Բուժօգնությունը ցույց է տրվում պատահարի վայրում, անհրաժեշտության դեպքում՝ նաև հիվանդանոցի ճանապարհին՝ հատուկ սարքավորումներով հանդերձված Շ.բ.օ-յան փոխադրամիջոցներում: Բացի այդ, Շ.բ.օ-յան ծառայությունը բուժող բժշկի հայտով հիվանդներին, ծննդկաններին հասցնում է հիվանդանոց:
Շ.բ.օ. արտահիվանդանոցային բուժօգնության կարևորագույն օղակներից է և իրականացվում է շուրջօրյա: Շ.բ.օ-յան գծային բրիգադը հրավիրվում է կարգավար. ծառայության միջոցով՝ 1-03 հեռախոսահամարով:
Շ.բ.օ-յան անձնակազմը միայն բուժօգնություն է ցույց տալիս և հիվանդների հետագա զննում ու բուժում չի իրականացնում, ուստի անաշխատունակության թերթիկ, դատաբժշկ. փորձաքննության եզրակացություններ, ինչպես նաև հիվանդներին կամ նրանց հարազատներին տեղեկանք տալու իրավունք չունի:
Առողջապ-յան մարմիններն ու հիմնարկները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Շ.բ.օ-յան ծառայության կատարելագործման (ապահովում են մասնագիտացված փոխադրամիջոցներով ու կապի միջոցներով, հանդերձում ժամանակակից սարքավորումներով, անհրաժեշտ դեղանյութերով) և աշխատանքի որակի լավացման հարցերը: Տարեցտարի ավելանում է Շ.բ.օ-յան մեքենաների թիվը, բարելավվում է դրանց տեխ. զինվածությունը: Շ.բ.օ-յան մեքենաները թափքին ունեն համապատասխան գրություն և 1-03 պայմանանիշ, երթևեկության նախապատվություն տվող հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ: Քաղաքներում ու մարզերում ստեղծվել են Շ.բ.օ-յան սրտաբան., նյարդաբան., թունաբան., մանկաբուժ., վերակենդանացման և մասնագիտացված այլ բրիգադներ, որոնք, որպես կանոն, մեկնում են Շ.բ.օ-յան գծային բրիգադի բժշկի կանչով: Մասնագիտացված բրիգադների ստեղծումը թույլ է տալիս բարելավել Շ.բ.օ-յան որակը: Շ.բ.օ-յան կայաններն ամեն օր իրականացնում են բազմաթիվ կանչեր: Յուրաքանչյուրի պարտքն է ըմբռնումով վերաբերվել այդ ծառայության բարդ խնդիրներին, չհիմնավորված կանչեր չտալ, որը կարող է Շ.բ.օ-յան կարիք ունեցողի կամ տուժածի առողջություն և կյանք արժենալ:
ՇՐԹՆԱԲՈՐԲ, շրթունքների մաշկի, լորձաթաղանթի և կարմիր երիզի բորբոքում: Կարող է առաջանալ շրթունքների վնասվածքի, ճաքերի դեպքում, այրվածքների (հատկապես՝ թթուներով, հիմքերով) հետևանքով, ինչպես նաև արևի տակ, սառնամանիքի, քամու պայմաններում երկար ժամանակ մնալիս: Շրթունքները կարող են բորբոքվել մակաբույծ սնկերով (կանդիդոզ) կամ վիրուսներով (տենդաբշտիկ) վարակվելիս:
Շ. հաճախ առաջանում է ստամոքսաղիքային համակարգի խանգարման, սրտի ծանր հիվանդությունների, վիտամինների, հատկապես B խմբի, անբավարարության, երբեմն էլ շրթներկից առաջացող ալերգիայի հետևանքով:
Տարբերում են սուր կամ քրոնիկ. Շ.: Սուր բորբոքումն արտահայտվում է շրթունքների կարմրությամբ և այտուցով, ցավոտությամբ, որն ուժեղանում է ուտելիս և խոսելիս: Բորբոքումը կարող է լինել թարախային և ուղեկցվել ջերմաստիճանի բարձրացմամբ, գլխացավով ևն:
Քրոնիկ․ ձևը բնորոշվում է թեփոտումով, երբեմն արտաքին խոցոտումներով, նկատվում են շրթունքների (հատկապես՝ բերանի անկյունների) երկար ժամանակ չապաքինվող ճաքեր:
Ախտորոշման և բուժման համար պետք է դիմել բժշկի: Հիվանդության կանխարգելման նպատակով շրթունքների վնասվածքի դեպքում պետք է այդ մասը մշակել ռիվանոլի, կալիումի գերմանգանատի կամ ֆուրացիլինի (1 հաբը՝ 1 բաժակ ջրում) լուծույթում թրջած թանզիֆե կամ բամբակե խծուծով:
Ուժեղ արևի, սառնամանիքի, քամու պայմաններում Շ-ից խուսափելու համար խորհուրդ է տրվում շրթունքներին քսել վիտամին A պարունակող քսուք: Խիտ թթվով, հիմքով կամ այլ թունավոր նյութերով այրվելիս 1-ին օգնությունը պետք է լինի շրթունքները մեծ քանակությամբ ջրով (ցանկալի է հոսող) լվանալը: Այնուհետև դիմել բժշկի:
Ոչ ժամանակին և սխալ բուժումը կարող է հանգեցնել բորբոքման խորացման և ապաքինման դանդաղեցման: