ձեռքերին հանգիստ տալ, իսկ աշխատանքը վերջացնելուց հետո՝ կատարել ձեռքերի լոգանքներ, նախաբազուկների մերսում:
ՋԼԵՐ, կմախքային միջաձիգ զոլավոր (ուրվագծված) մկանների մասեր, որոնց օգնությամբ մկանները կպչում են ոսկրերին, մկանային միջնապատերին, փակեղներին ևն: Կազմված են պինդ շարակցական հյուսվածքից, բավականաչափ ամուր են, գրեթե առաձգական չեն, փայլուն են և բաց ոսկեգույն: Տեղադրված են մկանների տարբեր մասերում և նրանց ծայրերին կամ 1 ծայրում և մկանները բաժանում են հատվածների (տես Մկանային համակարգ):
Լայն մկանները (օրինակ՝ որովայնի) ունեն մկանային ջլոններ (ապոնևրոներ): Որովայնի ուղիղ մկանի հետ, որի համար նրանք ջլաբունոց են առաջացնում, ջլոնները և մկանները ձևավորում են որովայնի առաջային պատը: Ստոծանու կենտր. մասը կազմված է ջլից (ջլային կենտրոն): Գանգը ծածկված է ջլային սաղավարտով՝ ճակատային և ծոծրակային մկանների ջլոնով:
Որոշ տեղերում մկանների Ջ. ամրանում են հատուկ թելքային (շարակցահյուսվածքային) թիթեղիկներով, որոնք անցնում են ոսկրային փոսերի վրայով (օրինակ՝ ձեռնաթաթի և ոտնաթաթի հոդերի շրջանում): Այսպիսով՝ ջիլը տեղադրվում է ոսկրաթաղանթային խողովակում և պահվում որոշակի դիրքում, որը նպաստում է մկանի ձգմանը պահանջված ուղղությամբ:
Ոսկրին կպչելու տեղում Ջ. ծածկված են բարակ ձուսպային թաղանթով (ձուսպը հոդերի համար յուղման դեր է կատարում), որը բաղկացած է 2 թերթիկից և գոյացնում է ձուսպային բունոց: Պատյանի մի թերթիկը (ներքինը) սերտաճած է ջլին, 2-րդը (արտաքինը) կիպ կպած է ոսկրաթիթեղային խողովակին և կազմում է բունոցի պատը: 2 թերթիկների միջև կա ճեղքանման փակ խոռոչ, որը պարունակում է ոչ մեծ քանակությամբ հեղուկ: Վերջինս արտադրվում է ձուսպաթաղանթի կողմից և քսվելով Ջ-ին՝ մեղմում է շփումն ու նպաստում Ջ-ի սահելուն:
Ձուսպաբունոցների դեր են կատարում նաև ձուսպապարկերը՝ ձուսպաթաղանթից կազմված ամուր տոպրակները, որոնք տեղադրված են ջլի և ոսկրի միջև՝ ջլի և ոսկրի կպման տեղերում (հոդերին մոտ), կամ էլ ոսկրի (ինչպես ճախարակի) վրայով անցման տեղերում: Ջ-ի ֆունկցիան կարող է խանգարվել մեխ. վնասվածքների, բորբոքային գործընթացների և այլ դեպքերում:
Մեխ. վնասվածքները լինում են բաց և փակ: Վնասման ժամանակ տուժածը սուր ցավ է զգում, խանգարվում է վնասված ջլի ֆունկցիան: Ջ-ի բաց վնասվածքները հաճախ նկատվում են վերջույթները սուր առարկաներով վնասվելիս, ընդ որում՝ վնասվածքը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Ոչ լրիվ կտրվելիս ջլի ֆունկցիան կարող է մասամբ պահպանվել, լրիվի դեպքում նրա ծայրերը հեռանում են: Ջ-ի փակ վնասվածքներից են սալջարդերը, հոդախախտումները, գերձգվածությունը և պատռվածքները: Ջ-ի վնասվածքի ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Ջ-ի պատռվածքի և կտրվածքի դեպքում բուժումը վիրահատական է:
Մարզիկների Ջ-ի գերձգվածության, հոդախախտումների կանխարգելումը պայմանավորված է մարզումներով՝ մկանների որոշակի խմբերի, հետևաբար նաև Ջ-ի բեռնվածության աստիճանական բարձրացմամբ, որը հանգեցնում է նրանց արյան շրջանառության լավացման ու առաձգականության բարձրացման:
Ջ-ի ֆունկցիան խանգարող բորբոքային հիվանդությունների շարքն են դասվում ջլաբունոցաբորբը և բարձիկաբորբը (ձուսպապարկերի բորբոքում): Բժշկի ուշ դիմելիս և Ջ-ի ու բունոցների հիվանդության բուժումը չավարտելիս կարող է առաջանալ հոդի անշարժություն և ֆունկցիայի լրիվ խանգարում:
ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆ, մկանների հանկարծակի ակամա կծկումներ: Առաջանում է նյարդային համակարգի հիվանդությունների (էպիլեպսիա, փայտացում, նևրոզ), թունավորումների, նյութափոխանակության և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների ժամանակ: Պատճառներից կախված՝ Ջ. կարող է լինել եզակի, պատահական կամ կրկնվել որոշակի հաճախությամբ՝ շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում: Առանձին հիվանդների մոտ դրանք առաջանում կամ ուժեղանում են արտաքին գրգռիչների ազդեցությամբ (հանկարծակի բարձր ձայնից, ասեղով մարմինը ծակելիս), խորը շնչառության, ալկոհոլի չարաշահման ժամանակ, տոթ շինություններում գտնվելիս ևն: Ջ. կարող է ընդգրկել 1 մկան կամ ամբողջ մկանախումբ:
Մկանների հանկարծակի ջղաձգային լարվածությունը (տոնիկ Ջ.) կարող է շարունակվել որոշ ժամանակ (սովորաբար՝ րոպեներ) և հաճախ ուղեկցվել կտրուկ ցավերով: Այդպիսի Ջ. հաճախ առաջանում է ձկնամկաններում՝ երկարատև քայլելիս, ինչպես նաև առողջ մարդկանց մոտ՝ լողալիս: Ջրից դուրս, շարժումների ժամանակ առաջացած Ջ. կարելի է վերացնել՝ մի ձեռքով ոտնաթաթը ծալելով և մյուս ձեռքով սրունքի մկանները մարզելով: Պառկած կամ նստած վիճակում Ջ. առաջանալիս հարկավոր է կանգնել և ամբողջ մարմնով հենվել հիվանդ ոտնաթաթի վրա: Եթե ոտքում Ջ. առաջանում է լողալիս, հարկավոր է ոտքերի շարժումները դադարեցնել և առողջ ոտքի օգնությամբ կատարել ջղաձգված ոտնաթաթի ծալում: Ջ-յան հակում ունեցող անձանց չի թույլատրվում հեռու լողալ: Ջ. կարող է լինել կլոնիկ, երբ մկանների արագ կծկումները և թուլացումները հաջորդում են իրար:
Ընդհանուր ջղաձգային նոպայի (օրինակ՝ էպիլեպսիայի) ժամանակ մարդը կարող է գիտակցությունը կորցնել և ընկնել: Նման դեպքում պետք է շտապ բժիշկ կանչել: Մինչև նրա գալը պետք է ուշադիր լինել, որ վնասվածքներ չառաջանան, գլխի տակ փափուկ որևէ բան դնել, ատամների միջև՝ թաշկինակով փաթաթած գդալ, որպեսզի լեզուն կուլ չգնա: Էպիլեպսիայի նոպայից հետո որոշ հիվանդներ լավ չեն կողմնորոշվում շրջապատում, հաճախ ձգտում են ինչ-որ տեղ փախչել, այդպիսի Ջ-ից հետո չի կարելի հիվանդին թողնել առանց հսկողության: Ջ. սովորաբար, հիվանդության ախտանշան է, ուստի, պատճառները հաստատելու և բուժման նպատակով անհրաժեշտ է դիմել բժշկի:
ՋՐԱԱՂԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Հանքային նյութեր հոդվածում:
ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բուժիչ և կանխարգելիչ նպատակներով ջրի արտաքին օգտագործումը: Ջ. միավորում է քաղցրահամ և հանքային ջրերով բուժումը (տես Բալնեոթերապիա): Ջ-ական բուժարարողություններն են ցնցուղումը, լոգանքները, ջրով շփումները, ջրցողումները, խոնավ փաթաթումները (տես Ջրային բուժարարողություններ):
Ջրային բուժարարողությունների ազդեցությունը որոշվում է ջրի ջերմաստիճանային, մեխ. և քիմ. գործոններով, որոնք առաջացնում են մաշկում գտնվող նյարդային վերջույթների (ընկալիչներ) գրգռում: Այդ