Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ: Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 510 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ: Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով (կես առ կես) նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով:

Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել (տես Միջատազերծում): Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդիկային 10 %-անոց քսուք:

ՈՍԿՐ, տես Ոսկրային համակարգ:

ՈՍԿՐԱԾՈՒԾԱԲՈՐԲ, օստեոմիելիտ: Առաջանում է ոսկրածուծը թարախածին մանրէներով ախտահարվելիս (թարախային Ո.): Աստիճանաբար տարածվում է նաև ոսկրի մյուս հյուսվածքների վրա: Հատուկ ձև է տուբերկուլոզային ծագման Ո. (տես Տոտերկուլոզ, ոսկրերի և հոդերի):

Թարախային Ո-ի ժամանակ հարուցիչները ոսկր կարող են ներթափանցել անմիջապես վերքերի (բաց, հատկապես՝ հրազենային), կոտրվածքների միջոցով, հիմնականում՝ պատերազմի ժամանակ:

Խաղաղ պայմաններում գերակշռում է արյունածին (հեմատոգեն) Ո., որն առաջանում է հեռավոր, երբեմն բոլորովին չդրսևորվող թարախային վարակի օջախներից (օրինակ՝ ատամների ոսկրափուտ, նշագեղձերի քրոնիկ. բորբոքում)՝ արյան հոսքով ոսկրի մեջ մանրէներ ներթափանցելիս: Արյունածին Ո. հիմնականում դպրոց. տարիքի երեխաների և դեռահասների հիվանդություն է, սակայն կարող է առաջանալ նաև վաղ մանկ. տարիքում, երբեմն նույնիսկ նորածինների մոտ (պորտի թարախակալման ժամանակ): Ախտահարվում են հիմնականում երկար խողովակավոր ոսկրերը (ազդրոսկր, սրունքի ոսկրեր, բազկոսկր), ընդ որում՝ թարախային օջախը գոյանում է հաճախ ոսկրի ծայրում՝ հոդին մոտ:

Արյունածին Ո. սկսվում է հանկարծակի, դրսևորվում է ոսկրի ախտահարման հատվածում ցավերի առաջացմամբ, ծանր տենդային վիճակով (ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40° C, դող, զառանցանք ևն): Մի քանի օր անց վերջույթի ախտահարված հատվածի հյուսվածքներն ուռչում և պնդանում են, մաշկը կարմրում է: Դա նշանակում է, որ բորբոքային գործընթացը ոսկրի խորքից անցել է շրջոսկրին, և թարախը, ճեղքելով այն, տարածվել է փափուկ հյուսվածքների վրա ու մաշկի տակ: Երբեմն, հատկապես երեխաների մոտ, ցավը և տեղային մյուս ախտանշանները բորբոքման 1-ն օրերին բացակայում են կամ այնքան աննշան են, որ կարող են հայտնաբերվել միայն հատուկ հետազոտություններով: Այդ երևույթները ծնողները չեն նկատում և հիվանդությունն ընդունում են որպես ծանր գրիպի հետևանք կամ ուրիշ ընդհանուր վարակիչ հիվանդություն: Սակայն արյունածին Ո-ի վաղ ախտորոշումն ունի շատ մեծ նշանակություն: Չբուժված սուր Ո. չափազանց վտանգավոր է, այն կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքի տարածուն մեռուկացման, հարևան հոդերի վրա թարախակալման տարածման և այլ ավելի ծանր բարդությունների: Լավագույն դեպքում կարող է վերքն ինքնուրույն բացվել, և թարախը հոսել դուրս: Բայց դա առողջացման չի հանգեցնում, այլ միայն մեղմանում են ցավերն ու ընդհանուր ծանր խանգարումները (ջերմաստիճանի իջեցում ևն), և Ո-ի սուր ընթացքը վերածվում է քրոնիկի: Ախտահարված հատվածի խորքում մնում են մեռուկացած ոսկրաբեկորներ (սեքվեստրներ), որոնք երբեմն շատ խոշոր են: Դրանց շուրջ թարախակալումը շարունակվում է, պահպանվում են համառ թարախային խուղակները և սրացումների վտանգը: Ոսկրի տարածուն մեռուկացման ժամանակ մեռուկացած հյուսվածքն առողջից բաժանվելիս (սեքվեստրացում) կարող է առաջանալ ինքնաբեր (ախտաբան.) կոտրվածք: Չբուժված քրոնիկ. Ո. ձգձգվում է երկար տարիներ, քանի դեռ խուղակի միջով բոլոր ոսկրաբեկորները դուրս չեն եկել, և դրանց տեղում նոր ոսկր չի գոյացել: Ենթադրվում է, որ խոշոր սեքվեստրների ելքը հազվադեպ է լինում:

Սուր Ո-ի հենց սկզբում սովորաբար հաջողվում է վիրահատ. ճանապարհով (երբեմն նաև առանց վիրահատության) ոսկրային հյուսվածքում վերացնել բորբոքման օջախը և հասնել արագ առողջացման՝ թույլ չտալով, որ հիվանդությունն անցնի քրոնիկի:

Քրոնիկ. թարախային Ո-ի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ է վիրահատ. բուժում, ընդ որում՝ պահանջվում են կրկնակի վիրահատություններ: Ուստի շատ կարևոր է բոլոր սուր սկսվող տենդային հիվանդությունների ժամանակ անհապաղ դիմել բժշկի, առավել ևս, եթե խանգարումն ուղեկցվում է ծայրանդամի որևէ հատվածի ցավերով: Արյունածին Ո-ի կանխարգելումը պահանջում է երեխաների մոտ արյունածին վարակի հնարավոր աղբյուրների (քրոնիկ. կամ հաճախակի կրկնվող նշագեղծերի բորբոքում, թարախային ականջաբորբ, հայմորիտ), ատամների ոսկրափուտի ժամանակին բուժում:

Հրազենային Ո-ի և բաց կոտրվածքներից առաջացած Ո-ի կանխարգելման համար էական նշանակություն ունի ճիշտ ցուցաբերած առաջին օգնությունը, վերքի շուրջ մաշկի վարակազերծում, մանրէազերծած վիրակապի, տրանսպորտային բեկակալի օգտագործում (տես Անշարժացում, Կոտրվածքներ, Վերքեր):

ՈՍԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մարդու և կենդանիների օրգանիզմների ոսկրային նեցուկը, բոլոր ոսկրերի ամբողջությունը (կմախք): Ո.հ-ով բավականաչափ որոշվում են մարմնի չափերն ու ձևը: Կենսբ. և մեխ. տեսակետից ոսկրը բարդ գոյացություն է. այն կազմված է հիմնականում ոսկրային հյուսվածքից, ոսկրածուծից, հոդաճառներից, արյունատար անոթներից ու նյարդերից: Արտաքինից ոսկրը ծածկված է շրջոսկրով՝ բարակ թաղանթով, որը պայմանավորում է ոսկրի աճումը և վնասվածքների ժամանակ նպաստում նրա վերականգնմանը:

Ըստ ձևի և կառուցվածքի տարբերում են՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը ոսկրեր: Խողովակավոր ոսկրը կազմված է միջնահատվածից (դիաֆիզ) և ծայրահատվածից (էպիֆիզ), որոնց հոդամակերեսները ծածկված են աճառով: Այդ երկուսի միջև անցումային բաժինը կոչվում է մետաֆիզ: Միջնահատվածը կազմված է կարծր և շատ ամուր հոծ նյութից, որի մեջ գտնվում է ոսկրածուծային խողովակը, իսկ վերջինի մեջ՝ դեղին ոսկրածուծը: Մետաֆիզը և ծայրահատվածը գոյանում են հիմնականում ծակոտկեն սպունգանյութից, որը ներառում