Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առողջարանաառողջավայրային բուժում և այլ միջոցառումներ: Երբեմն ցուցված է վիրահատ․ միջամտություն: Ժամանակին բուժվելու դեպքում հիվանդության ելքը բարեհաջող է:

ՈՂՆԱՇԱՐԱԽՏ. սպոնդիլոզ, ողնաշարի քրոնիկ․ հիվանդություն, բնորոշվում է ոսկրային հյուսվածքի գերաճի հետևանքով ողների ձևախախտումով (մակերեսային Ելուստների ձևով): Առաջանում է հիմնականում տարեցների մոտ՝ ողնաշարի երկարատև բեռնվածությունից և նյութափոխանակության տարիքային փոփոխություններից: Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են հիվանդանում: Երիտասարդների Ո-ի պատճառ կարող են լինել ողնաշարի ծրումները, որի հետևանքով բեռնվածությունը ողների վրա ճիշտ չի բաշխվում:

Ո-ի ախտանշաններն են ողնաշարի շարժունության խախտումը և ցավերը: Շարժունությունը նվազում է հիմնականում ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների ախտահարումից: Ցավեր են առաջանում գլուխը շրջելիս, լինում է գոտկային հատվածի շարժումների կաշկանդվածություն՝ հատկապես հանգիստ, հարկադիր անշարժ վիճակից, քնից հետո: Նման դեպքերում 1-ին շարժումները դժվար են, ցավոտ: Ակտիվ շարժումներից ցավը նվազում է կամ անհետանում: Կարող է առաջանալ պարանոցային, կրծքային, գոտկասրբոսկրային քրոնիկ․ նյարդարմատաբորբ:

Կանխարգելման նպատակով պետք է օրգանիզմը կոփել, պահպանել աշխատանքի և հանգստի ռեժիմ, կանոնավոր և խելամիտ զբաղվել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով: Օգտակար Են առավոտյան մարմնամարզությունը (տես Լիցքային վարժություններ), ֆիզկուլտուրային դադարները (տես Արտադրական մարմնամարզություն), բուժ․ մարմնամարզությունը (տես Բուժական ֆիզկուլտուրա): Արտադրությունում ֆիզկուլտուրային րոպեները ներառում են տվյալ աշխատանքից իրանի որևէ մկանախմբի գերլարումը վերացնող վարժություններ: Մարսողության, նյութափոխանակության վիճակներից (տես Ծերացում) կախված՝ կարևոր է նաև ռացիոնալ սնուցումը (հատկապես՝ տարեցների):

Բուժումը, որպես կանոն, ներառում է մերսում, բուժ․ մարմնամարզություն, բուժական սնունդ և ֆիզիոթերապևտիկ. բուժարարողություններ (բժշկի նշանակմամբ).: Հիվանդության համառ ձևերի ժամանակ պահանջվում է առողջարանաառողջավայրային բուժում: Երբեմն բուժումը վիրահատական է:

ՈՂՆԱՇԱՐԻ ԾՌՈՒՄՆԵՐ, հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ: Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց, հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել: Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը (ցատկումների ժամանակ, ոտքերի վրա ընկնելիս ևն) և կոչվում են ֆիզիոլոգ․ ծռումներ:

Ի տարբերություն ֆիզիոլոգ․ ծռումների՝ Ո.ծ. հիվանդագին վիճակ են, լինում են 3 տեսակի՝ կողմնային (սկոլիոզ), դեպի հետ (կիֆոզ), դեպի առաջ (լորդոզ):

Սկոլիոզը լինում է բնածին (ողների ոչ ճիշտ զարգացում) և ձեռքբերովի, առավել հաճախ առաջանում է 5-15 տարեկանում, հատկապես դպրոց․ տարիքի երեխաների մոտ: Առաջացմանը նպաստում է դասերի ժամանակ ոչ ճիշտ դիրքով նստելը, որը հանգեցնում է ողնաշարի և մեջքի մկանների անհամաչափ բեռնվածության, հոգնեցնում և թուլացնում է դրանք: Հետագայում առաջանում են ողնաշարի կապանների և ողների ձևի փոփոխություններ, ձևավորվում են ողնաշարի կայուն կողմնային ծռումներ: Երեխաների սկոլիոզը կարող է լինել նաև ծանր ռախիտի, իսկ մեծերինը՝ մեջքի մկանների երկարատև անհամաչափ բեռնվածության (այսպես կոչված՝ ջութակահարների, դերձակների, բեռնակիրների մասնագիտ. սկոլիոզ ևն) հետևանք: Այդ դեպքում ծռումները դանդաղ են առաջանում և հազվադեպ են հասնում մանկ․ տարիքին բնորոշ աստիճանի: Երբեմն սկոլիոզի առաջացման պատճառ են դառնում ողների կոտրվածքները, հիվանդագին գործընթացների՝ հատկապես տուբերկուլոզի հետևանքով դրանց քայքայումը: Այսպես կոչված՝ ֆունկցիոնալ սկոլիոզը կարող է առաջանալ հիվանդի 1 ոտքի կարճությունից:

Առավել հաճախ ձեռքբերովի սկոլիոզի կլինիկ․ դրսևորումներ լինում են, երբ ողնաշարը մեջքի մկանների հոգնածությունից թեթևակի ծռվում է կողքի, որն անհետանում է հանգստից հետո: Ժամանակի ընթացքում ծռումները կայունանում են, որի հետևանքով փոխվում են հիվանդի կեցվածքը, կրծքավանդակի ձևը, ողնաշարի շարժունությունը խիստ նվազում է, իսկ ցանկացած ֆիզ. լարվածություն՝ հոգնեցնում: Նրանք հաճախ են գանգատվում մկանային և միջկողային ցավերից՝ նյարդացավերից: Սկոլիոզի շատ ծանր դեպքերում նկատվում է ներքին օրգանների դիրքի փոփոխություն, որը կարող է խանգարել դրանց ֆունկցիաները և նվազեցնել աշխատունակությունը:

Սկոլիոզը բուժում են ողնաշարի ձևն ուղղող հատուկ մարմնամարզ․ վարժությունների միջոցով, որոնք նշանակում և հսկում է բժիշկը: Երբեմն նշանակվում է կրել սեղմիրան: Երկարատև բարձիթողի սկոլիոզի դեպքում կարող է պահանջվել նաև վիրահատ․ բուժում: Սկոլիոզի կանխարգելումն առավել արդյունավետ է, քան բուժումը: Երեխաների բնածին կամ ձեռքբերովի սկոլիոզի (ոսկրերի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների հետ կապ չունեցող) 1-ին ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ են ողնաշարի վրա բեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ, կոշտ անկողին, բավարար քուն, օդային և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն: Դպրոցականներին պետք է սովորեցնել ճիշտ նստել նստարանի (սեղանի) մոտ, ապահովել աշխատատեղի լուսավորվածությունը, դաստիարակել ճիշտ կեցվածք: Երեխաների սկոլիոզի 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կատարել իրանի մկաններն ամրապնդող, ողնաշարի ճիշտ դիրքը պահպանող վարժություններ, մերսում ևն (բժշկի նշանակմամբ): Սկոլիոզի վաղ հայտնաբերումը (ողնաշարի ոչ օրգ. ախտահարումով պայմանավորված) և բժշկի կանխարգելիչ ու բուժ․ խորհուրդներին համբերատար, պարտադիր հետևելը մեծ մասամբ արդյունավետ են:

Մասնագիտ. սկոլիոզի կանխարգելումը. աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ, աշխատանքի ընթացքում ֆիզկուլտուրային դադարներ (տես Արտադրական մարմնամարզություն), մկանների