ման կենտրոնի վրա ունենում են արգելակող ազդեցություն):
Հատուկ նշանակություն ունեն ծայրային նյարդային ընկալող ապարատները (քեմոռեցեպտորներ), որոնք տեղադրված են աորտայի պատերում և ընդհանուր քնային զարկերակի ճյուղավորման հատվածներում: Դրանք գրանցում են արյան գազային բաղադրությունը և համապատասխան ազդանշաններ ուղարկում շնչառ. կենտրոն: Արյան մեջ ածխաթթու գազի կոնցենտրացիայի ավելացումը և թթվածնի կոնցենտրացիայի նվազումը հանգեցնում են շնչառ. կենտրոնի դրդման, շնչառության հաճախացման և թոքերի օդափոխության մեծացման: Ածխաթթու գազի կոնցենտրացիայի նվազումն ընկճում է շնչառ. կենտրոնը, այդ դեպքում թոքերի օդափոխությունը պակասում է: Եթե արհեստականորեն ուժեղացած և հաճախացած շնչառման ու արտաշնչման միջոցով առավելագույն չափով ավելացվի թոքերի օդափոխությունը, ապա արյան մեջ ածխաթթվի քանակը կնվազի, որի հետևանքով կարող է առաջանալ շնչառության ժամանակավոր կանգ: Այս երևույթից օգտվում են սուզորդները՝ մարգարիտ որոնելիս: Սուզվելուց առաջ, կատարելով թոքերի ուժեղացած օդափոխություն, նրանք շունչը պահում են և կարող են մի քանի ր գտնվել ջրի տակ:
Շնչառ. կենտրոնում 4 վրկ-ում 1 անգամ նյարդային ազդակներն առաջացնում են ստոծանու և շնչառ. այլ մկանունքի կծկում: Շնչառում-արտաշնչում շնչառ. փուլը նպատակահարմար է ամբողջ օրգանիզմի մկանային գործունեության հետ համաձայնեցնել այնպես, որ կրծքի պատերի շնչառ. մկանունքը և ստոծանին կարողանան կծկվել ներդաշնակորեն՝ չխանգարելով շարժումներն ամբողջությամբ: Դրան նպաստում են շնչառ. մարմնամարզությունը և մեծ թվով ֆիզ. վարժություններ, որոնց մի մասը համաժամյա է շնչառման, մյուսները՝ արտաշնչման հետ:
Յուրաքանչյուր շնչառման ժամանակ թոքեր է մտնում 500 մլ օդ: Ամենախոր շնչառման ժամանակ կարելի է լրացուցիչ շնչել մոտ 1500 մլ, իսկ ամենախոր արտաշնչման ժամանակ արտաշնչել ևս 1500 մլ պահեստային օդ, որից հետո Շ.հ-ում դեռևս մնում է մոտ 1500 մլ օդ: Օդի ոչ ամբողջ ծավալն է մասնակցում գազափոխանակությանը: Յուրաքանչյուր շնչառման ժամանակ մոտ 150 մլ օդ է մնում քթի խոռոչում, ըմպանի բերանային մասում, քթաըմպանում, կոկորդում, շնչափողում և բրոնխներում: Այդ ծավալն անվանում են վնասակար տարածություն: Այսպիսով՝ որքան շնչառությունը մակերեսային է, թոքերում օդափոխանակությունն այնքան ավելի քիչ աստիճանով է կատարվում: Եթե յուրաքանչյուր փուլում շնչեն և արտաշնչեն 150 մլ օդ, ապա որքան էլ հաճախ կատարեն այդպիսի շնչառ. շարժումները, 30-40 վրկ հետո խորը շնչելու անզուսպ ցանկություն է առաջանում: Քանի որ վնասակար տարածության ծավալը մոտ 150 մլ է, շնչած յուրաքանչյուր 500 մլ-ից միայն 350 մլ-ն է հասնում թոքաբշտիկներին, իսկ 1 ր-ում թոքաբշտիկային օդափոխության ծավալը կազմում է մոտ 5 լ: Այդ ծավալից մոտ 300 մլ թթվածին է ներթափանցում արյան մեջ և այնտեղից դուրս մղում 250 մլ ածխաթթու գազ: Հետևաբար՝ գազափոխանակությանը մասնակցում է շնչառության ծավալի 5 %-ից պակասը: Ֆիզ. բեռնվածության ժամանակ թթվածնի պահանջը կարող է հասնել 4-6 լ, իսկ օդափոխության ծավալը՝ 20 անգամ ավելանալ: Սովորաբար շնչառ. կենտրոնն այնպես է կարգավորում շնչառության հաճախությունն ու ամպլիտուդը, որ մթնոլորտի և արյան միջև թոքաբշտիկային օդի գազափոխանակության ուժգնությունը հավասար է: Դրա շնորհիվ թոքաբշտիկային օդի բաղադրությունը բավականաչափ կայուն է: Այսպես կոչված՝ վնասակար տարածության կառուցվածքները չափազանց օգտակար են այլ տեսակետից: Շնչած օդն այստեղ մաքրվում է, խոնավանում և տաքանում: Այստեղ են գտնվում շնչառ. պաշտպան. ռեֆլեքսների (հազ, փռշտոց) ռեֆլեքսածին գոտիները, ինչպես նաև հոտառ. վերլուծիչի ծայրային բաժինը (տես Հոտառություն): Շնչելիս վերին շնչուղիների դիմադրությունը լրացուցիչ բացասական ճնշում է ստեղծում կրծքամզային խոռոչում (ուժեղացած շնչառման ժամանակ մինչև 30 մմ սս), որն արագացնում է արյան հոսքը դեպի սիրտը և մեծացնում արյան րոպեական ծավալը (տես Սիրտանոթային համակարգ):
Թոքերի շնչառ. ֆունկցիան հետազոտելու համար չափում են, այսպես կոչված, թոքերի կենսական տարողությունը՝ օդի առավելագույն ծավալը, որը կարելի է ուժեղ արտաշնչել՝ ամենախոր շնչառումից հետո: Այն միջին հաշվով հավասար է 3,5 լ, իսկ լավ մարզված անձանց մոտ կարող է հասնել 6 լ: 1 ր-ում թոքերով անցած օդի ծավալը կոչվում է շնչառության րոպեական ծավալ: Բնականոն պայմաններում այն 6-9 լ է: Մկանային աշխատանքի ժամանակ (օրինակ՝ մարզիկների մոտ վազելիս) այն հասնում է մինչև 25-30 լ:
Շ.հ. կատարում է նաև ոչ շնչառ. ֆունկցիաներ. օրինակ՝ կոկորդը և վերին շնչուղիների մյուս մասերը մասնակցում են ձայնառաջացմանը, թոքերը շրջակա միջավայր են արտազատում որոշ նյութեր (օրինակ՝ ջուր, ալկոհոլ), սինթեզում կենսաբանորեն ակտիվ միացություններ (տես Շնչառություն):
Շնչառության օրգանների հիվանդությունները և դրանց կանխարգելումը: Շ.հ-ի հիվանդությունները (բրոնխաբորբ, թոքաբորբ, շնչափողաբորբ, կոկորդաբորբ, կրծքամզի բորբոքում, սուր շնչառական հիվանդություններ ևն) տարածված են համարյա բոլոր մայրցամաքներում՝ բնակչության տարբեր խավերի մեջ, անկախ սեռից և տարիքից: Շնչուղիների և թոքերի սուր հիվանդությունների մեծ մասի հարուցիչներն են վիրուսները, բակտերիաները, մակաբույծ սնկիկները: Շ.հ-ի հիվանդությունների առաջացման մեջ կարևոր նշանակությունն ունի տուբերկուլոզային վարակը (տես Տուբերկուլոզ): Մի շարք վարակիչ հիվանդություններ (գրիպ, կապույտ հազ, կարմրուկ) նույնպես ուղեկցվում են շնչառ. ուղիների ախտահարմամբ: Արտաքին աշխարհի հետ շնչառության օրգանների մշտ. շփումը հեշտացնում է վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներթափանցումը, որոնք օդ են ընկնում հիվանդի թքի կամ լորձի կաթիլների հետ: Շ.հ-ում մշտապես գտնվում են տարբեր միկրոօրգանիզմներ, բայց նրանց հիվանդածին ազդեցությունն ի հայտ է գալիս միայն օրգանիզմի խիստ թուլացման (օրինակ՝ գերսառեցում, գերհոգնածություն) և պաշտպան. ուժերի նվազման ժամանակ: Հաճախ Շ.հ-ի հիվանդություններն սկսվում են նրա վերին բաժինների (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) ախտահարմամբ, այնուհետև ախտաբան. գործընթացի մեջ ընդգրկվում են նաև շնչառ. ուղիների մնացած բաժինները (շնչափող, բրոնխներ, թոքաբշտիկներ):
Շ.հ-ի մակաբուծ. հիվանդություններից հանդիպում է թոքերի էխինոկոկոզը, որի հարուցիչը դասվում է որդերի շարքը և փոխանցվում է կատուների ու շների միջոցով:
Շ.հ-ի օրգաններում բորբոքումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներթափանցմամբ, այլև օրգանիզմի վրա անբարենպաստ ուրիշ գործոնների (արտաքին միջավայրի ազդակների, մյուս օրգանների և համակարգերի վիճակի, իսկ մի շարք դեպքերում՝ օրգանիզմի հակազդունակության հատուկ վերակառուցման՝ ալերգիայի, ազդեցությամբ: Շնչառությունը և թթվածնով օրգանիզմի ապահովումն իրականանում են մթն. օդի հաշվին,