գրգռիչները կենտր. նյարդային համակարգի միջոցով առաջացնում են օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի պատասխան հակազդեցություններ: Առավել արտահայտված է հիվանդ օրգանի հակազդեցությունը: Հարկավոր է իմանալ, որ շատ ջրային բուժարարողություններ կարելի է ինքնուրույն կատարել տնային պայմաններում՝ միայն բժշկի նշանակմամբ: Ջրային բուժարարողությունների բազմազանությունը բժշկին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար անհատականորեն ընտրել նրա ֆունկցիոնալ հնարավորություններին և օրգանիզմի հակազդունակությանը համապատասխանող ձևը:
Ջ-յան հիմն. գործոնը ջերմային գրգռիչներն են: Բուժարարողության համար կարելի է օգտագործել սառը (մինչև 20°C), գոլ (20-33°C), այսպես կոչված, անտարբեր (34-36°C), տաք (37-39°C) և շատ տաք (40-42°C) ջուր: Ջերմաստիճանային գործոնի ազդեցությունը պայմանավորված է մարդու մարմնի և ջրի միջև տեղի ունեցող ջերմային էներգիայի փոխանակությամբ: Ջ-յան, ինչպես և բուժման մյուս մեթոդների դեպքում, որոնց ժամանակ օգտագործվում են բնական բուժիչ գործոնները, ձգտում են հասնել օրգանիզմի բարենպաստ հակազդեցության, իսկ դա ապահովվում է բուժարարողության ճիշտ չափավորման շնորհիվ:
Մաշկի վրա սառը և գոլ ջրի ազդեցության ժամանակ առաջանում է արյան մանր անոթների կծկանք, նվազում է ջերմատվությունը: Մաշկային անոթների սեղմումը բարձրացնում է դիմադրությունն արյան հոսքի հանդեպ, որն առաջացնում է սրտի կծկումների ուժեղացում և արյան ճնշման թեթևակի բարձրացում: Մաշկի ցածր ջերմաստիճանային գրգռումը հանգեցնում է նյարդային համակարգի դրդման: Մաշկը գունատվում է և շոշափելիս սառն է (հակազդման 1-ին փուլ): Սառը ջրի ազդեցությունը շարունակելիս արյան սեղմված անոթները լայնանում են, բարձրանում է արյան անոթների պատերի մկանների լարումը, և արյան հոսքն արագանում է: Դա հանգեցնում է օրգանիզմից ջերմության կորստի և բարձրացնում է նյութափոխանակությունը, որն իր հերթին ավելի շատ թթվածին է պահանջում, այսինքն՝ ուժեղանում է սիրտանոթային և շնչառ. համակարգերի աշխատանքը: Մաշկը դառնում է վարդագույն և շոշափելիս տաք է (հակազդման 2-րդ փուլ): Հիվանդն ունենում է դուրեկան ջերմության, թարմության և առողջության զգացում: Այդ հակազդեցությանը հարկավոր է հասնել յուրաքանչյուր ջրային բուժարարողության ժամանակ: Դրա առաջացումը կարելի է արագացնել և արդյունքը մեծացնել, եթե սառը կամ գոլ ջրով ազդեցությունը զուգակցվի մեխ. գրգռման (շփում, մերսում) հետ: Սառը ջրի երկարատև ազդեցությունից առաջանում է հակազդման 3-րդ՝ անցանկալի փուլը, արյան անոթները մնում են լայնացած, պատերի լարումն ընկնում է, արյան հոսքը՝ դանդաղում, առաջանում է երակային կանգ, մաշկը դառնում է կապտակարմիր, շոշափելիս սառն է, ինքնազգացողությունը վատանում է (նկատվում են թուլություն և ջարդվածություն), հիվանդը դողում է: Դրանք բուժարարողության՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակներին չհամապատասխանող, ոչ ճիշտ չափավորման ախտանշաններ են:
Անտարբեր ջերմաստիճանի ջուրը հանգստացնող ազդեցություն ունի, բայց երկարատև բուժարարողություններն առաջացնում են հոգնածություն և թուլություն:
Տաք ջուրը նույնպես հանգստացնող ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, նպաստում քնի բարելավմանը:
Շատ տաք ջրի ազդեցության ժամանակ 1-ին պահին նույնպես տեղի է ունենում մաշկի արյան անոթների կարճատև սեղմում, որն ուղեկցվում է սրտի կծկումների հաճախացմամբ, արյան ճնշման թեթևակի բարձրացմամբ, քրտնարտադրության ուժեղացմամբ: Հետագայում մաշկի անոթները կտրուկ լայնանում են, բայց քանի որ մարմինը շրջապատված է ավելի բարձր ջերմաստիճանի ջրով, ջերմատվություն տեղի չի ունենում: Այս բուժարարողությունները բարձր պահանջներ են ներկայացնում սիրտանոթային համակարգի գործունեությանը, դրա համար արյան շրջանառության խանգարումների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, ինչպես նաև բավականին արտահայտված աթերոսկլերոզի ժամանակ դրանք չեն նշանակվում:
Ջրի ջերմաստիճանը, բուժարարողության տևողությունը, ազդեցության մակերեսը փոխելով՝ կարելի է ստանալ օրգանիզմի օրգան-համակարգերի տարբեր հակազդեցություններ: Դա կազմում է Ջ-յան մի շարք գործելաձևերի հիմքը և օգտագործվում է օրգանիզմի հարմարվող. հնարավորությունների մարզման (կոփման) նպատակով: Կոփման համար օգտագործում են նաև բուժարարողություններ՝ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար իջեցնելով: Կրկնվող ազդեցությունների դեպքում օրգանիզմն ընտելանում է այդպիսի գրգռիչների հադեպ և դրանց պատասխանում ավելի թույլ արտահայտված հակազդեցություններով:
Ջերմաստիճանային գործոնի հետ մեկտեղ ջրային բուժարարողության ժամանակ հիվանդի վրա ազդում են մեխանիկական գործոնը՝ ջրի զանգվածի ճնշումը (ընդհանուր լոգանք) և նրա շարժումները (լողանալը): Այդ գործոնի ազդեցությամբ փոխվում է մաշկի և ներքին օրգանների արյան շրջանառությունը, մաշկային երակները ճնշվում են, ուժեղանում է արյան հոսքը դեպի սիրտը, ինչպես նաև արյան հետհոսքը որովայնի խոռոչից:
Անհրաժեշտության դեպքում (բուժման նպատակից կախված) մեխ. գրգռումը կարելի է ուժեղացնել լրացուցիչ ազդեցություններով՝ շփումով, մերսումով կամ հատուկ հարմարանքների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ջուրն ուղղել որոշակի ճնշման տակ:
Սովոր. (քաղցրահամ) ջրի քիմիական ազդեցությունը չնչին է, ավելի արտահայտված ազդեցություն են թողնում հանքային ջրերը, ծովի ջուրը, ինչպես նաև մաշկը գրգռող նյութեր (տարբեր մզվածքներ) պարունակող ջուրը:
Ջրաբուժության կիրառումը: Ջ. լայնորեն կիրառվում է օրգանիզմի կոփման, ինչպես նաև մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ՝ սառը ջրով բուժարարողությունները նշանակում են նյարդային և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների, նյութափոխանակությունը բարձրացնելու (օրինակ՝ ճարպակալման) ժամանակ, տաք ջուրը՝ քրոնիկ. բորբոքային հիվանդությունների դեպքում:
ՋՐԱՀԵՂՁՈՒԹՅՈՒՆ, առաջանում է ջրում (հազվադեպ՝ այլ հեղուկներում) սուզվելու հետևանքով, որի ազդեցությամբ առաջանում են օրգանիզմի կենսական կարևոր համակարգերի (կենտր. նյարդային համակարգ, շնչառություն, արյան շրջանառություն) ֆունկցիաների խանգարումներ: Առավել հաճախ տեղի է ունենում բաց ջրամբարներում լողանալիս: Լողի միջազգային սիրողական ֆեդերացիայի տվյալներով աշխարհում ամեն տարի ջրահեղձ է լինում 250-300 հզ. մարդ, ավելի հաճախ՝ երիտասարդներ, որոնց մեծ մասը լողալ կարողացել է:
Ջ-յան պատճառների մեջ առաջատար տեղ է գրավում հուզ. գործոնը՝ վախը: Վախի զգացումը, որով պայմանավորվում են օրգանիզմի հոգեշարժ. և այլ ֆունկցիաների խանգարումները, հաճախ կապված է ոչ իրական, այլ կարծեցյալ վտանգի և իր ուժերի նկատմամբ անվստահության