առաջացնում է վերին և ստորին վերջույթների, գլխի, իրանի ռեֆլեքսներ, ստուգում Ո-ի հատվածային ապարատի ռեֆլեքսային ֆունկցիայի պահպանվածությունը: Պտղի և նորածնի կենսունակությունն ու շարժող. ակտիվությունը նշանակալիորեն կախված են Ո-ի հատվածային ռեֆլեքսներից: Դրանց շնորհիվ մոր արգանդում ապահովվում է պտղի լավագույն դիրքը, իսկ ծնվելուց հետո այդ ռեֆլեքսները նպաստում են ծծելու և կլման բարդ ակտի իրականացմանը: Հետագայում, երեխայի զարգացման աստիճանից կախված, Ո-ային առանձին հատվածների մեկուսացված ռեֆլեքսային գործունեությունը խոչընդոտում է բոլոր հատվածային ապարատների միավորումը, օրգանիզմի միասնական ընդհանուր խնդիրներին ենթարկվելուն: Ո-ային հատվածների միավորման (ինտեգրման) և գլխուղեղային վերհատվածային կենտրոնների ազդեցությանը ենթարկվելու գործընթացը պահանջում է վերել հաղորդիչ ուղիներով դեպի մեծ կիսագնդեր ընկալիչներից եկող տեղեկության անխափան հաղորդում և հակառակը՝ վայրէջ ուղիներով հրամանները գլխուղեղի շարժիչ կենտրոններից Ո-ի շարժիչ բջիջներին հաղորդում: Ո-ից դեպի գլխուղեղ գնացող և գլխուղեղից դեպի Ո. եկող բոլոր նյարդային ուղիներն անցնում են գլխուղեղի բնով՝ մասամբ այնտեղ վերջանալով կամ ընդհատվելով:
Ո-ի հատվածներն ընդունում են նաև ցանցանման գոյացություններից եկող վայրէջ ազդանշանները, որոնք արգելակում են հատվածային ռեֆլեքսային գործունեությունը: Դա թեթևացնում է Ո-ի առաջային եղջյուրների շարժիչ բջիջների միջոցով կենտր. նյարդային համակարգի բարձրագույն բաժինների «հրամանների» կատարումը, քանի որ հատկապես դրանց ազատում է հատվածային զգացող բջիջների ազդակներին պատասխանելու անհրաժեշտությունից: Շրջապատող միջավայրի և օրգանիզմի ներքին միջավայրի փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունը, ընկալիչներով ընդունվելով, վերել ուղիներով հաղորդվում է դեպի գլխուղեղ՝ պատասխանի ծրագիրը մշակելու համար:
ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ, տես Խմիչքներ հոդվածում:
ՈՋԻԼՆԵՐ, տես Ոջլոտություն հոդվածում:
ՈՋԼՈՏՈՒԹՅՈՒՆ, ոջիլներով մարդու վարակվածություն: Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա: Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ:
Մարդուն մակաբուծում են հագուստի, գլխի և ցայլքի ոջիլները: Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ: Ձվադրման համար բարենպաստ է 28-30° C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին: Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից: Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր: Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ: Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ: Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են:
Ո-յան տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով: Ո. սոցիալ. և բնական աղետների ուղեկիցն է:
Գլխի մազածածկ մասի Ո-յան ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել: Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը ևն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ ևն: Երկարատև Ո-յան հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում:
Ցայլքի ոջիլն ախտահարում է ցայլքը և շեքը (վարակվում են սեռ. ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները:
Կանխարգելումը. բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքալվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում:
Անհատ. կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց:
Ո-ից ազատվելու համար խորհուրդ է տրվում. գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրաօճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտ. օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին