Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես նաև լճի և նրա ավազանի կենսաբազմազանության պահպանման հիմնահարցերը: Այդ նպատակով 1978-ից հանրապետությունում գործում է «Սևան» ազգային պարկը, որը վերահսկում է լճի ավազանում գտնվող արտադր. ձեռնարկությունների և առանձին քաղաքացիների բնապահպան. գործունեությունը: Պարկը բաժանված է 3 ֆունկցիոնալ գոտիների՝ արգելոցային, ռեկրեացիոն (օգտագործվում է բնակչության հանգստի և առողջապահ. նպատակներով) և տնտ.:

ՀՀ բնապահպան. օրենսդրությունը հենվում է ՀՀ Սահմանադրության (ըստ 10-րդ հոդվածի՝ պետությունն ապահովում է Շ.մ.պ. և բնական պաշարների բանական օգտագործումն ու վերարտադրությունը) և «Բնապահպանական օրենսդրության հիմունքների մասին» օրենքի վրա: Տես նաև էկոլոգիա:

ՇՐՋՈՍԿՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ ծնոտի, պերիօստիտ ծնոտի, առավել հաճախ առաջանում է որպես հարատամնաբորբի բարդություն, երբեմն՝ ատամի հեռացումից հետո, եթե դրան նախորդել են մրսածությունը, գրիպը, անգինան ևն: Սկսվում է հիվանդ ատամի լնդի այտուցով, որն արագորեն ավելանում է և ուղեկցվում մշտ. ուժեղ ցավերով, այդ հատվածի շրջոսկրի տակ գոյանում է թարախակույտ: Այնուհետև այտուցվում են այտերը, շրթունքները, ենթածնոտային և աչքատակի շրջանները (կախված հիվանդ ատամի տեղադրությունից), ցավը կարող է տարածվել նաև քունքի, ականջի, աչքի վրա: Հաճախ ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ: Երբեմն գոյացած թարախակույտից շատ արագ թարախը դուրս է հոսում լնդի մեջ խուղակ առաջացնելով: Այդպիսի դեպքերում բորբոքային գործընթացը մեղմանում է, բայց լրիվ չի վերանում և կարող է նորից վերսկսվել: Անբարենպաստ ընթացքի ժամանակ թարախը կարող է տարածվել ծնոտը շրջապատող փափուկ հյուսվածքների վրա՝ առաջացնելով ֆլեգմոն, կամ ախտահարել ծնոտի ոսկրային հյուսվածքը և հանգեցնել ոսկրածուծաբորբի:

Բուժում է ստոմատոլոգը: Առանձին դեպքերում անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել հիվանդանոցի ստոմատոլոգ. բաժանմունքում, բայց, որպես կանոն, բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում: Հաճախ պահանջվում է վիրաբուժ. միջամտություն (թարախակույտի բացում և բորբոքման պատճառ հանդիսացող ատամի հեռացում): Հարկավոր է կատարել բերանի ողողումներ՝ կալիումի գերմանգանատի թույլ (վարդագույն) լուծույթով, կերակրի սոդայի տաք լուծույթով (1 թեյի գդալը՝ 1 բաժակ տաք ջրում):

Ցավը հանգստացնելու նպատակով բորբոքված հատվածին պետք է սառցապարկիկ դնել, բժշկի նշանակմամբ օգտագործել ցավամոքիչ դեղանյութեր: Սնունդը պետք է լինի կալորիական, փափուկ կամ հեղուկ (օրինակ՝ շիլա, խիտ արգանակ), խորհուրդ է տրվում առատ ըմպելիք, հյութեր, վիտամիններ:

Կանխարգելումը, ատամների ոսկրափուտի ժամանակին բուժում:

ՇՓԱԲՈՐԲ, մաշկածալքերի բորբոքում, որն առաջանում է դրանց խոնավ մակերևույթներն իրար քսվելիս: Կարող է առաջանալ կաթնագեղձերի տակի, անութների, ոտքերի միջմատային մաշկի վրա՝ քրտնոտության, մաշկային ճարպի չափից ավելի արտադրության, անմիզապահության, սեռ օրգաններից արտադրության (տես Սպիտակահոսություն) ժամանակ: Հաճախ առաջանում է շոգ եղանակին՝ գեր մարդկանց և շաքարախտով տառապողների մաշկի վրա, ինչպես նաև երեխաների մոտ՝ նրանց ոչ ճիշտ խնամելիս (աճուկաազդրային, հետույքային ծալքերին): Շ-ի ժամանակ մաշկը կարմրում է, եղջերային շերտն անջատվում է, և առաջանում են անհավասար ուրվագծերով թացացող օջախներ: Մաշկածալքի խորքերում կարող են առաջանալ ճաքեր: Հաճախ Շ. բարդանում է թարախային կամ սնկիկային վարակով, և հիվանդությունը ձգձգվում է: Բուժումն իրականացնում է բժիշկը: Շ-ի խորացումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է մաշկի կանոնավոր հիգիենային խնամք, կրծքի երեխայի ճիշտ խնամք, քրտնոտության բուժում: Շ-ի նախատրամադրվածության դեպքում մաշկածալքերը հարկավոր է լվանալ, չորացնել փափուկ սրբիչով և քսել եռացրած բուս․ յուղ կամ տալկ, հասուն մարդիկ կարող են օգտագործել նաև հոտազերծիչներ:

ՇՓՈՒՄ մարմնի, տես Ջրային բուժարարողություններ հոդվածում:


Ո

ՈՂՆԱՇԱՐ, տես Մարդ հոդվածում:

ՈՂՆԱՇԱՐԱԲՈՐԲ, սպոնդիլիտ, ողնաշարի քրոնիկ․ բորբոքային հիվանդություն: Հիմն. պատճառը տուբերկուլոզային վարակն է (տես Տուբերկուլոզ): Հազվադեպ առաջանում է սիֆիլիսի, շողասնկախտի, ստաֆիլոկոկային վարակի (ողնաշարի սուր և քրոնիկ․ ոսկրածուծաբորբ), Բեխտերևի և այլ հիվանդությունների ժամանակ:

Ախտահարման տեղակայումը տարբեր է. տուբերկուլոզային Ո-ին առավել բնորոշ են ողնաշարի կրծքային հատվածի, սիֆիլիսայինին՝ պարանոցի, Բեխտերևի հիվանդությանը՝ գոտկային և կրծքային հատվածների փոփոխությունները: Տուբերկուլոզային Ո-ով հաճախ հիվանդանում են մինչև 10 տարեկան երեխաները, սիֆիլիսայինով՝ 40-50, իսկ Բեխտերևի հիվանդության դեպքում` 20-30 տարեկանները: Որպես կանոն՝ հիվանդությունն սկսում է աստիճանաբար, հիվանդի համար աննկատ:

Ո-ի ժամանակ քայքայվում է ողնի մարմինը, ձևախախտվում է ողնաշարը: Բնորոշ է կուզի առաջացումը՝ ողնաշարի անկյունային ծռումները: Ողների մարմինների անհավասար քայքայման հետևանքով առաջանում են կողմնային ծռումներ (սկոլիոզ), որոնք հաճախ նկատվում են ողնաշարի գոտկային հատվածում (տես Ողնաշարի ծռումներ):

Ո-ի ժամանակ առաջանում են ողնաշարի և շրջապատող հյուսվածքների համառ ցավեր, որոնք ուղեկցվում են օրգանիզմի ընդհանուր թունավորման ախտանշաններով (թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, նիհարում): Հիվանդության բուռն շրջանը բնորոշվում է ողնաշարի ձևախախտումներով (կուզ), շրջապատող հյուսվածքներում հնարավոր է թարախակույտերի առաջացում: Գործընթացը մեղմանալիս ցավերն աստիճանաբար անհետանում են, ընդհանուր վիճակը լավանում է: Սակայն գործընթա ցի կայունացումը դեռևս առողջացում չէ: Առկա «նիրհող» վարակի օջախներից կարող է հիվանդությունը կրկնվել: Ո. ախտորոշվում է հիվանդի կլինիկալաբորատորային և ռենտգենաբան․ հետազոտությունների հիման վրա: Բուժումը հիմնականում հիվանդանոցային է: Ներառում է հակաբակտերիային բուժում, օրթոպեդ․ մեթոդներ (գիպսային մահճակալի, սեղմիրանի գործածում, ողնաշարի անշարժացում ևն), օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող