Թոքերի հիվանդությունների բուժման նոր փուլ է վիրահատ. բուժումը. պահպանող. մեթոդների անարդյունավետության կամ անհաջողության դեպքում առողջացումը հնարավոր է թոքի լրիվ կամ մասնակի հեռացմամբ (ուռուցքների, թոքերում և կրծքամզային խոռոչում թարախային գործընթացների դեպքերում):
Շ.հ-ի հիվանդությունների կանխարգելումը մասամբ պայմանավորված է առավել տարածված վարակիչ հիվանդությունների (գրիպ, կարմրուկ, կապույտ հազ) նկատմամբ հակահամաճարակային միջոցառումների հաջող կատարմամբ (կանխարգելիչ պատվաստումների անցկացում, հիվանդների մեկուսացում՝ նրանց հետ շփման սահմանափակմամբ, մանկ. կոլեկտիվների պաշտպանում): Սուր շնչառ. հիվանդությունների կանխարգելման անհատ. միջոցառումները նախատեսում են շինության (բնակարանի) լավ օդափոխություն, տանը գտնվող հիվանդների խնամքի կանոնների պահպանում (տես Հիվանդի խնամք):
Վնասակար սովորություններից (ծխել, ալկոհոլային խմիչքների չարաշահում) կտրականապես հրաժարումը չափազանց կարևոր է Շ.հ-ի օրգանների առողջության համար: Կիսամիջոցներն այդ տեսակետից քիչ են արդարացնում: Կարևոր նշանակություն ունի նաև բնակարանի հիգիենան. անբավարար օդափոխության ժամանակ բնակարանում թթվածնի կոնցենտրացիան նվազում է, ածխաթթու գազինը և վնասակար այլ գործոններինը՝ ավելանում, իսկ ցուրտ և խոնավ շինության մեջ երկարատև մնալը նպաստում է վերին շնչուղիների հիվանդությունների առաջացմանը: Շինությունում օդի լավագույն վիճակը (ջերմաստիճանը՝ 18-20° C, հարաբեր. խոնավությունը՝ 60-80 %) ձեռք է բերվում բազմակի օդափոխությամբ, սառը օդը տաքացնելով, հատուկ հարմարանքներով խոնավացնելով (տես Բնակարան, Օրորակում): Օգտակար է բաց օդանցքով սենյակում կամ մաքուր օդում քնելը:
Կանոնավոր շնչառությունը, որի դեպքում օդատար ուղիներով անցնող օդը բավականաչափ տաքանում է, խոնավանում և մաքրվում, նույնպես կարևոր է Շ.հ-ի հիվանդությունների կանխարգելման համար: Շնչառությունը պետք է լինի հանգիստ, հավասարաչափ, ռիթմիկ, բավականաչափ խորը և իրականացվի քթով: Քթային անցուղիներում խոչընդոտների (քթի միջնապատի ծռում, գեղձանմաններ, պոլիպներ) առկայության դեպքում հարկավոր է դրանք ժամանակին հեռացնել: Քայլելիս կամ ֆիզ. վարժություններ կատարելիս հարկավոր է ոչ միայն պահպանել շնչառության ռիթմիկությունը, այլև այն ճիշտ զուգորդել վերջույթների շարժման ռիթմի հետ (շնչառում՝ 2-3 քայլի վրա, արտաշնչում՝ 3-4 քայլի վրա): Այդ համամասնությունը հարկավոր է պահպանել հատկապես արագ քայլելիս, վազելիս:
Շնչառության ռիթմի կորուստը հանգեցնում է թոքերում գազափոխանակության խանգարման, հոգնածության, հևոցի: Հայտնի է, որ շնչառության հաճախությունը, խորությունը, շնչառման ու արտաշնչման հերթականությունն ազդում են դեպի թոքեր արյան հոսքի վրա (1 ր-ում թոքերով անցնող 6-9 լ օդին բաժին է ընկնում 5 լ արյուն): Շնչառության խանգարման ժամանակ արյան հոսքը կարող է պակասել, թթվածնով հագեցումը՝ նվազել:
Կանոնավոր շնչառությունը ձեռք է բերվում նաև շնչառ. հատուկ համալիր վարժություններով.
1. Ոտքերը դնել ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ որովայնի վերին մասին: 1, 2 հաշվին՝ շնչել, 3, 4, 5-ին՝ արտաշնչել:
2. Ձեռքերը դնել մեջքին և դաստակները միացնել: 1 հաշվին՝ շնչել, 2, 3, 4-ին՝ արտաշնչել:
3. Ձեռքերը դնել ծոծրակին: 1, 2 հաշվին՝ շնչել, 3, 4, 5, 6-ին՝ արտաշնչել:
4. Ոտքերը միացնել իրար, ձեռքերը հետ տանել և ցած թողնել: 1, 2 հաշվին՝ շնչել, 3, 4, 5, 6-ին՝ արտաշնչել: Հարկավոր է շնչել քթով, բերանը՝ փակ:
Մթն. օդի աղտոտվածության դեմ պայքարը թոքերի հիվանդությունների կանխարգելման կարևոր գործոններից է: Լայնորեն կիրառվում են բնության, այդ թվում՝ օդային ավազանի պահպանության միջոցառումներ (տես Շրջակա միջավայրի պահպանություն): Խոշոր քաղաքների բնակիչներին խորհուրդ է տրվում հանգստյան օրերն անցկացնել քաղաքամերձ, հետիոտն անցումներով կանաչ գոտիներում, ինչպես նաև արձակուրդն անցկացնել բարենպաստ կլիմայով գոտիներում:
Բրոնխների և թոքերի քրոնիկ. բորբոքային հիվանդությունների սրացումների կանխարգելմանը նպաստում են բժշկի նշանակած շնչառ. մարմնամարզության կանոնավոր պարապմունքները, որովայնային շնչառության զարգացումը: Կարևոր է վարակի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը: Քթի հավելյալ ծոցերում և նշագեդձերում (տես Նշագեղձերի բորբոքում) վարակի օջախի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և համբերատարությամբ կատարել նրա նշանակումները:
Օրգանիզմի կոփումը և մարզումը մթն. անբարենպաստ գործոնների ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ են: Կոփումը պետք է լինի աստիճանաբար և երկարատև: Այդ սկզբունքները հատկապես պետք է պահպանել շնչառության օրգանների քրոնիկ. հիվանդությունների բուժման ժամանակ (կտրուկ սրացումների ժամանակ կոփող բուժարարողությունները հակացուցված են): Գոյություն ունի տարբեր կոփող միջոցառումների մեծ համալիր (օդային լոգանքներ, շփումներ, լողանալը ևն): Դրանց ազդեցության ժամանակ տեղի է ունենում բոլոր օրգանների ու համակարգերի (հատկապես՝ սիրտանոթային, շնչառ. և նյարդային) վերակառուցում, որն ապահովում է ցածր ջերմաստիճանի ազդեցության հանդեպ օրգանիզմի կայունությունը: Այդ նպատակին է ծառայում նաև ֆիզկուլտուրան: Ֆիզ. վարժությունները նպաստում են մկանային լարվածության, այդ թվում՝ շնչառ. մկանների ամրապնդմանը, բարենպաստ են ազդում արյան շրջանառության, գազափոխանակության վրա և հատկապես ուժեղացնում են թոքերի օդափոխությունը: Բուժ. մարմնամարզությունը հատուկ տեղ ունի ծանր վնասվածքների, սիրտանոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների ժամանակ, հետվիրահատ. շրջանում առաջացած կանգային երևույթների կանխարգելման համար: Այստեղից հետևում է, որ ֆիզ. վարժությունների ընտրությունը պետք է կատարի բժիշկը:
Վարակի հանդեպ օրգանիզմի կայունությունը բարձրացնում են բավարար քանակով վիտամիններ, հատկապես՝ C (ասկորբինաթթու) ներմուծելով, որի անբավարարությունն առավել սուր է զգացվում գարնանը (տես Վիտամիններ): Մինչև վերջին ժամանակները բուժ. սննդին կարևոր նշանակություն էին տալիս թոքերի հիվանդությունների, հատկապես թոքերի տուբերկուլոզի ժամանակ, երբ բուժման արդյունավետ միջոցները բացակայում էին: Հիվանդներին գիրացնում էին, ցանկացած միջոցներով հասցնում քաշի ավելացման: Գոյություն ուներ կարծիք, որ հատուկ բուժիչ հատկություններով են օժտված գորշուկի յուղը, շան ճարպը, արջի յուղը: Իրականում դրանք, մյուս սովոր. ճարպերի համեմատությամբ, բուժիչ և համային առավելություններ չունեն: Սակայն օրգանիզմը ճարպերով ծանրաբեռնելը հանգեցնում է ճարպային փոխանակության խանգարման, շնչառ. և հատկապես սրտային անբավարարության ժամանակ ստեղծում լրացուցիչ բեռնվածություն (ստոծանու բարձր դիրքը դժվարացնում է թոքերի