Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժողությունը, սրտի աշխատանքը): Հևոցը պակասեցնելու և աշխատունակությունը բարձրացնելու համար շնչառ. անբավարարությամբ և ավելցուկային քաշով հիվանդներին խորհուրդ է տրվում նիհարել՝ անշուշտ, այդ նպատակով չօգտագործելով «հարևանի վրա լավ ազդող» սննդակարգը, շոգեբաղնիքը կամ վազքը: Բժիշկն ընդունում է միակ ճիշտ և խիստ անհատ. որոշումը: Նման դեպքում անվիճելիորեն հանձնարարվում է սննդակարգ և շարժող. ակտիվության խելամիտ ավելացում: Թոքերում և կրծքամզային խոռոչում թարախային գործընթացների առկայության ժամանակ, որոնք հանգեցնում են օրգանիզմի թունավորման, հակառակը, հարկավոր է լավացնել սննդի որակը՝ ավելացնելով լիարժեք սպիտակուցների քանակը: Սպիտակուցներով հարուստ սննդակարգը վերացնում է դրանց՝ հյուսվածքների քայքայմամբ պայմանավորված անբավարարությունը և ուժեղացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Սնունդը պետք է հագեցած լինի A, D, C վիտամիններով և B խմբի վիտամինների համալիրով: Լիարժեք (բայց ոչ ավելցուկային) սնունդը շնչառ. համակարգը բնականոն վիճակում պահելու գրավական է (տես Սնուցում):

Շնչառ. օրգանների հիվանդություններով տառապողների առողջացման և աշխատունակության վերականգնման համար կարևոր նշանակություն ունի առողջարանաառողջավայրային բուժումը: Ավելի օգտակար են օդի մաքրությամբ, թթվածնի հագեցածությամբ, մեղմ կլիմայական գոտիները: Ֆիզիկապես թույլ հիվանդներին խորհուրդ է տրվում հարթավայրային առողջավայրեր: Հարկավոր է առավելություն տալ այն տեղանքին, որը գտնվում է հիվանդի մշտ. բնակության գոտում: Օրինակ՝ Դիլիջանը, Ղրիմի հվ ափը հանրաճանաչ առողջավայրեր են թոքերի քրոնիկ. հիվանդություններով տառապողների համար, սակայն հիվանդի օրգանիզմի որոշ առանձնահատկությունների, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների բնույթի հետ կապված՝ դրանք կարող են հակացուցվել: Առողջավայրային բուժումը ցուցված է հիվանդության քրոնիկ. շրջանում, երբ շնչառ. և սրտային անբավարարության երևույթներն արտահայտված չեն: Կլիմայական առողջավայրի և եղանակի ընտրությունը մշտապես համաձայնեցնում են բժշկի հետ:

Շ.հ-ի հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար կարևոր են առողջապահության մարմինների կողմից կիրառվող կանխարգելիչ բժշկական զննումները և դիսպանսերացումը:

ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, գործընթացների ամբողջություն, որն ապահովում է թթվածնի ներթափանցումը օրգանիզմ, օքսիդացման գործընթացներում նրա օգտագործումը և այնտեղից ածխաթթու գազի հեռացումը: Սկզբում, Շ. ասելով, հասկանում էին միայն արտաքին Շ.՝ օդի անմիջական շնչումն ու արտաշնչումը (տես Շնչառական համակարգ), ավելի ուշ՝ շրջակա միջավայրի ու բջիջների միջև տեղի ունեցող գազափոխանակությունը: Ի վերջո, երբ հայտնի դարձան բջջում փոխանակային գործընթացների մանրամասները, «Շ.» հասկացության մեջ ներառվեցին նաև այն բարդ ռեակցիաները, որոնք ապահովում են թթվածնի ծախսը և դրա հետևանքով ստացված էներգիայի փոխակերպումը կենսբ. օգտագործման համար մատչելի ձևի (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն):

Երկրի վրա կյանքը գոյություն ունի արևի ճառագայթած ջերմության և էներգիայի շնորհիվ: Հենց այդ էներգիան են օգտագործում կանաչ բույսերը ֆոտոսինթեզի ընթացքում «շնչած» ածխաթթու գազով և «խմած» ջրով օրգ. նյութերի մոլեկուլներ սինթեզելիս: Այդ նյութերն անհրաժեշտ են բուս. օրգանիզմների բոլոր ֆունկցիաներն իրականացնելիս:

Մարդը և կենդանիները հարմարվել են էներգիա ստանալ բույսերի սինթեզած օրգ. նյութերից: Որպեսզի օգտագործվի օրգ. նյութերի մոլեկուլներում եղած էներգիան, անհրաժեշտ է այն անջատել՝ նյութերը օքսիդացնելով: Առավել հաճախ որպես օքսիդիչ օգտագործվում է օդի թթվածինը (Օ2), որը կազմում է շրջակա մթնոլորտի ծավալի գրեթե 21 %-ը: Սակայն միշտ այդպես չի եղել: Ավելի քան 600 մլն տարի առաջ՝ վաղ քեմբրյան ժամանակաշրջանում, մթնոլորտում Օ2 գործնականում չի եղել: Այդ ժամանակաշրջանի սկզբում բույսերը (հիմնականում ծովային ջրիմուռները) կարող էին «շնչել» այժմյան Օ2-ի քանակի միայն 1 %-ը, մնացածը բաժին էր ընկնում ածխաթթու գազին (CՕ2) և ազոտին: Քարածխային ու պերմի դարաշրջաններում (350-285 մլն տարի առաջ), ցամաքային բույսերի ի հայտ գալով և բուռն զարգացմամբ պայմանավորված, մթնոլորտում աճել է Օ2-ի քանակը և նվազել CՕ2-ի կոնցենտրացիան: Միայն կավճի դարաշրջանում (140 մլն տարի առաջ) է մթնոլորտը ձեռք բերել ժամանակակից կազմությունը: Կենսբ. էվոլյուցիայի արշալույսին՝ ավելի քան 600 մլն տարի առաջ, կենդանի օրգանիզմները հարկադրված են եղել էներգիա ստանալ՝ առանց օգտագործելու մթնոլորտի թթվածինը որպես օքսիդիչ: Ոչ թթվածնային (անօդակյաց) Շ-յան ժամանակ ճեղքվում է օրգ. նյութի մոլեկուլը և օքսիդանում հենց մոլեկուլներում պարունակվող թթվածնով: Շատ կենդանի օրգանիզմների (օրինակ՝ խմորասնկերի) Շ. մինչև այսօր անօդակյաց է: Քանի որ այդպիսի Շ-յան դեպքում էներգիայի 90 %-ից ավելին փոխանակության թերօքսիդացած նյութերի հետ ապարդյուն կորչում է, ուստի օրգանիզմների մեծ մասն «անցել է» օրգ. նյութերն օդի Օ2-ով օքսիդացնելու միջոցով էներգիայի ստացմանը (Շ-յան օդակյաց եղանակ): Երբեմն հնարավոր է նաև վերադարձ Շ-յան հին՝ անօդակյաց եղանակին: Օրինակ՝ մարդու սաղմը զարգացման սկզբն. փուլում էներգիա ստանում է անօդակյաց Շ-յան միջոցով: Մեկ այլ դեպքում՝ ֆիզ. մեծ բեռնվածության ժամանակ, մարդը շատ ինտենսիվ է շնչում, սակայն խաղողաշաքարի լիարժեք օքսիդացման համար թթվածինը չի բավարարում մկանային հյուսվածքներին, ուստի օգնության է հասնում անօդակյաց մեխանիզմը՝ խաղողաշաքարն օքսիդացնելով մինչև կաթնաթթվի: Անօդակյաց Շ. բնորոշ է նաև ուռուցքային բջիջներին:

Սովոր. պպյմաններում օդակյաց բջջային Շ-յան համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր բջիջ թթվածին ստանա և ապահովվի ածխաթթու գազի հեռացումը: Բնության մեջ հայտնի է գազերի տեղափոխման 2 եղանակ: Միջատների և այլ հոդվածոտանիների մարմնի բոլոր բջիջներին օդն անմիջապես հասնում է օդաջրատար խողովակների համակարգով: Կենդանի բնության մեջ ավելի լայն տարածում ունի գազափոխադրման միջնորդավորված եղանակը, Երբ Շ-յան մասնագիտացված օրգաններից (թոքեր, խռիկներ) Օ2-ը արյան միջոցով (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ) հասցվում է հյուսվածքներին, որտեղ արյունը հավաքում է կուտակված CՕ2-ը և փոխադրում շնչառ. օրգաններին, որտեղից էլ հեռացնում շրջակա միջավայր:

Մարդու Շ. ներառում է մթն. օդի և թոքաբշտիկների օդի փոխանակությունը (արտաքին Շ.), գազափոխանակությունը թոքաբշտիկի օդի և երակային արյան միջև, գազերի փոխադրումը արյան միջոցով, գազափոխանակությունը արյան ու հյուսվածքների միջև և բջջային Շ-յան մեխանիզմը:

Գազափոխանակությունը թոքերում: Շնչառ. շարժումների հաճախությունն ու խորությունը պայմանավորող կենտր. նյարդային համակարգի շնչառ. կենտրոնն արտաքին Շ. հարմարեցնում է