հակածինի հետ Շ-ի հակամարմինների միանալու առանձնահատուկ հատկության վրա: Գոյացող հակածիններ-հակամարմինների կոմպլեքսները հայտնաբերվում են տարբեր ռեակցիաների օգնությամբ:
ՇԼՈՒԹՅՈՒՆ, աչքերի դիրք, երբ մեկ աչքի տեսող. առանցքն ուղղված է դիտվող առարկայի վրա, իսկ մյուսինը շեղված է դեպի քիթը (համամիտվող Շ.) կամ դեպի քունքը (տարամիտվող Շ.):
Շ. առաջանում ե աչքի մկանների համաձայնեցված աշխատանքի խանգարումների ժամանակ: 2 աչքի համատեղ գործունեությունն առավել ակտիվ ձևավորվում է 2-3 տարեկանում: Այդ շրջանում Շ. առաջանում է առավել հաճախ: Աչքերի համագործակցությունը կարող է խանգարվել գլխուղեղի վնասվածքի և հիվանդությունների, հոգեկան վնասվածքների (վախ), աչքի օպտիկ. թերությունների (կարճատեսություն և հեռատեսություն) ժամանակ: Շ- յան առաջացմանը երբեմն նպաստում են վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ ևն), ուստի հարկավոր է հետևել, որ այդ հիվանդությունների ժամանակ երեխան չափից ավելի չկարդա, չնկարի: Կարևոր է նաև, որ տեսող. աշխատանքի ժամանակ լուսավորությունը լինի բավարար:
Շ-յան ժամանակ տեսողությանը մասնակցում է միայն մեկ աչքը, շիլն անգործունյա է: Դա աստիճանաբար հանգեցնում է շիլ աչքի տեսողության խիստ և կայուն նվազման՝ ամբլիօպիայի: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում տեսողության վերականգնման հնարավորություններն ավելի մեծ են: Երեխայի Շ. 1-ին անգամ նկատելիս հարկավոր է դիմել ակնաբույժի:
Աչքի օպտիկ. թերությունների հետևանքով առաջացած Շ-յան դեպքում հիվանդին ամենից առաջ նշանակում են մշտ. կրելու ակնոց, որը տեսողության համար ստեղծում է բարենպաստ պայմաններ և վերացնում է Շ.: Երեխաներին ակնոց նշանակում են 1,5-2 տարեկանից: Որպեսզի երեխայի շիլ աչքի աշխատանքի համար ակտիվ պայմաններ ստեղծվեն, 2-րդ աչքի ֆունկցիան երկար ժամանակ (4 ամսից ոչ պակաս) բացառում են՝ աչքը ծածկելով ակնոցի շրջանակին ամրացված հատուկ ակնակալիչով կամ կպչուն սպեղանիով մաշկին կպցրած բամբակե-թանզիֆե բարձիկով: Կատարում են նաև շիլ աչքի տեսողությունը զարգացնող վարժություններ:
Եթե 1,5-2 տարվա ընթացքում ակնոց կրելիս Շ. չի վերանում, կարելի է վիրահատ. բուժում: Վիրահատության համար առավել հարմար տարիքը 4-6 տարեկանն է: Վիրահատությունը մեծ մասամբ վերացնում է Շ., բայց 2 աչքի բնականոն համատեղ աշխատանքը վերականգնելու համար սովորաբար պահանջվում են հատուկ վարժություններ:
Շ-յան բուժումը, եթե նույնիսկ այն հաջող է ընթանում, տևում է ամիսներ և նույնիսկ տարիներ, ծնողներից և հիվանդից պահանջվում են համբերություն և համառություն:
Կանխարգելման հիմն. միջոցը տեսողության ժամանակին ստուգումն է: Եթե երեխան առարկաները դիտելիս խոնարհվում է կամ խիստ մոտեցնում աչքին, ապա անհրաժեշտ է դիմել ակնաբույժի: Անհրաժեշտության դեպքում բժիշկը նշանակում է մշտ. կրելու ակնոց, որին երեխան բավականին արագ ընտելանում է: Շ-յան կանխարգելմանը նպաստում են ընդհանուր կազդուրիչ միջոցառումները. կանոնավոր զբոսանքները, սենյակում մաքուր օդի ապահովումը, ամառային արձակուրդների արդյունավետ կազմակերպումը, ֆիզկուլտուրայով զբաղվելը:
ՇՄՈԼ ԳԱԶ (ածխածնի օքսիդ, CO), տարբեր վառելանյութերի ոչ լրիվ այրումից առաջացող անգույն, անհոտ, թունավոր գազ: Շ.գ-ով կարող են թունավորվել բնակելի շինություններում (վառարանով տաքացվող, երբ կափույրը փակում են ավելի շուտ, քան վառելիքը կհասցնի մինչև վերջ այրվել) կամ միացված շարժիչով և փակ պատուհաններով ավտոմեքենայում գիշերելիս: Արտադր. շինություններում թունավորման կանխարգելման համար Շ.գ-ի պարունակությունն աշխատավայրի օդում չպետք է գերազանցի 20 մգ/մ³: Մեծ քանակությամբ Շ.գ. են պարունակում ներքին այրման շարժիչներից արտանետված գազերը: Շ.գ-ի թունավոր ազդեցությունը պայմանավորված է արյան հեմոգլոբինի հետ փոխազդեցության մեջ մտնելու հատկությամբ, որի դեպքում առաջանում է կարբօքսիհեմոգլոբին (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ), որը չի կապում թթվածինը: Արդյունքում առաջանում է թթվածնաքաղց, խանգարվում են հյուսվածքային շնչառությունը, օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի գործունեությունը: Թունավորման բնույթը պայմանավորված է օդում պարունակվող Շ.գ-ի կոնցենտրացիայով, ազդեցության տևողությամբ և անհատ. զգայնությամբ: Թեթև թունավորման դեպքում առաջանում են ծանրության զգացում և անոթազարկ գլխում, ցավեր՝ քունքերի ու ճակատի շրջանում, աղմուկ՝ ականջներում, դող, թուլություն, սրտխփոց, սրտխառնոց, փսխում, շշմածություն, ծանր դեպքերում՝ գիտակցության շփոթ վիճակ, քնկոտություն, բբերի լայնացում, մակերեսային շնչառություն, հաճախացած անոթազարկ, ջղաձգություններ:
Առաջին օգնությունը մինչև բժշկի գալը տուժածին դուրս բերել մաքուր օդ, զգուշորեն քթին մոտեցնել անուշադրի սպիրտով թրջած բամբակ, կուրծքը շփել, ոտքերի տակ ջեռակ դնել, մուգ թեյ կամ սուրճ տալ:
Տես նաև Թունավորումներ:
ՇՆՉԱԴԻՄԱԿՆԵՐ, պահպանիչ հարմարանքներ՝ շնչելիք օդը վնասակար խառնուրդներից զտիչների կամ կլանիչների (սորբենտներ) օգնությամբ մաքրելու համար:
Ըստ նշանակության՝ Շ. լինում են հակաաերոզոլային՝ աերոզոլերից պաշտպանվելու համար, հակագազային՝ գոլորշիագազանման նյութերից պաշտպանվելու համար, և համապիտանի՝ օգտագործվում են օդում միաժամանակ աերոզոլերի և գոլորշիագազանման նյութերի առկայության դեպքում: Շ. կարելի է օգտագործել միայն շրջապատող օդում թթվածնի բավարար քանակության առկայության և վնասակար խառնուրդների սահմանափակ պարունակության ժամանակ:
Հակաաերոզոլային Շ. պատկանում են զտող հարմարանքների տեսակին, որոնց օգտագործման ժամանակ շնչառության օրգաններ թափանցող օդը մաքրվում է աերոզոլերից: Այդպիսի շնչադիմակը կազմված է շնչելիք օդը վնասակար խառնուրդներից մաքրող զտիչից և դիմային մասից, որի օգնությամբ զտիչը միանում