օրգանիզմի վրա և օրգանների ու հյուսվածքների (ճառագայթային այրվածք, հյուսվածքների մեռուկացում), ինչպես նաև ամբողջ օրգանիզմի ախտահարումը (ճառագայթային հիվանդություն) ուսումնասիրում է բժշկ. ճառագայթաբանությունը: Ռ-յան տվյալներն օգտագործվում են անվտանգության տեխնիկայի կանոնների մշակման, ճառագայթման սահմանային թույլատրելի չափաքանակների հաստատման (ռադիոակտիվ նյութերի և իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների հետ աշխատողների համար), ճառագայթային ախտահարումների բուժման ու կանխարգելման մեթոդների մշակման, տարբեր հիվանդությունների (հիմնականում՝ չարորակ ուռուցքների) բուժման համար կիրառվող ճառագայթման չափաքանակների ու մեթոդների որոշման ժամանակ:
Միջուկային էներգետիկայի առաջընթացի հետ կապված՝ իոնացնող ճառագայթման հետ մարդու շփումների մշտապես ընդլայնումը պայմանավորել է Ռ-յան և մյուս բնագավառների զարգացումը: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվում են ճառագայթային գենետիկայի մեթոդները (իոնացնող ճառագայթմամբ պայմանավորված մուտացիոն փոփոխությունների հետևանքով առաջացող օգտակար հատկանիշների ընտրությունը և ամրապնդումը սերունդներում): Այդ ճանապարհով հաջողվել է ստեղծել բույսերի նոր, արժեքավոր սորտեր, ստանալ օգտակար միկրոօրգանիզմներ (հակաբիոտիկներ): Միջատների միասեռ ամլացման ճառագայթագենետիկ. սկզբունքներն օգտագործվում են վնասատուների ոչնչացման համար: Ռ-յան նոր, կիրառ. բնագավառը՝ ճառագայթային կենսատեխնոլոգիան, ընդգրկում է սերմերի, բողբոջների ու տնկիների նախացանքային մշակումը, որը կիրառվում է բույսերի ծլունակության և բերքատվության բարձրացման, ինչպես նաև բանջարեղենի, սննդային պահածոների, վիրակապական նյութերի ճառագայթային վարակազերծման համար: Ռ. մեծ ներդրում է կատարել կյանքի մոլեկուլային հիմքերի և ժառանգականության մասին ընդհանուր պատկերացումների զարգացման գործում:
ՌԱԴՈՆԱՅԻՆ ԼՈԳԱՆՔՆԵՐ տես Լոգանքներ հոդվածում:
ՌԱԽԻՏ, հիվանդություն, որը պայմանավորված է վիտամին D-ի անբավարարությամբ և դրա հետևանքով առաջացող ֆոսֆոր-կալցիումային փոխանակության խանգարումներով:
Ավելի հաճախ հիվանդանում են 2-3 ամսականից մինչև 2-3 տարեկան առավելապես թույլ, անհաս և արհեստ. կերակրվող երեխաները (տես Կրծքի երեխա, Անհաս երեխա):
Հիվանդությունն առաջանում է երեխայի ոչ ճիշտ խնամքի, մաքուր օդում քիչ լինելու, կերակրման խանգարումների ժամանակ, որի հետ կապված՝ օրգանիզմ է ներմուծվում քիչ քանակությամբ վիտամին D, կամ խանգարվում մաշկում նրա առաջացումը (անդրամանուշակագույն ճառագայթների անբավարարության պատճառով): Բացի այդ, Ռ-ի առաջացմանը նպաստում են երեխայի հաճախակի հիվանդանալը, հղիության ժամանակ մոր ոչ ճիշտ սնուցումը: Ռ. հանգեցնում է նյութափոխանակության, ինչպես նաև օրգանիզմի տարբեր օրգանների ու համակարգերի ֆունկցիաների, առավելապես հանքային աղերի՝ ֆոսֆորի, կալցիումի փոխանակության խանգարումների: Փոխվում են աղիքներում կալցիումի ներծծման և ոսկրերում նրա կուտակման գործընթացները, որի հետևանքով բարակում և փափկում են ոսկրային հյուսվածքները, խախտվում նյարդային համակարգի, ներքին օրգանների ֆունկցիաները:
Ռ-ի ժամանակ ամենից առաջ փոխվում է երեխայի վարքագիծը, նա դառնում է վախկոտ, դյուրագրգիռ, քմահաճ կամ թորշոմած: Նկատվում է քրտնոտություն, որն արտահայտվում է հատկապես դեմքի (կերակրվելիս) կամ ծոծրակի վրա (քնելիս): Երեխայի բարձը խոնավանում է, նրան անհանգստացնում է քորը, գլուխն անընդհատ քսում է բարձին, որի հետևանքով ծոծրակը մազաթափվում է: Հիվանդության խորացման շրջանում նկատվում են մկանային թուլություն, դրանց շարժողության նվազում, շարժող. հմտությունները ձևավորվում են սովոր. ժամկետից ուշ: Երեխայի որովայնը մեծանում է, հաճախ առաջանում է փորկապություն կամ լուծ: Ավելի ուշ տեղի են ունենում ոսկրային համակարգի փոփոխություններ. ծոծրակը տափակում է, գլուխը՝ մեծանում, ի հայտ են գալիս ճակատային և ծոծրակային թմբիկներ, ճակատը դառնում է ուռուցիկ, քունքային և ծոծրակային շրջաններում կարող են լինել փափկացումներ: Մեծ աղբյուրակը (գաղտուն) ժամանակին չի փակվում: Հաճախ կողոսկրերի՝ կրծոսկրին մոտ հատվածների վրա առաջանում են հաստացումներ (այսպես կոչված՝ համրիչներ): Երբ երեխան սկսում է քայլել, ի հայտ է գալիս ոտքերի X-աձև կամ Օ-աձև ծռում: Փոխվում է նաև կրծքավանդակի ձևը. այն կողքերից սեղմված տեսք ունի: Ռ-ով տառապող երեխաները հաճախ են հիվանդանում վարակիչ հիվանդություններով, հատկապես թոքաբորբով, կարող են նկատվել նաև ցնցումներ (տես Սպազմոֆիլիա): Ռ. ի հայտ գալիս ծնողները երբեմն ուշադրություն չեն դարձնում կամ կանոնավոր չեն կատարում բժշկի խորհուրդները և նշանակումները, որն առանձին դեպքերում հանգեցնում է ողնաշարի, ոտքերի ծռումների, տափակաթաթության: Երբեմն խանգարվում է կոնքի ոսկրերի ճիշտ ձևավորումը, որը հետագայում կանանց մոտ բարդացնում է ծննդաբերությունների ընթացքը: Ռ-ի ամենափոքր կասկածի դեպքում ծնողները պետք է դիմեն բժշկի:
Ռ-ի կանխարգելումն սկսվում է դեռևս հղիության շրջանում: Ապագա մայրը պետք է հնարավորին չափ շատ լինի մաքուր օդում, խստորեն պահպանի սննդի ռեժիմը:
Երեխայի ծնվելուց հետո անհրաժեշտ է պահպանել նրա խնամքի բոլոր կանոնները և աշխատել հնարավորության դեպքում կրծքով կերակրել: Անհրաժեշտ է կանոնավոր այցելել պոլիկլինիկա: Ամռանը և ձմռանը կարելի է անցկացնել քվարցային ճառագայթման բուժընթաց: Հարկավոր է խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները՝ վիտամին D-ի լուծույթն ընդունելիս: Ոչ մի դեպքում չի կարելի տալ վիտամին D առանց բժշկի հետ խորհրդակցելու: Վիտամին D-ի մեծ քանակ օրգանիզմ ներմուծելիս կալցիումի աղերը կուտակվում են արյան մեջ և արտազատվում մեզով: Առաջանում է օրգանիզմի թունավորում, որի դեպքում հատկապես տուժում են