Արտահայտվում են օրգանիզմի որևէ գործունեության դրսևորմամբ, մկանների կծկումով կամ թուլացումով, արյունատար անոթների նեղացումով կամ լայնացումով ևն: Ռ. բնորոշ են միայն նյարդային համակարգ ունեցող օրգանիզմներին: Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը գրել է, որ բարդ օրգանիզմի կենսագործունեության մեջ ռեֆլեքսը խիստ էական և առավել հաճախ հանդիպող նյարդային երևույթ է, որի օգնությամբ հաստատվում է մշտ. ու ճշգրիտ փոխհարաբերություն օրգանիզմի տարբեր մասերի և ամբողջական օրգանիզմի ու շրջակա պայմանների միջև:
Ռ. լինում են պայման. և անպայման: Կենդանի օրգանիզմը ծնվելիս արդեն առկա են բնածին Ռ., օրինակ՝ նորածինների ծծելու Ռ. առաջանում են, երբ նրանց բերանին է հպվում որևէ բան (մոր կուրծքը, ռետինե ծծակը կամ մատը): Բնածին Ռ. տարբերվում են մեծ հաստատունությամբ միևնույն գրգռիչի նկատմամբ, և, անկախ այլ պայմաններից, տեղի է ունենում խիստ որոշակի հակազդեցություն: Ի. Պավլովը դրանք անվանել է անպայման Ռ.: ժամանակի ընթացքում վերջիններիս հիմքի վրա ստեղծվում է ավելի բարդ վարքագիծ. օրինակ՝ ծծելու շարժումներն առաջանում են միայն սննդով ամրապնդվող գրգռման հանդեպ: Երեխան հարմարվում է կերակրման որոշակի ժամերին, և սննդի քանակին ու բնույթին համապատասխան՝ թուք արտադրվում է արդեն ոչ միայն սնունդը բերանի խոռոչ ընկնելուց հետո, այլև մինչ այդ: Հայտնի է, որ հասուն մարդու օրգանիզմում թքարտադրություն կարող է առաջանալ միայն սննդի տեսքից կամ հոտից: Բավական է տեսնել կիտրոնը կամ այն մտովի պատկերացնել, և բերանի խոռոչում առատ թուք է գոյանում: Նման Ռ. մշակվում են յուրաքանչյուր մարդու կամ կենդանու անհատ. զարգացման ընթացքում և պայմանավորված են յուրաքանչյուրին բնորոշ գոյության պայմաններով: Ի. Պավլովը դրանք անվանել է պայման. Ռ.:
Շրջակա միջավայրի փոփոխությունների հետ կապված՝ Ռ. Նույնպես փոփոխվում են: Եվ հենց պայման. Ռ-ի շնորհիվ օրգանիզմն ընդունակ է արագ վերակառուցել իր վարքագիծը (տես Բարձրագույն նյարդային գործունեություն):
Բոլոր Ռ-ի կառուցվածքային հիմքը կազմում է, այսպես կոչված, ռեֆլեքսային աղեղը, որը կազմված է գրգիռն ընկալող, զգացող կամ կենտրոնաձիգ (աֆերենտ) ընկալիչներից, նյարդաթելիկներից, որոնցով հաղորդվում են ազդանշանները, կենտրոնական նյարդային համակարգի միջադիր նեյրոններից, որոնք մշակում են ստացված ինֆորմացիան, և արտատար կամ կենտրոնախույս (էֆերենտ) նյարդաթելիկներից, որոնք շարժող. հրամանը հաղորդում են ծայրամասեր: Ռեֆլեքսային աղեղի վերաբերյալ պատկերացումը տվել է ֆրանս. գիտնական Ռ. Դեկարտը: Այնուհետև ճշտվել են նյարդային և մկանային համակարգերի մասին պատկերացումները և «ռեֆլեքս» հասկացությունը: Եթե Դեկարտը Ռ. դիտում էր սոսկ որպես պարզագույն շարժում, ապա ռուս գիտնական Ի. Սեչենովը ռեֆլեքսային տեսության գաղափարները տարածեց նաև մարդու հոգեկան գործունեության վրա, իսկ Ի. Պավլովն ապացուցեց, որ ռեֆլեքսային գործունեությունն ընկած է մարդու ուսուցման բոլոր ձևերի (աշխատանքային հմտություններ, խոսք ևն) հիմքում:
ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐ, տես Նուկլեինաթթուներ հոդվածում:
ՌԻԲՈՍՈՄՆԵՐ, տես Բջիջ հոդվածում:
ՌԻԿԵՏՍԻՈԶՆԵՐ, մարդու և կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների խումբ. հարուցիչները բակտերիանման մանրէներն են՝ ռիկետսիաները (հայտնաբերել է ամեր. գիտնական Հ. Ռիկետսը): Ռ-ի շարքին են պատկանում համաճարակային բծավոր տիֆը, խրամատային (հնգօրյա) տենդը, լվային բծավոր տիֆը, հյուսիսասիական տզային բծավոր տիֆը, մարսելյան տենդը, ցուցուգամուշի տենդը, Քյու տենդը ևն:
Ռիկետսիաները կայուն չեն շրջակա միջավայրում և արագ ոչնչանում են 50- 70°C ջերմաստիճանի և տարբեր վարակազերծող նյութերի ազդեցությունից, բայց լավ դիմանում են չորացմանը (չորացած ոջիլներում և դրանց արտաթորանքում պահպանվում են ավելի քան 2 ամիս): Համաճարակային բծավոր տիֆը և խրամատային տենդը համարվում են անտրոպոնոզ հիվանդություններ, որոնցով վարակվում են միայն մարդիկ: Մնացած Ռ.՝ զոոնոզ են. մարդը հիվանդանում է՝ ենթարկվելով լվերի կամ տզերի հարձակմանը, որոնք էլ վարակվում են հիվանդ կենդանիներից: Բնական պայմաններում ռիկետսիաները հանդիպում են վայրի կաթնասունների (առավելապես՝ կրծողների) օրգանիզմում և վարակում են լվերին ու տզերին, որոնք չեն տուժում իրենց օրգանիզմում մակաբուծող ռիկետսիաներից, ավելին՝ տզերն ունակ են երկար ժամանակ պահպանել ռիկետսիաները և փոխանցել իրենց սերնդին:
Ռ-ի հարուցիչները հիվանդության ընթացքում շրջանառում են մարդու (կենդանու) արյան հոսքով և արյունածուծ միջատների (ոջիլներ, լվեր) ու տզերի միջոցով փոխանցվում են առողջ մարդու արյան մեջ: Նշված միջատների արտաթորանքի հետ կամ թքագեղձերի արտազատուկով ռիկետսիաներն արտազատվում են: Քյու տենդի ժամանակ մարդը վարակվում է (անասնաբույծներ, անասնաբույժներ) նաև հիվանդ կենդանիների արտաթորանքով աղտոտված ձեռքերի միջոցով և հիվանդ կովերի, այծերի, ոչխարների հում կաթն օգտագործելուց:
Ռ. մարդու օրգանիզմում ընթանում են տարբեր ծանրության տենդային հիվանդությունների ձևով: Հիվանդությունն սկսվում է սուր ձևով, ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացումով, գլխացավով, անքնությամբ, մկանային ցավերով, մաշկային քորով: Բնորոշ են արյունատար անոթների պատերի և կենտր. նյարդային համակարգի ախտահարումները:
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում:
Կանխարգելման հիմն. ձևը պայքարն է արյունածուծ միջատների՝ լվերի, ոջիլների (տես Ոջլոտություն) և կրծողների դեմ: Ռ-ի համար ոչ բարենպաստ շրջաններում պետք է կիրառել անհատ. պաշտպանության միջոցառումներ, օգտագործել վանող նյութեր և պաշտպան. ցանցեր (անտառում, արոտավայրերում և տզերի տարածման վայրերում կանոնավոր կերպով զննել մարմինը, հագուստը, սպիտակեղենը): Մաշկին կպած տզերն զգուշորեն հանել ունելիով և հպման տեղն այրել յոդի լուծույթով, սպիրտով կամ արծաթի նիտրատով (լյապիսով), իսկ տզերը ոչնչացնել (լցնել լիզոլի, կարբոլաթթվի լուծույթով անոթի մեջ) կամ այրել: Տզերի հարձակումից պաշտպանվելու համար (զանգվածային տարածման վայրերում) հագնել վանող նյութերի լուծույթով տոգորված հատուկ հագուստ (կոմբինեզոն, ձեռնոց, ճտքակոշիկ ևն):
ՌԻՆԻՏ, տես Հարբուխ հոդվածում:
ՌՆԳԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, քթախոսություն, ձայնի հնչեղության խիստ թուլացում և երանգի փոփոխություն, որը զուգակցվում է խոսքի հնչյունների աղավաղման հետ: Առաջանում է ձայնառաջացման և արտաբերական գործընթացներում քթի խոռոչի մասնակցության խանգարումների հետևանքով:
Ռ. առաջանում է քթի և քթաըմպանի հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քթային շնչառության խանգարումներով՝ քթի միջնապատի ծռումներ,