Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներծծվելով Ա-ի հյուսվածքներում, ապահովում են պատրաստուկի հավասարաչափ քանակությունը և խուսափում են կաթիլի կամ քսուքի հաճախակի օգտագործումից:

Խոնավ տաքացնող կոմպրես դնելու համար 5-10 շերտ ծալած թանզիֆը (6x8 սմ չափերով) թրջում են եռացրած տաք ջրով կամ բժշկի նշանակած դեղորայքով, քամում և դնում փակ կոպերին: Թանզիֆի վրա դնում են փոքր-ինչ մեծ չափերով մոմլաթ կամ մագաղաթե թուղթ, մոխրագույն բամբակ, այնուհետև, կոմպրեսը բինտով կապում են և թողնում 6-8 ժ:

Ա-ի թրջոցներ պատրաստում են հետևյալ ձևով, ջրով կամ դեղորայքով թրջած մաքուր բամբակը դնում են փակ կոպերին՝ 5-10 ր մեկ փոխելով այն: Բուժարարողության տևողությունը 30-60 ր է:

Ջերմային բուժարարողություն նշանակելիս հարմար է օգտագործել ռետինե ջեռակ, որը լցնում են տաք ջրով (60-80°C): Ջեռակը դնում են փակ կոպերին, մաքուր անձեռոցիկի կամ սրբիչի վրայից, տևողությունը՝ 20-30 ր: Եթե ջեռակի ծանրությունից առաջանում են տհաճ զգացողություններ, հիվանդին շրջում են կողքի այնպես, որ ախտահարված Ա. դեպի ներքև լինի, իսկ ջեռակը տեղավորում են բարձին: Ռետինե ջեռակի փոխարեն կարելի է վերցնել տաք ջրով լցրած ցանկացած շիշ (ցանկալի է հարթ): Նշված բոլոր բուժարարողությունները կատարում են միայն բժշկի նշանակմամբ, քանի որ դրանք կարող են առաջացնել լուրջ բարդություններ:

ԱՉՔԻ ԼՈՒՍԱԲԵԿՈՒՄ, տես Աչք հոդվածում:

ԱՉՔԻ ՀԱՐՄԱՐՈՒՄ, տես Աչք հոդվածում:

ԱՉՔԻ ՊՐՈԹԵԶ, ապակե կամ պլաստմասսայե արհեստ. աչք: Ըստ ծիածանաթաղանթի և սպիտապատյանի գույնի՝ Ա.պ պետք է համապատասխանի առողջ աչքին, ըստ ձևի և չափի՝ շաղկապենային խոռոչին:

Խորհուրդ է տրվում Ա.պ. գիշերը հանել, մշակել բորաթթվի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ) և պահել չոր վիճակում: Դպրոց. և պատանեկան տարիքում պրոթեզը մշակելուց հետո նորից հարկավոր է տեղադրել ակնաճեղքում (գիշերն այն հանել խորհուրդ չի տրվում, քանի որ հնարավոր է բացակայող աչքի ակնախոռոչի ոսկրերի աճի կասեցում): Ա.պ. մաշվելու դեպքում (առաջանում են խորդուբորդություն, ճաքեր) անհրաժեշտ է փոխարինել նորով (սովորաբար՝ 1,5-2 տարի անց):

Ա.պ. ակնաճեղք են դնում հետևյալ կերպ. լայն ծայրն ուղղում են դեպի քունքը՝ գոգությամբ դեպի վեր, վերին կոպը վեր են բարձրացնում և դրա տակ տեղադրում պրոթեզի լայն եզրը, ստորին կոպը հետ են քաշում այնքան, որ այն գտնվի պրոթեզի եզրից ցած: Կոպը բաց թողնելիս պրոթեզն ակնակապիճում ճիշտ դիրք է գրավում: Պրոթեզը հանում են՝ ստորին կոպը հետ քաշելով և դրա վրա սեղմելով:

ԱՉՔԻ ՏԱՐԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ, աստիգմատիզմ, աչքի օպտիկ. արատ, որի դեպքում 1 աչքում զուգակցվում են բեկունակությւսն տարբեր ձևեր (հեռատեսություն, կարճատեսություն և բնականոն) կամ նույն ձևի տարբեր աստիճաններ: Սովորաբար դա պայմանավորված է եղջերաթաղանթի կորության ոչ միանմանությամբ, հազվադեպ՝ ոսպնյակի ձևի անկանոնությամբ (տես Աչք): Ա.տ-յան ժամանակ ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկեր ստանալն անհնար է: Այստեղից՝ լատ. աստիգմատիզմ անվանումը (կիզակետի բացակայություն): Ա.տ-յան ժամանակ տեսողության սրությունը հնարավոր է բարձրացնել հատուկ, այսպես կոչված, գլանաձև տեսապակիներ ունեցող ակնոցով, իսկ որոշ դեպքերում՝ անմիջապես եղջերաթաղանթին հպվող տեսապակիներով (տես Ակնոց):

Երեխաների Ա.տ., օրգանիզմի աճմանը զուգընթաց, հաճախ փոխվում է, ուստի հարկավոր է տարին 1 անգամ աչքն ստուգել և համապատասխան ակնոց ընտրել: Հասուն մարդկանց Ա.տ., որպես կանոն, կայուն է:

ԱՊԱԱԿՏԻՎԱՑՈՒՄ, ռադիոակտիվ նյութերի հեռացումը հագուստից, տեխնիկայից, շինություններից, տեղանքից, ջրից և այլ վարակված օբյեկտներից՝ մարդկանց վարակումը կանխելու նպատակով: Նշված նյութերը չի կարելի ոչնչացնել (ինչպես միկրոօրգանիզմները) կամ չեզոքացնել (ինչպես քիմ. նյութերը): Ա-ման հիմն. խնդիրը ռադիոակտիվ նյութերով վարակման մակարդակի նվազեցումն է մինչև սահմանային թույլատրելի մեծությունը: Այդ նպատակով օգտագործում են ֆիզ., քիմ., ֆիզքիմ. և կենսբ. մեթոդներ: Առարկայի մակերևույթին նստած ռադիոակտիվ փոշին հեռացնում են ֆիզ. մեթոդներով (ջրով լվացում, լաթով սրբում ևն): Եթե դրանք նվազ արդյունավետ են, և այդ նյութերն ավելի ամուր են կպած վարակված իրերին, կիրառում են քիմ. և ֆիզքիմ. մեթոդներ (թթուների, ալկալիների, լվացամիջոցների և այլ միացությունների լուծույթներ, որոնք, փոխազդելով ռադիոակտիվ նյութերի հետ, առաջացնում են լուծելի կոմպլեքսներ): Վերջիններս հեշտությամբ հեռացվում են ջրով: Հագուստի Ա-ման հասարակ եղանակներ են թափահարելը, փայտով հարվածելը, խոզանակով, փոշեկուլով մաքրելը, իսկ եթե դրանք նվազ արդյունավետ են, ապա՝ հատուկ լվացքատներում լվացամիջոցներով լվանալը: Հեղուկների Ա-ման համար օգտագործում են իոնափոխանակային խեժեր, փրփրագոյացման, մակարդման (կոագուլում), նոսրացման և այլ մեթոդներ, իսկ ջրի համար՝ նաև կենսբ. զտիչներ: Լավ փաթեթավորված մթերքների Ա-ման նպատակով խնամքով լվանում են փաթեթները, իսկ չփաթեթավորված մթերքներից հեռացնում են վերին՝ ռադիոակտիվ նյութերով վարակված շերտը: Էժանագին փոքրաքանակ մթերքները ոչնչացնում են: Արագ տրոհվող (կիսատրոհման փոքր պարբերությամբ) ռադիոակտիվ նյութերով ջրի, սննդամթերքի և այլ օբյեկտների վարակման դեպքում ռադիոակտիվության փոքրացումը տեղի է ունենում բնական տրոհման հաշվին (մինչև անվտանգ մակարդակը):

Զինված ուժերում Ա. իրականացնում է անձնակազմը՝ ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների կարգադրությամբ՝ առանց մարտ. խնդիրների կատարումը դադարեցնելու կամ դրանք ավարտելուց հետո, որպես կանոն, չվարակված շրջանում, անմիջապես զորամասերում և ստորաբաժանումներում կամ հատուկ մշակման կետերում: Բնակչության Ա. իրականացվում է սեփական ուժերով կամ քաղաքաց. պաշտպանության հիմնարկների և կազմավորումների օգնությամբ: Կատարման որակը հսկվում է