Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2-3 սմ վեր է բարձրանում անրակից՝ մտնելով պարանոցի ստորին հատվածի մեջ: Կողերին հպվող մակերևույթն ուռուցիկ է և զբաղեցնում է ավելի մեծ տարածություն: Ներքին մակերևույթը գոգավոր է, հպվում է սրտին և կրծքավանդակի միջնորմի այլ օրգաններին: Այստեղ է գտնվում թոքի դրունքը, որի միջով թոք են մտնում գլխ. բրոնխը, թոքային զարկերակը, և դուրս են գալիս թոքային 2 երակ: Յուրաքանչյուր թոք ակոսներով բաժանվում է բլթերի. ձախը՝ 2 (վերին և ստորին), աջը՝ 3 (վերին, միջին և ստորին): Բլթերը բաղկացած են հատվածներից (յուրաքանչյուր թոքում՝ 10), հատվածները՝ բլթակներից, որոնց մեջ մտնում են բլթային բրոնխները՝ 1 մմ տրամագծով: Բլթերի մեջ, շարունակելով բաժանվել, բրոնխները փոխարինվում են ծայրային, այնուհետև՝ շնչառ. բրոնխիոլների: Շնչառ. բրոնխիոլները գոյացնում են թոքաբշտիկային ուղիներ, որոնց պատերին տեղադրված են բազմաթիվ մանր բշտիկներ՝ թոքաբշտիկներ. վերջիններիս պատերն արտաքինից պատված են մազանոթների խիտ ցանցով և իրենցից ներկայացնում են 1 մկմ հաստությամբ թաղանթ, որի միջոցով կատարվում է գազափոխանակություն՝ օդի և մազանոթներով հոսող արյան միջև: Հասուն մարդու 2 թոքում գտնվում է ավելի քան 700 մլն թոքաբշտիկ, որոնց շնչառ. ընդհանուր մակերեսը գերազանցում է 100 մ² և մոտավորապես 50 անգամ՝ մարմնի մակերևույթի մակերեսը: Թոքային զարկերակը, բրոնխի ճյուղավորմանը համապատասխան թոքում ճյուղավորվելով մինչև մանրագույն արյան անոթների՝ մազանոթների, սրտի աջ փորոքից թոք է բերում թթվածնից աղքատ երակային արյուն: Մազանոթների տրամագիծը մոտ 10 մկմ է: Մազանոթի լուսանցքով միաժամանակ կարող են անցնել 1-2 էրիթրոցիտ: Գազափոխանակության հետևանքով շնչած օդի թթվածինը մտնում է էրիթրոցիտներ, իսկ ածխաթթու գազն էրիթրոցիտներից անցնում է թոքաբշտիկային օդի մեջ (տես Շնչառություն): Այսպիսով՝ երակային արյունը հարստանում է թթվածնով, փոխակերպվում զարկերակայինի և 2 թոքային երակներով ուղղվում հետ՝ դեպի ձախ նախասիրտը: Արյան այդ ճանապարհը կոչվում է փոքր կամ թոքային արյան շրջանառություն: Գազափոխանակության բարդ գործընթացում տարբերում են 3 հիմն. փուլեր. արտաքին կամ թոքային շնչառություն, գազերի փոխադրում արյան միջոցով դեպի օրգաններ ու հյուսվածքներ և ներքին կամ հյուսվածքային շնչառություն:

Արտաքին շնչառությունը միավորում է թոքում կատարվող բոլոր գործընթացները: Այն իրականացվում է շնչառ ապարատով, որի շարքն են դասվում կրծքավանդակն իր մկանունքով, ստոծանին և թոքերը՝ օդատար ուղիներով:

Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման ֆունկցիա, արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութերի փոխանակության այլ արգասիքներ: Թոքերը մասնակցում են նաև մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը:

Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով:

Կրծքավանդակը ոսկրամկանային զրահ է, որը շնչափողը, բրոնխները, թոքերը և սիրտը պաշտպանում է արտաքին վնասվածքներից: Բացի այդ, կրծքային մկաններն ակտիվորեն մասնակցում են շնչառությանը: Կրծքավանդակի ռիթմիկ կծկումներն ապահովում են թոքերի օդափոխությունը, այսինքն՝ շնչառման ժամանակ օդով լցվելը, իսկ արտաշնչման ժամանակ՝ ածխաթթվով հարուստ և թթվածնից աղքատ ալվեոլային օդի արտամղումը: Օդափոխության մեծ մասն ապահովում է շնչառ. գլխ. մկանը՝ ստոծանին: Շնչառման ժամանակ այն կծկվում է և պնդանում, կրծքի խոռոչը մեծանում է ուղղաձիգ ուղղությամբ, որի հետևանքով ավելանում է նաև նրա ծավալը: Շնչառման փուլում կրծքամզի փակ խոռոչի ծավալը մեծանում է աննշան, սակայն ճնշումն ընկնում է բավականաչափ: Հանգիստ շնչելիս այն 5-7 մմ սս-ով ցածր է մթն. օդի ճնշումից, իսկ ուժեղացած շնչառության ժամանակ կարող է ավելի ցածրանալ: Այդ ուժը գործադրվում է թոքի արտաքին՝ կրծքամզին դարձած մակերևույթի վրա այն ժամանակ, երբ շնչառ. ուղիներով ներքին կամ շնչառ. մակերևույթի վրա ազդում է մթն. ճնշման ուժը, որի հետևանքով մթն. օդը թափանցում է թոքեր՝ մեծացնելով դրանց ծավալը, և դրանով բարձրացնում կրծքամզի խոռոչի ճնշումը: Կրծքամզի խոռոչում բացասական ճնշման նպատակահարմարությունն ակնառու է. այն բարձրացնում է թուլացած ստոծանին, ծանրության ուժի հետ համատեղ (միջկողային մկանունքի կծկման ավարտին) իջեցնում կրծոսկրն ու կողերը, այսպիսով, առանց էներգիայի լրացուցիչ ծախսի, ապահովում պասսիվ արտաշնչումը: Ներկրծքամզային բացասական ճնշում ստեղծող ուժը ստացել է թոքերի առաձգական քարշուժ անվանումը: Շնչառումից և արտաշնչումից կազմված շնչառության այս փուլը հասուն մարդկանց հանգստի ժամանակ կրկնվում է 1 ր-ում 14-18 անգամ: Քնած ժամանակ շնչառությունը դանդաղում է, լարված աշխատանքի ժամանակ՝ հաճախանում: Բացի այդ, թթվածնի հանդեպ հյուսվածքների պահանջներից կախված, փոխվում է նաև շնչառության խորությունը:

Շնչառության գործընթացները կարգավորվում են կենտրոնական նյարդային համակարգի հատուկ բաժնի՝ շնչառ. կենտրոնի միջոցով: Զույգ շնչառ. կենտրոնը կազմված է 2 մասից՝ շնչառման և արտաշնչման կենտրոններից: Բջիջների կողմից թթվածնի ակտիվ օգտագործման ժամանակ արյան մեջ կուտակված ածխաթթուն և մկանային ինտենսիվ աշխատանքի ժամանակ արյան մեջ անցած մեծ քանակությամբ կաթնաթթուն գրգռում են շնչառ. կենտրոնը, որի հետևանքով ավելանում են շնչառության հաճախությունն ու խորությունը: Շնչառության կարգավորման համար կարևոր նշանակություն ունեն թափառող նյարդերի ճյուղերը (որոնցով թոքերից գնացող ազդակները շնչառման