Նրանք ընդունակ են կազմելու և արտասանելու ոչ բարդ նախադասություններ: Դանդաղամիտ են, մտածողությունը խիստ պարզ է ու կոնկրետ, վերացական մտածողությունը բացակայում է: Ընդհանրացումներ և դատողություններ չեն կարողանում կատարել: Հիշողությունը խիստ թույլ է, ուշադրությունը՝ անկայուն: Իմբեցիլներն ինքնուրույն կյանք չեն կարող վարել, մշտ. հսկողության և խնամքի կարիք ունեն, բայց համակարգված աշխատանքով հնարավոր է նրանց վարժեցնել ինքնասպասարկման և պարզ ֆիզ. աշխատանքի:
Ի տարբերություն իմբեցիլների՝ դեբիլների խոսքի զարգացման մակարդակը համեմատաբար բարձր է, բայց բառապաշարն աղքատ է: Խոսքը տրաֆարետային բնույթ է կրում, որը նպաստում է մեխ. հիշողության զարգացմանը և նմանակելուն: Մտածողությունը կոնկրետ է, հաճախ դժվարանում են ընդհանրացումներ ու եզրակացություններ անել: Կարող են ինքնուրույն կյանք վարել, արհեստ սովորել, հարմարվել շրջակա միջավայրին: Նրանց շարժումներն աններդաշնակ են, պահվածքն ու քայլվածքը՝ անշնորհք, հաճախ ունենում են ֆիզ. արատներ, կենտր. նյարդային համակարգի թերություններ: Սակավամիտ բոլոր հիվանդները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Որոշ ձևերի ժամանակ, որոնց պատճառը ճշտված է, պետք է կիրառել հատուկ, պատճառածագումնային (հիվանդության պատճառը վերացնող) բուժում: Արդյունավետությունը կախված է ժամանակին ախտորոշելուց: Օրինակ՝ ֆենիլկետոնամիզության դեպքում նշանակվում է ամինաթթուներից՝ ֆենիլալանինից, իսկ գալակտոզարյունության դեպքում՝ համապատասխան ածխաջրերից զուրկ սննդակարգ ևն: Տոքսոպլազմոզով պայմանավորված Ս-յան դեպքում նույնպես անցկացվում է բուժման հատուկ կուրս: Բոլոր դեպքերում բուժումն ուղղված է հոգեկան զարգացման խթանմանը: Սոցիալ. պայմաններին հարմարվելու համար շատ կարևոր են նաև բժշկամանկավարժ. համալիր միջոցառումները. հիվանդության ձևին համապատասխան հատուկ ուսուցում, մասնագիտ. կողմնորոշում և սոցիալ. աշխատանքային հարմարում:
Կանխարգելումը ներառում է բժշկագենետիկ. և սոցիալ. համալիր միջոցառումներ՝ հղի կանանց, կերակրող մայրերին և մանկ. տարիքի երեխաներին վնասվածքներից, վարակիչ և թունավարակ. հիվանդություններից պաշտպանելու համար: Ս-յան կանխարգելման հնարավորություններն ընդլայնվում են ծնողների հետ բժշկագենետիկական խորհրդատվության շնորհիվ:
ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, անեմիա, հիվանդություն, որը բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի քանակի նվազմամբ: Հեմոգլոբինը պարունակվում է էրիթրոցիտներում (արյան կարմիր մարմնիկներ) և իրենից ներկայացնում է մի նյութ, որը հեշտությամբ միանում է թթվածնին և թոքերից այն տանում դեպի օրգանիզմի հյուսվածքները: Ս-յան պատճառները բազմազան են: Այն կարող է առաջանալ արյան սուր կամ քրոնիկ. կորստի, էրիթրոցիտների քայքայման ուժեղացման (հիմն. արյունաստեղծ օրգանի՝ ոսկրածուծի ֆունկցիայի անբավարարության) հետևանքով: Ս. առաջանում է մի շարք հիվանդությունների (օրինակ՝ վարակիչ, ճիճվային) դեպքում: Առավել տարածված Ս. կապված է երկաթի անբավարարության հետ:
Օրգանիզմի կենսագործունեության համար երկաթը կարևոր նշանակություն ունի: Այն անհրաժեշտ է էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինի կառուցման համար: Երկաթի անբավարարության ժամանակ խանգարվում են նաև մարսող. գեղձերի, նյարդային համակարգի, մկանային ապարատի ֆունկցիաները: Օրգանիզմում երկաթի անբավարարության հետ կապված Ս. առավել հաճախ արյան կորստի հետևանք է: Բավականաչափ արտահայտված Ս-յան պատճառ կարող են լինել ոչ մեծ, բայց երկարատև արյունահոսությունները (օրինակ՝ թութքի, ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ): Երկաթի անբավարարության հետ կապված՝ Ս. նկատվում է երկարատև և առատ դաշտանային արյունահոսությամբ տառապող կանանց մոտ (տես Դաշտանային ցիկլ): Հաճախ այդպիսի Ս. առաջանում է հղիության և երեխայի կերակրման շրջաններում, երբ մոր օրգանիզմը «ծախսում է» մեծ քանակությամբ երկաթ: Վաղ մանկ. տարիքում Ս-յան հանգեցնող երկաթի անբավարարությունը հաճախ պայմանավորված է ոչ ճիշտ սնուցմամբ:
Երկաթի անբավարարության հետ կապված Ս-յան հիմն. ախտանշանը արյան մեջ հեմոգլոբինի քանակի նվազումն է (էրիթրոցիտների քանակի բավականաչափ նվազման կամ բնականոն քանակի դեպքում), երբ յուրաքանչյուր էրիթրոցիտ պարունակում է ավելի քիչ հեմոգլոբին, քան բնականոնը՝ թերգունային (հիպոքրոմ) Ս.: Գունային ցուցանիշն այս դեպքում նվազում է: Օրգանիզմում երկաթի անբավարարության ժամանակ, մինչև Ս-յան առաջացումը հիվանդները գանգատվում են արագ հոգնելիությունից, գլխացավերից, գլխապտույտից, աչքերի առջև բծերի առկայծումից, մազաթափությունից և մազերի ու եղունգների դյուրաբեկությունից: Երբեմն առաջանում են կլման դժվարություններ, հնարավոր է լուծ, բնորոշ են ախորժակի «քմահաճությունները» (օրինակ՝ կավիճ, կիր ուտելու ցանկությունը, կծու, թթու սնունդ օգտագործելու բուռն պահանջը): Այդ երևույթների առաջացումը հիմնականում կապված է թթվածնի մատակարարման և օրգանիզմի հյուսվածքների կողմից դրա յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին պայմանավորված է երկաթի անբավարարության ժամանակ շնչառ. ֆերմենտների ակտիվության նվազմամբ, որոնք շնչառ. օրգաններից դեպի հյուսվածքներն են տանում թթվածին և մասնակցում են կենսբ. օքսիդացման գործընթացներին (տես Շնչառություն): Ս-յան առկայության մասին վկայում են գունատությունը, ֆիզ. բեռնվածության ժամանակ սրտի կծկումների հաճախացումը, երկաթի անբավարարության վերը նկարագրված ախտանշանների խիստ արտահայտվածությունը: Երկաթի անբավարարությունից առաջացող Ս-յան կանխարգելման և բուժման համար կարևոր են արյան կորստի հնարավոր աղբյուրի ժամանակին հայտնաբերումը, վերացումը և ճիշտ սնուցումը: Հղիության և երեխային կրծքով կերակրելու ժամանակ կնոջ լիարժեք սնունդը կանխում է մոր և պտղի Ս-յան առաջացումը: Բուժումն իրականացվում է՝ խստորեն կատարելով բժշկի նշանակումները: Անհրաժեշտ է երկաթի պատրաստուկների կանոնավոր և երկարատև ընդունում՝ սովորաբար ամբուլատոր պայմաններում և բժշկի հսկողությամբ:
Հանդիպում է նաև վիտամին B12-ի կամ ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված Ս. (տես Վիտամինային անբավարարություն): Այն սովորաբար առաջանում է տարեցների մոտ՝ ստամոքսի լորձաթաղանթի ֆունկցիայի խանգարման հետևանքով, ալկոհոլամոլության ժամանակ, ինչպես նաև առանձին ճիճվային հիվանդությունների դեպքում (առավել հաճախ լայն երիզորդով ախտահարվելիս), երբեմն հղիության շրջանում, ստամոքսի կամ աղիքների մասնահատման վիրահատությունից հետո: Վիտամին B12-ի կամ ֆոլաթթվի անբավարարության դեպքում արյան մեջ նվազում է էրիթրոցիտների քանակը, իսկ հեմոգլոբինի նվազումը քիչ է արտահայտվում: Բոլոր տեսակի Ս-ներին