Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ նրա բնույթը կարող է փոխվել. ուժեղանում են անհանգստությունը և կասկածամտությունը: Մարդուն տիրում են կասկածները, որոնք աստիճանաբար տարածվում են իրադարձությունների և երևույթների առավել լայն շրջանակների վրա. նա կասկածում է, արդյոք ճի՞շտ է կատարել առաջադրանքը, չի՞ մոռացել կամ շփոթել ինչ-որ բան, տնից դուրս գալով՝ վախեցած մտածում է, անջատե՞լ է արդյոք գազը, փակե՞լ է բնակարանը ևն: Այդպիսի հիվանդները ստիպված են բազմակի վերստուգել կատարածը, նրանք մի քանի անգամ վերադառնում են տուն, որպեսզի համոզվեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, սակայն բնակարանից դուրս գալուց հետո կասկածները նորից են տանջում:

Սևեռուն վախերը կարող են տարբեր բովանդակություն ունենալ, բայց առավել հաճախ հանդիպում են սեփական առողջության համար անհանգստությունները, օրինակ՝ վախենում են հիվանդանալ սրտային հիվանդություններով (կարդիոֆոբիա), քաղցկեղով (կանցերոֆոբիա), սիֆիլիսով (սիֆիլոֆոբիա) ևն: Մի շարք դեպքերում առաջանում են վախեր խելագարվելուց, տվյալ իրադրությունում անթույլատրելի արարքներ կատարելուց (օրինակ՝ ուսանողը վախենում է դասախոսության ժամանակ ճչալուց): Նման դեպքերում, չնայած տանջալից վիճակին, հիվանդները երբեք չեն իրականացնում նման սևեռուն հակումները: Սևեռուն վախերը, կասկածները, հակումները հաճախ ուղեկցվում են վեգետատիվ խանգարումներով՝ սրտխփոցով, քրտնոտությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով, որովայնի ցավերով ևն:

Գոյություն ունի, այսպես կոչված, վերացական Ս. վ-ի խումբ, որը չի ուղեկցվում տհաճ ապրումներով և վեգետատիվ խանգարումներով: Դրանցից են սևեռուն հաշվումը (հիվանդը հաշվում է լուսամուտները, հարկերը, աստիճանները ևն), սևեռուն հիշողությունները (անցյալ իրադարձությունների անկարևոր մանրամասնությունների մասին), սևեռուն իմաստակությունը՝ կեղծ իմաստություն անելը, հիվանդները երկար մտածում են իրականության հետ կապ չունեցող իրադարձությունների և իրավիճակների մասին (օրինակ՝ ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան, եթե Երկիրը դառնա խորանարդ):

Ս. վ. ի հայտ գալիս հիվանդը պետք է դիմի բժշկի, քանի որ այդպիսի ռեակցիաները ժամանակի ընթացքում ամրապնդվում են: Հիվանդը որքան շուտ ստանա որակյալ բուժօգնություն, այնքան շուտ կապաքինվի:

ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿ, սպերմա, արական սեռ. գեղձերի արտազատուկների խառնուրդ, որը պարունակում է սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)՝ սեռ. բազմացմանը մասնակցող արական սեռ. բջիջներ: Ս. սկսում է արտադրվել սեռական հասունացման շրջանում, 40 տարեկանից հետո նրա արտադրությունը նվազում է: Սերմնաժայթքման (էյակուլացիա) պահին արտադրվում է միջին հաշվով 2-6 մլ Ս.: Այդ քանակությունը բավարար է, որպեսզի չեզոքացնի հեշտոցի թթվային միջավայրը, որը խանգարում է սերմնաբջիջների շարժմանը: Ս-ի քանակության նվազումը կարող է տղամարդու անպտղության պատճառ դառնալ: Ս-ի արտադրության և արտազատման խանգարումները, որպես կանոն, կապված են ամորձիների թերզարգացման և հետաճման, սերմնատար ծորաններում, շագանակագեղձում, միզուկում կոպիտ սպիական փոփոխությունների հետ, որոնք առաջացել են այդ օրգանների վնասվածքներից և բորբոքային հիվանդություններից հետո:

ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Տոհմաբանություն:

ՍԵՔՍՈԼՈԳԻԱ, սեռաբանություն, գիտ. հետազոտությունների բնագավառ, ուսումնասիրում է մարդու սեռական կյանքը: Որպես ինքնուրույն բնագավառ՝ Ս. ձևավորվել է 1940-ական թթ.: Հետազոտությունների հիմն. ուղղությունները (բժշկակենսբ., սոցիալ-պատմ. և հոգեբան.) մինչ այժմ բավականաչափ ինքնուրույն են և մեխանիկորեն միաձուլված չեն: Ս-ական հետազոտություններով զբաղվում են գիտության տարբեր բնագավառների մասնագետներ, այդ թվում՝ կենսաբաններ, նյարդաներզատաբաններ, հոգեբույժներ, հոգեբաններ, սոցիոլոգներ և ուր.:

Կենսաբանաբժշկական ուղղությունը ժամանակակից Ս-ում ընդգրկում է սեռի կենսբ. հիմունքների ուսումնասիրությունը, սեռի ձևավորման գործում կենսբ. և մշակութասոցիալ գործոնների հարաբերակցությունը (որը գործն. նշանակություն ունի հոգեսեռ. խանգարումների ախտորոշման և բուժման համար), տղամարդու և կնոջ հոգեկանի ու վարքագծի վրա տարբեր սեռ. գործոնների (մասնավորապես՝ սեռ. հորմոնների) ազդեցությունը, սեռ. ֆունկցիաների հետազոտությունը, որն անհրաժեշտ է սեռ. խանգարումների ախտորոշման և բուժման համար:

Սոցիալ-պատմական ուղղության շրջանակներում ուսումնասիրում են տղամարդու և կնոջ սոցիալ. ֆունկցիաների և գործունեության ձևերի առանձնահատկությունները, հավաքում և ընդհանրացնում են մարդկանց բարոյական դիրքորոշման և սեռ. վարքագծի վերաբերյալ տեղեկությունները՝ կապված տարիքային, մասնագիտ., դասակարգային, շրջանային, ազգային և այլ առանձնահատկությունների հետ: Հետազոտում են նաև սեռ. բարոյականության նորմերի պատմ. էվոլյուցիան, սեռ. դաստիարակության և լուսավորության տարբեր մեթոդների արդյունավետությունը ևն:

Ս-ի հոգեբանական ուղղությունն ընդգրկում է սեքսուալությւսն տարիքային առանձնահատկությունների, այդ թվում՝ դեռահասների և պատանիների սեքսուալության հոգեբան. օրինաչափությունների, սեռ. վարքագծի անհատ. առանձնահատկությունների և դրանց հետ կապված զգացմունքների ու ապրումների (սիրո զգայական-հեշտանքային և հոգեբանաբարոյական բաղադրամասերի), ինչպես նաև սեքսուալության սոցիալ-հոգեբան. և համեմատական-հոգեբան. խնդիրների ուսումնասիրությունները:

Մարդու սեռ. խանգարումների առաջացման, ախտորոշման, բուժման և կանխարգելման խնդիրներն ուսումնասիրում է սեքսոպաթոլոգիան:

ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱ. սեռաախտաբանություն, կլինիկ. բժշկության ինքնուրույն գիտաճյուղ, ուսումնասիրում է սեքսուալ առողջության խանգարումները, որոնք անդրադառնում են նաև սեքսուալ վարքի ողջ դրսևորումների ու վերարտադրող. ֆունկցիայի (որդեծնության) այն փուլի վրա, որը նախորդում է հղիության կայացմանը, ինչպես նաև այդ խանգարումների ախտորոշման, կանխարգելման և բուժման հարցերը:

ՀՀ-ում Ս. սկսել է ձևավորվել 1977-ից, երբ Երևանի քաղաքային 3-րդ կլինիկ. հիվանդանոցի հիմքի վրա պաշտոնապես սկսեց գործել բժշկասեքսոլոգ. ծառայությունը: Վերջինս, աստիճանաբար զարգանալով, հանրապետությունում ձեռք բերեց կլինիկ. բժշկության ինքնուրույն գիտաճյուղի կարգավիճակ և 1980-ին քաղաքային 1-ին կլինիկ. հիվանդանոցի տարածքում սկսեց գործել որպես ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետ. ինքնուրույն կենտրոն: Հանրապետությունում 1988-ից գործում է ազգաբնակչության սեքսուալ առողջության պահպանման ու վերականգնման բժշկասեքսոլոգ. օգնության ցանց: Բժշկասեքսոլոգ. ծառայության Ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետ. կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը (մինչև