Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վահանիկներ, որոնք երկարատև գոյության դեպքում խիստ հաստանում են, և հիվանդությունը դժվար է բուժվում:

Ո.թ. ախտահարում է միայն մաշկի որոշ մասեր, օրինակ՝ արմնկային ու ծնկային հոդերի շրջանները, գլխի մազածածկ մասի մաշկը կամ ափերն ու ներբանները, երբեմն՝ ամբողջ մարմինը: Ո.թ. գլխի մազածածկ մասի վրա տեղակայվելիս մազերը վահանիկների շրջանում չեն ախտահարվում ու չեն թափվում: Երբեմն, հիվանդության բուռն խորացման ընթացքում, հանգուցիկները միաձուլվում են՝ ամբողջությամբ ախտահարելով մաշկը: Այն դառնում է վառ կարմիր, հաստացած, ծածկվում է թեփուկների զանգվածեղ շերտանստվածքով (պսորիազային էրիթրոդերմիա՝ կարմրամաշկություն), հաճախ բարձրանում է ջերմաստիճանը, մեծանում են ավշահանգույցները, փոխվում է հիվանդի ընդհանուր վիճակը: Ո.թ-ի որոշ ձևերի ժամանակ ներգրավվում են նաև հոդերը (հոդախտային թեփատու որքին): Շատ հաճախ հիվանդությունն ախտահարում է եղնգաթերթիկները, որոնց վրա ի հայտ են գալիս կետային փոսիկներ: Հաճախ եղնգաթերթիկները խամրում են, հաստանում, փոխվում է ձևը, հիշեցնում են թռչնի մագիլներ՝ օնիխոգրիֆոզ (տես Եղունգներ):

Հիվանդությունը պարբերաբար սրանում է, այնուհետև՝ մեղմանում (հիմնականում՝ ամռանը): Սովորաբար սրացման պատճառ են դառնում հոգեկան ցնցումները, ալկոհոլի չարաշահումը, նշանակված սննդակարգի մշտ. խախտումները, ինչպես նաև ուղեկցող հիվանդություններից օրգանիզմի թուլացումը:

Մաշկի ախտահարման 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդները պետք է գտնվեն դիսպանսերային հսկողության տակ: Բուժումն իրականացնում է բժիշկը: Խորհուրդ է տրվում կաթնաբուս. սննդակարգ՝ կենդ. ճարպերի ու ածխաջրերի (շաքար, կարտոֆիլ, սպիտակ հաց) սահմանափակումով: Օգտակար են բուս. յուղը, կաթնաշոռը, A, B խմբի, C վիտամիններով հարուստ մթերքը: Արդյունավետ ազդեցություն է ունենում նաև տաք, հատկապես ծովափնյա կլիման՝ արևի ճառագայթումով, ծովում լողանալով, իրադրության փոփոխությամբ, հանգստով: Սակայն կլիմայաբուժության հաջողությունը մեծ մասամբ կախված է հիվանդության ձևից ու փուլից: Ուստի անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Օրինակ՝ սրացման ժամանակ արևի ճառագայթները և գերտաքացումը հիվանդության ընթացքն ավելի են ծանրացնում:

ՈՐՔԻՆ ԽՈՒԶՈՂ, տես Տրիխոֆիտիա:

ՈՐՔԻՆ ՄԱԶԱՅԻՆ, հիվանդություն, որի դեպքում վերջույթների տարածիչ մակերևույթների, նստատեղի մաշկին առաջանում են փոքրիկ, իրար վրա ամուր նստած թեփուկներով ծածկված մոխրագույն հանգուցիկներ, որոնց կենտրոնում կամ դրանց տակ հայտնաբերվում են ոլորված մազեր: Ախտահարված մաշկը չոր է, շոշափելիս՝ անհարթ: Այս երևույթները կապված են մազապարկիկներում (տես Մազեր) եղջերացման գործընթացների խանգարման հետ: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-5 տարեկանում, որոնք սեռ. հասունացման շրջանում ավելի են արտահայտվում, անյուհետև՝ մեղմանում: Հիվանդությունը սովորաբար սրվում է ձմռանը:

Բուժում է բժիշկը: Անհրաժեշտ է չոր մաշկին համապատասխան հիգիենային խնամք: Օգտակար են երիցուկով լոգանքները, որոշ փափկացնող քսուքները, ծովում լողանալը, արևային լոգանքները (տես Օդային և արնային լոգանքներ), վիտամին A-ով հարուստ սնունդը՝ լյարդ (հատկապես՝ ձողաձկան), սերուցքային կարագ, ձու ևն:

ՈՐՔԻՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ, մաշկի վարակիչ հիվանդություն: Հիվանդանում են ցանկացած տարիքում: Բռնկումները լինում են գարնանը և աշնանը: Հարուցիչն անհայտ է (ենթադրվում է՝ վիրուս է): Ո. վ. քիչ վարակիչ է, և ընտանիքի մյուս անդամները հազվադեպ են հիվանդանում: Հիվանդությունն սկսվում է մաշկի վրա (հաճախ իրանին) մեկական խոշոր, օղակաձև կամ ձվաձև, թեփոտվող վարդագույն բծերով, այսպես կոչված, «մայրական վահանիկի» ի հայտ գալով: 4-20 օր անց իրանի, վերջույթների մաշկին (բացառությամբ՝ ձեռքի, ոտնաթաթի) առաջանում են համաչափ բազմաթիվ մանր վարդագույն, ձվաձև, փայլուն, կենտրոնում՝ թեթև թեփոտումով բծեր: Հիվանդի ընդհանուր վիճակը սովորաբար չի փոխվում, նրանք երբեմն դժգոհում են թուլությունից, քորից, աննշան բարձրանում է ջերմաստիճանը: Բծերն աստիճանաբար դառնում են գորշ դարչնագույն և 4-8 շաբաթից սովորաբար անհետանում են՝ հետք չթողնելով:

Երբեմն (հիվանդության ժամանակ մաշկի ոչ ճիշտ խնամքից՝ լվանալուց, ալերգ. հակազդեցությունների հակումներ ունեցողները գրգռող քսուքներ քսելուց) առաջանում են սուր բորբոքային երևույթներ (բծերը դառնում են վառ կարմիր, միաձուլվում են, թացանում՝ առաջացնելով ուժեղ քոր):

Բուժում է բժիշկը: Հիվանդին խորհուրդ է տրվում կաթնաբուս. սնունդ, արգելվում են ալկոհոլային խմիչքները և կծու կերակրատեսակները: Հիվանդության բուռն շրջանում (1-ին 2-3 շաբաթում) չի կարելի լվանալ (հատկապես՝ օճառով) մաշկի վնասված հատվածները: