հոդերի շարժունությունը, կոտրվածքների և կեղծ հոդերի ժամանակ նպաստել ոսկրաբեկորների սերտաճմանը: Երբեմն ախտահարված ոսկրաբեկորի հեռացման անհրաժեշտություն է առաջանում: Նման դեպքերում առաջացած թերությունը փոխհատուցում են պահածոյած դոնորական ոսկրով, ինչպես նաև մետաղներից, պոլիմերներից, կորունդային կերամիկայից և այլ նյութերից պատրաստված արհեստ. կոնստրուկցիաներով՝ ներքին պրոթեզներով: Ո. հ-ի տարրերի ներքին պրոթեզավորումը հնարավորություն է տալիս վնասված վերջույթի ֆունկցիան վերականգնել այն աստիճան, որ հիվանդներն առողջանալուց հետո կարող են վերադառնալ ծանր ֆիզ. աշխատանքի, զբաղվել սպորտով ևն: Վիրահատ. սեղանի վրա ոսկրահատումն իրականացնում են անդրաձայնով: Այս մեթոդով հնարավոր է նաև ոսկրաբեկորներն ամուր «սոսնձել» (ոսկրերի անդրաձայնային «եռակցում»): Վնասվածքաբանության և օրթոպեդիայի զինանոցը ժամանակի հետ զարգանում ու հարստանում է: Սակայն նույնիսկ օգտագործվող արդյունավետ միջոցների դեպքում՝ կմախքի ցանկացած ախտահարման հաջող բուժման հիմքը ժամանակին բժշկի դիմելն ու նրա հանձնարարականների ճշգրիտ կատարումն է:
ՈՍՊՆՅԱԿԻ ՄԹԱԳՆՈՒՄ, կատարակտ, աչքի ոսպնյակի թափանցիկության խանգարում: Բնականոն ոսպնյակը բացարձակ թափանցիկ է: Մթագնումը հանգեցնում է տեսողության վատացման: Ո. մ. բաժանում են 2 խմբի. ոչ առաջընթաց մասնակի (սովորաբար՝ բնածին), ինչպես նաև առաջընթաց (սովորաբար՝ ձեռքբերովի), որոնց դեպքերում ոսպնյակը ժամանակի ընթացքում լրիվ կորցնում է թափանցիկությունը: Առաջընթաց մթագնման շարքն են դասվում ոսպնյակի ծերունական մթագնումը, որի առաջացման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, սակայն առաջացման համար կարևոր նշանակություն ունի ոսպնյակի սնուցման խանգարումը: Ոսպնյակի ծերունական մթագնումը բնորոշվում է դանդաղ ընթացքով: Նրա «հասունացման» շրջանը (ոսպնյակի մթագնման առաջընթացը) տարբեր մարդկանց մոտ տարբեր է և կախված է տարիքից ու հիվանդի ընդհանուր վիճակից: Ո. մ. համարվում է «հասունացած», եթե լրիվ մթագնել է ամբողջ ոսպնյակը: Ո. մ-ման հասունացման աստիճանը կարևոր նշանակություն ունի վիրահատ. բուժման ժամկետը որոշելու համար: Ո.մ-ման հասունացման ժամկետի և հիվանդի տարիքի միջև գոյություն ունի օրինաչափ կապ: Որքան մեծ է տարիքը, այնքան Ո. մ-ման առաջընթացը դանդաղ է, և հակառակը՝ որքան երիտասարդ է հիվանդը, այնքան արագ է խորանում մթագնումը: Երբեմն Ո. մ. ախտահարում է 2 աչքը: Ո. մ-ման առաջացմանը նպաստում են շաքարախտը, աչքի երկարատև հիվանդությունները (աչքի անոթաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի շերտազատում, աչքի բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմա ևն), աչքի վնասվածքները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի (հալոցային վառարանների մոտ) կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպան. միջոցների երկարատև աշխատանքը:
Ո. մ-ման ժամանակ տեսողության նվազմանը նախորդում է աչքերի առաջ մուգ զոլերի, գծիկների, բծերի առկայծումը: Հիվանդ աչքով լամպի, մոմի, լապտերի լույսին նայելիս տեսնում են լույսի ոչ թե 1, այլ մի քանի աղբյուրներ: Դա բացատրվում է անհավասարաչափ մթագնած ոսպնյակի միջով լույսի ճառագայթների բեկման խանգարմամբ: Անհրաժեշտ է նշել, որ տեսողության վատացմամբ ուղեկցվող այդ երևույթները նկատվում են նաև աչքի այլ հիվանդությունների ժամանակ: Ճիշտ ախտորոշել կարող է միայն ակնաբույժը:
Բուժումը կարող է լինել պահպանող. և վիրահատ.՝ մթագնած ոսպնյակի հեռացումով: Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, քանի որ այն հաճախ հանգեցնում է Ո. մ-ման արագ առաջընթացի: Ո. մ-ման տարբեր տեսակների դեպքում նշանակում են ոչ միատեսակ միջոցներ, ընտրել կարող է միայն ակնաբույժը: Վիրաբուժ. միջամտությունից հետո տեսողությունը մնում է բավականին ցածր, այն վերականգնվում է ակնոցով (նշանակվում է վիրահատությունից 1,5-2 ամիս անց): Վերջին տասնամյակում ՀՀ- ում լայնորեն տարածում են գտել արհեստ. ոսպնյակի օգտագործմամբ վիրահատությունները:
Ո. մ-ով հիվանդներին խորհուրդ չի տրվում յուղոտ և աղի կերակրատեսակներ: Օգտակար է վիտամիններով հարուստ սնունդը՝ գազարը, հում կաղամբը, բողկը, լիմոնը, խնձորը, լոռամրգին, հաղարջը ևն:
ՈՍՏԱՅՆԱԲՈՐԲ. արախնոիդիտ, գլխուղեղի կամ ողնուղեղի ոստայնենու բորբոքային հիվանդություն, որը, որպես կանոն, զուգակցվում է փափուկ ուղեղապատյանի բորբոքման հետ: Առաջանում է սուր և քրոնիկ. վարակիչ հիվանդություններից, օրինակ՝ գրիպից, հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ականջի (տես Ականջաբորբ), նշագեղձերի (տես Անգինա, Նշագեղձերի բորբոքում) բորբոքումներից, գանգի (տես Գանգագլխուղեղային վնասվածք) և ողնաշարի վնասվածքներից հետո, ինչպես նաև քրոնիկ. թունավորումների (հատկապես՝ կապարով) հետևանքով: Որպես գանգի վնասվածքի, գրիպի և այլ հիվանդությունների հետևանք՝ Ո. հաճախ առաջանում է անկողնային ռեժիմ չպահպանելիս, բժշկի նշանակումները չկատարելիս: Ո-ի դեպքում ոստայնենին և փափուկ պատյանը հաստանում են, խանգարվում է ուղեղողնուղեղային հեղուկի շրջանառությունը, բարձրանում ներգանգային ճնշումը, որը հանգեցնում է երկարատև գլխացավերի (Ո-ի առավել հաճախ հանդիպող ախտանշանը): Առանձին դեպքերում նկատվում են էպիլեպտիկ նոպաներ (տես Էպիլեպսիա): Տեսող. նյարդերը ծածկող պատյանները բորբոքվելիս վատանում է տեսողությունը, գլխուղեղի հետին բաժնի Ո-ի ժամանակ առաջանում են գլխապտույտ, լսողության թուլացում, հավասարակշռության խանգարում: Ողնուղեղային նյարդարմատների պատյանների բորբոքումն ուղեկցվում է մարմնի, ձեռքերի և ոտքերի ցավերով:
Ո-ի ախտորոշումը և պատճառը հաստատում է բժիշկը՝ նյարդաբան. բաժնում մանրակրկիտ հետազոտություններից հետո: Հիվանդության ընթացքը քրոնիկական է, անուշադրության մատնված դեպքերում տարիներ շարունակ անհանգստացնում են գլխացավը, գլխապտույտը, վատանում են տեսողությունը և լսողությունը: Սուր վարակիչ հիվանդությունների և քիթըմպանի քրոնիկ. բորբոքումների ժամանակին բուժումը կանխում է Ո-ի առաջացումը: Կապարի հետ աշխատելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:
ՈՏՔ, տես Մարդ հոդվածում:
ՈՐԴԱՆՄԱՆ ԵԼՈՒՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ապենդիցիտ, կույր աղիքի որդանման ելունի (ապենդիքս) բորբոքում:
Մարդու աղիքներում պարունակվող տարբեր միկրոօրգանիզմներ հիվանդագին փոփոխություններ չեն առաջացնում, սակայն որոշակի պայմաններում դրսևորվում են դրանց ախտածին հատկությունները, և դրանք դառնում են բորբոքային գործընթացի հարուցիչներ: Ո.ե.բ-մանը նպաստում է ելունի պարունակության դժվար դուրս գալը դեպի կույր աղիք, որը կարող է լինել ելունի ծռումների, լուսանցքը կղանքի քարերով խցանվելու, լորձաթաղանթի խիստ ուռածության հետևանքով: