Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոտիների որոշակի հատված: Նման փոխադարձ կապը հնարավորություն է տալիս ճշգրիտ կատարել Շ.՝ դրանք համապատասխանեցնելով օրգանիզմի վրա ազդող շրջակա միջավայրի գործոնների հետ: Կամային Շ-ի կառավարումը սխեմատիկ կարելի է պատկերել հետևյալ կերպ. շարժող. գործողության խնդիրներն ու նպատակը ձևավորվում են մտածողությամբ, որը կանխորոշում է մարդու ուշադրության և ջանքերի ուղղվածությունը: Մտածողությունը և հույզերը կուտակում և նպատակաուղղում են այդ ջանքերը: Բարձրագույն նյարդային գործունեության մեխանիզմները ձևավորում են Շ-ի կառավարման հոգեբանաֆիզիոլոգ. մեխանիզմների փոխազդեցությունը տարբեր մակարդակներում: Նյարդային գոյացությունների և հենաշարժ. ապարատի փոխազդեցության ու ինֆորմացիայի մշտ. փոխանակման հիման վրա ապահովում են շարժող. ակտիվության ծավալումն ու շտկումը: Շարժող. հակազդեցության իրականացման համար կարևոր նշանակություն ունեն վերլուծիչները: Շարժող. վերլուծիչն ապահովում է մկանային կծկումների դինամիկան ու փոխադարձ կապը, մասնակցում շարժող. գործողության տարածական և ժամանակային կազմակերպմանը: Հավասարակշռության (անդաստակային) վերլուծիչը (տես Ականջ) փոխազդում է շարժողականի հետ, երբ մարմնի դիրքը փոխվում է տարածության մեջ: Տեսողությունն ու լսողությունը, ակտիվորեն ընկալելով ինֆորմացիան շրջակա միջավայրից, մասնակցում են շարժող. հակազդեցությունների կողմնորոշմանն ու շտկմանը:

Մարդու շարժող. ակտիվության ձևավորումն ու կատարելագործումը տեղի են ունենում ուսուցման և մշտ. մարզումների ազդեցությամբ: Նորածին երեխան չի կարող կատարել կամային Շ.: Հենաշարժ. ապարատի և տարբեր նյարդային կառուցվածքների զարգացմանն ու ամրապնդմանը զուգընթաց ձևավորվում են պոտենցիալ հնարավորություններ շարժող. ակտիվության կատարելագործման համար: Չնայած նորածնի շատ շարժող. հակազդեցություններ բնազդային են (որոշ տարիքում նա սկսում է սողալ, այնուհետև փորձում է նստել, ապա՝ կանգնել), սակայն կայուն շարժող. գործողություններ կարողանում է կատարել մշտ. մարզումների միջոցով: Երեխան չի սովորի լավ քայլել, ցատկոտել, գնդակ խաղալ ևն, եթե նրա հետ մշտապես չզբաղվեն: Առանձնապես կարևոր են մարզումներն աշխատանքային Շ-ի համար, ընդ որում, որքան նուրբ ու բարդ շարժող. հմտություններ է պահանջում աշխատանքը, այնքան ավելի արագ են դրանք խախտվում չմարզվածության դեպքում:

Կյանքն անընդհատ պահանջում է ակտիվ Շ.՝ ինքնասպասարկման, աշխատանքի ևն համար: Այդ Շ. ունեն ոչ միայն սոցիալ., այլև կենսբ. իմաստ, բարերար ազդելով արյան շրջանառության, նյութափոխանակության վրա՝ դրանք պահպանում են մկանային համակարգի լարվածությունը, մեծացնում օրգանիզմի կենսական կայունությունը, դիմադրողականությունը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունների հանդեպ: Շարժող. ակտիվության անբավարարությունը՝ թերշարժունությունը, որն առանձնապես դրսևորվել է վերջին տասնամյակներում՝ կապված ձեռքի աշխատանքի մեքենայացման, բնակարանի բարեկարգման, կենցաղային տեխնիկայի և փոխադրամիջոցների զարգացման հետ, ոչ բարերար է ազդում օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի վրա, նպաստում է մարմնի ավելորդ քաշի առաջացմանը, ճարպակալման, աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, սրտի իշեմիկ հիվանդության առաջացմանը: Շ-ի անբավարարությունը փոխհատուցելու նպատակով, հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար, ինչպես նաև այնպիսի մասնագիտությունների դեպքում, երբ ծանրաբեռնվածությունն ընկնում է առավելապես հենաշարժ. ապարատի ոչ մեծ հատվածի վրա, կարելի է զբաղվել ֆիզիկական կուլտուրայով, սպորտով, որևէ ֆիզ. աշխատանքով (ազատ ժամանակ): Այդ նպատակով շատ մասնագիտությունների համար կազմակերպվում են ընդմիջումներ՝ արտադրական մարմնամարզությամբ զբաղվելու համար, զարգացվում է զբոսաշրջությունը ևն: Բայց շարժող. ակտիվությունը պետք է չափավորվի այնպես, որ լրացուցիչ բեռնվածությունը համապատասխանի մարդու հնարավորություններին: Եթե նույնիսկ մարդն առողջ է և երիտասարդ, բեռնվածությունը պետք է աստիճանաբար մեծացնել, քանի որ չափից ավելի ֆիզ. ակտիվությունը ոչ բարերար է ազդում չմարզված օրգանիզմի վրա՝ խախտելով հենաշարժ. ապարատի ֆունկցիան ու կենսական կարևոր օրգանների և, 1-ին հերթին, սրտի գործունեությունը: Ուստի ֆիզ. բեռնվածությունը պետք է կարգորոշվի աշխատանքի պահպանության կանոններով, իսկ սպորտի պարապմունքները ենթարկվեն բժշկական հսկողության:

Տարեց մարդկանց նյարդային կառուցվածքների և հենաշարժ. ապարատի բնական տարիքային փոփոխությունների ազդեցությամբ փոքրանում է Շ-ի ծավալն ու արագությունը, խախտվում է բարդ և նուրբ Շ-ի համաձայնեցումը, թուլանում մկանների լարվածությունը, առաջանում է որոշ կաշկանդվածություն, փոխվում են քայլվածքը, դիմախաղը (միմիկան) ևն: Այդ բոլորը սովորաբար ավելի վաղ և ավելի արտահայտված ձևով է դրսևորվում նստակյաց կյանք վարող և քիչ շարժուն կենսակերպ ունեցող մարդկանց մոտ: Շ. նպաստում են երիտասարդության պահպանմանը և ակտիվ երկարակեցությանը: Չնայած տարիքային փոփոխություններին՝ շարժող. ակտիվությունը տարեց մարդկանց համար նույնպես կարևոր է: Չափավորված զբոսանքները, ֆիզ. աշխատանքը մաքուր օդում և օրգանիզմի տարիքին ու վիճակին համապատասխան ֆիզկուլտուրայով զբաղվելը հաճախ օգնում են վերացնել Շ-ի և օրգանիզմի այլ ֆունկցիաների առանձին տարիքային խախտումներ ու, ամենակարևորը, դադարեցնել դրանց հետագա խորացումը: Բայց շատ տարեց մարդիկ սխալմամբ կարծում են, որ ֆիզ. վարժությունների բուժիչ ազդեցությունը պայմանավորված է բեռնվածության մեծությամբ: Ֆիզ. ակտիվության նկատմամբ նման վերաբերմունքը հանգեցնում է ոչ բարերար, երբեմն էլ ողբերգական հետևանքների: Տարեց մարդու սիրտանոթային և նյարդային համակարգերը չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, և կարոդ են ոչ ցանկալի հետևանքներ առաջանալ, լավագույն դեպքում՝ օրգանիզմի ծերացումն ավելի արագ է տեղի ունենում: Ուստի տարեց մարդու շարժող. ակտիվության ռեժիմը պարտադիր պետք է կազմի բժիշկը, առանց որի թույլտվության չի կարելի մեծացնել ֆիզ. բեռնվածությունը: Շատ հիվանդությունների ժամանակ անառարկելի է Շ-ի բուժիչ ազդեցությունը, որոնց հետազոտությամբ և բուժիչ նպատակով օգտագործմամբ զբաղվում է բուժական ֆիզկուլտուրան:

Շ-ի խանգարումները պետք է տարբերել շարժունության խախտումներից, որոնք առաջանում են հենաշարժ. ապարատի վնասումների կամ հիվանդությունների հետևանքով և պայմանավորված են մեխ. արգելքներով, որոնք թույլ չեն տալիս կատարել որոշակի Շ. (օրինակ՝ կոտրվածքի, հոդախախտման և այլ դեպքերում), իսկ հաճախ էլ պարզապես Շ. կատարելու ժամանակ առաջացած ուժեղ ցավերով (տես նաև Ոսկրային համակարգ, հիվանդություններ. Մկանային համակարգ, հիվանդություններ): Շ-ի խանգարումներն առաջանում են նյարդային համակարգի տարբեր կառուցվածքների