Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Ռ

ՌԱԴԻԿՈՒԼԻՏ, տես Նյարդարմատաբորբ:

ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ, ճառագայթաիզոտոպային ախտորոշում, ռադիոակտիվ իզոտոպների և նշակիր միացությունների կիրառումով հիվանդությունների ախտորոշում: Ռ.ա. հիմնված է ռադիոակտիվ ցուցանշման, այսինքն՝ օրգանիզմ ներմուծած ռադիոակտիվ նյութերի հետևման վրա:

Բազմաթիվ քիմ. տարրերի ռադիոակտիվ իոզոտոպներն իոնացնող ճառագայթման աղբյուր են և ճառագայթաչափիչ ու գրանցող հատուկ սարքերով մեծ ճշտությամբ կարող են գրանցվել մարդու օրգանիզմ ներմուծելուց հետո: Արդի սարքավորումները հնարավորություն են տալիս որսալ և ուսումնասիրել ռադիոակտիվ միացությունների չափազանց փոքր քանակները, որոնք գործնականում անվնաս են հետազոտվողի օրգանիզմի համար: Գրանցելով ռադիոակտիվ ցուցիչների տեղաբաշխումը, տեղափոխությունը, փոխարկումը և արտազատումը օրգանիզմից՝ բժիշկը հնարավորություն է ստանում գաղափար կազմել կենսաքիմ. և ֆիզիոլոգ. գործընթացներում համապատասխան տարրերի մասնակցության մասին:

Ռ.ա-ման բազմաթիվ մեթոդներից առավել տարածված են լաբորատոր և կլինիկ. ճառագայթաչափությունը, կլինիկ. ճառագայթագրությունը և տեսածրումը (ճառագայթման փնջի կառավարվող տարածական տեղաբաշխումը): Լաբորատոր ճառագայթաչափությունը հնարավորություն է տալիս արյան, մեզի կամ կղանքի հետազոտության ժամանակ հայտնաբերել որևէ նշակիր միացության պարունակությունը: Այդ մեթոդով կարելի է բավականին ճշգրտորեն որոշել արյան պլազմայի ու կարմիր մարմնիկների ծավալը: Ըստ մեզի լաբորատոր ճառագայթաչափ. արդյունքների՝ կարելի է իմանալ երիկամների աշխատանքի, իսկ կղանքի հետազոտությամբ՝ պատկերացում կազմել ստամոքսաղիքային համակարգում ճարպերի յուրացման մասին: Կլինիկ. ճառագայթաչափությունը հիմնված է օրգանների ու համակարգերի կողմից որոշ տարրեր կուտակելու հատկության վրա: Օրգաններում և հյուսվածքներում նշակիր նյութերի կուտակման մակարդակը որոշում են հիվանդի մարմնի վրա ռադիոակտիվության արտաքին չափումներով: Նշված մեթոդը մասամբ կիրառվում է վահանագեղձի ֆունկցիան որոշելիս: Կլինիկ. ճառագայթագրության օգնությամբ գրանցվում է նշակիր միացության տեղափոխման արագությունը տարբեր օրգաններով և որոշվում դրանց ֆիզիոլոգ. ակտիվությունը:

Կլինիկ. ճառագայթագրության մեջ օգտագործվում են հատուկ ռադիոախտորոշիչ սարքեր, որոնք չափումների արդյունքներն ավտոմատ կերպով գրանցում են (կորերի տեսքով) թղթե ժապավենի վրա:

Ռ.ա-ման տարածված մեթոդներից է տեսածրումը, որը հիմնված է օրգանների և հյուսվածքների (լյարդի, երիկամների, թոքերի, վահանագեղձի, գլխուղեղի, ողնուղեղի, ոսկրերի, ավշային համակարգի) որոշակի ռադիոակտիվ պատրաստուկներ կուտակելու հատկության վրա: Հետազոտության արդյունքները գրանցվում են հատուկ սարքերով: Ընկալող տվիչը, ավտոմատ կերպով տեղաշարժվելով մարմնի հետազոտվող մասով, ճառագայթման ազդակները հաղորդում է փոխակերպչին, որտեղ դրանք փոխարկվում են էլեկտր. ազդանշանի և տրվում գրանցող սարքին: Վերջինս թղթի վրա գրանցում է արդյունքը՝ գծիկների, կետերի կամ թվերի ձևով: Տվիչը որոշակի հատվածով տեղաշարժվելիս ստացվում են տարբեր խտության նշումներ՝ հետազոտվող օրգանում ռադիոակտիվ իզոտոպի կուտակման աստիճանին համապատասխան:

Ռադիոակտիվ տեսածրումը հնարավորություն է տալիս որոշել հետազոտվող օրգանի տեղադրությունը, ձևը և չափերը, հայտնաբերել ախտաբան. փոփոխությունները:

Հետազոտության ռադիոիզոտոպային մեթոդների հիմն. առավելությունը (հիվանդի համար) ոչ ցավոտ և անվնաս լինելն ու ախտորոշման արդյունքների բարձր ճշգրտությունն են:

ՌԱԴԻՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ճառագայթակենսաբանություն, գիտություն, որն ուսումնասիրում է իոնացնող ճառագայթների ազդեցությունը կենդանի օրգանիզմների և կենսոլորտի վրա: Նշված ճառագայթների ախտահարող ազդեցության մասին գիտնականներին հայտնի էր ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման (1895) 1-ին տարիներին: Այդ խնդիրն ավելի արդիական դարձավ ճապոն. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունից (1946) հետո: Այդ ժամանակից ատոմային սպառնալիքը կանխորոշեց Ռ-յան առավել այժմեական խնդիրները՝ բացահայտել հյուսվածքների, օրգանների ու կենս. կարևոր համակարգերի վրա իոնացնող ճառագայթների ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմները, դրա հիման վրա մշակել ճառագայթային հիվանդության և ճառագայթային այլ ախտահարումների կանխարգելման ու բուժման միջոցառումներ: Ռ-յան այդ բնագավառի նվաճումների շնորհիվ հայտնաբերվեցին մի շարք ֆիզ. ու քիմ. ազդակներ, որոնք հնարավորություն են տալիս ղեկավարել տարբեր հյուսվածքների փոխազդեցությունները ճառագայթահարման նկատմամբ և արհեստականորեն փոփոխել դրանք անհրաժեշտ ուղղությամբ: Դա օգտագործվում է, մասնավորապես, չարորակ ուռուցքների ճառագայթաբուժության արդյունավետությունը բարձրացնելու համար: Ուռուցքների վրա իոնացնող ճառագայթների ազդեցությունն ընտրողաբար ուժեղացնող ազդակներից են թթվածինը, գերտաքացումը և բազմաթիվ քիմ. միացություններ՝ ճառագայթազգայնացնողներ: Բնականոն հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի ճառագայթային ախտահարումը թուլացնող ազդակներից (ճառագայթապաշտպանիչներից) են որոշ դեղանյութեր և քիչ թթվածին պարունակող գազային խառնուրդները:

Ռ. ուսումնասիրում է նաև օրգանիզմի վրա տիեզեր. տարածությունից եկող բնական ճառագայթման ազդեցությունը հողում, ջրում, բույսերում, ինչպես նաև հենց օրգանիզմում պարունակվող ռադիոակտիվ տարրերի ճառագայթումը: Իոնացնող ճառագայթների ազդեցությունից առաջացող փոփոխությունները պայմանավորված են ճառագայթման չափաքանակի մեծությունով (որքան մեծ է, այնքան զգալի են փոփոխությունները), ճառագայթի տեսակով (ռենտգենյան, ալֆա-, բետա-, գամմա- ճառագայթներն օժտված են տարբեր էներգիաներով, ստեղծում են տարբեր աստիճանի իոնացում և ունենում են տարատեսակ կենսբ. ազդեցություն), օրգանիզմի վրա ներգործման ուղիով (շնչառ., մարսող. համակարգեր, մաշկ), ինչպես նաև ճառագայթվող հյուսվածքների ծավալով ու ճառագայթազգայնությամբ:

Օրգանիզմում առավել զգայուն են սեռ., արյունաստեղծ, ինչպես նաև բարակ աղիքների էպիթելի բջիջները: Հյուսվածքային տարրերի ոչ հասուն ձևերը (սաղմնային և երիտասարդ հյուսվածքներ, նոր ձևավորվող օրգաններ) ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ: Իոնացնող ճառագայթների ազդեցությունը մարդու