակնդեղից (ճակնդեղաշաքար): Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորներով) ձևով: Բացի սննդի մեջ անմիջական սպառումից, Շ., որպես հումք, լայնորեն օգտագործվում է սննդարդ-յան մեջ:

Շաքարավազը սորուն է, չի պարունակում կողմնակի խառնուրդներ, անհոտ է և լավ է լուծվում ջրում: Տարբեր երկրների մի շարք գիտնականներ որոշ հիվանդությունների, մասնավորապես սիրտանոթային համակարգի, ինչպես նաև ատամների ոսկրափուտի աճը կապում են մեծ քանակությամբ Շ-ի օգտագործման հետ և առաջարկում են այն փոխարինել այլ քաղցր նյութերով կամ սահմանափակել օգտագործումը:

Իրականում Շ-ի սպառումը տնտեսապես զարգացած երկրներում վերջին 100 տարում բազմակի անգամ աճել է: Թեպետ Շ. խաղողաշաքարի արժեքավոր աղբյուր է, որը գլխուղեղի, մկանների և այլ օրգանների գործունեության համար անհրաժեշտ հիմն. էներգիական նյութն է, այնուամենայնիվ, դրա օգտագործումը սահմանափակելու մասին գիտնականների առաջարկն անհիմն չէ: Շատ Շ. օգտագործելիս մարդու սննդի օրաբաժինն աղքատանում է սպիտակուցներից, վիտամիններից, հանքային նյութերից: Շ-ի բարձր կալորիականությունը նպաստում է ճարպային փոխանակության (տես Ճարպեր) խանգարմանը, որն արտահայտվում է մարմնի քաշի ավելացմամբ, արյան մեջ ճարպի պարունակության բարձրացմամբ: Մեծ քանակությամբ Շ-ի միանվագ օգտագործումից արյան մեջ ավելանում է խաղողաշաքարի քանակը, որը բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի հորմոնի՝ ինսուլինի արտադրությունը և նպաստում խաղողաշաքարի փոխարինմանը գլիկոգենի (լյարդում, մկաններում), մասամբ՝ ճարպի: Դրա հետևանքով արյան մեջ նվազում է Շ-ի կոնցենտրացիան, և մարդը քաղցածություն է զգում: Շ-ի այդպիսի հակասական ազդեցությունը նպաստում է չափից ավելի ուտելուն և ավելորդ քաշի առաջացմանը: Բացի այդ, մեծ քանակությամբ Շ-ի մշտ. օգտագործումը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի գերգրգռման և հյուծման ու կարող է շաքարախտի պատճառ դառնալ: Ուստի, նույնիսկ առողջ մարդիկ (որոնք չեն կատարում ֆիզ. աշխատանք կամ չեն զբաղվում սպորտով) նպատակահարմար է, որ օրական օգտագործեն 50-100 գ-ից ոչ ավելի Շ.՝ ներառյալ քաղցր մթերքներում և կերակրատեսակներում (կոնֆետներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ ևն) պարունակվողը (տես աղ.):

Աղյուսակ Շաքարի մոտավոր պարունակությունը որոշ սննդամթերքներում

Մթերք Չափման միավոր Քաշը
գ-ով
Շաքարի պարունակությունը գ-ով
Շաքարավազ 1 թեյի գդալ 9 9
Ռաֆինադ-շաքար 1 կտոր 7 7
Պովիդլո (պահածոյած) 1 թեյի գդալ 15 10
Մուրաբա 1 թեյի գդալ 15 11
Պաղպաղակ 1 բաժին 75 12
Մրգահյութ 1 բաժակ 175 26
Մրգաջրեր 1 բաժակ 175 16