Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյան հոսքի զարգացմամբ և ինֆարկտի չենթարկված հիմն. զանգվածի հզորության (գերսնուցման) աստիճան. մեծացմամբ: Նշված 2 գործընթացներն էլ պահանջում են երկարատև ժամանակ և պայմանավորված են հիվանդի համբերությամբ և դիմացկունությամբ, օրվա ռեժիմի, ֆիզ. ակտիվության և դեղանյութերով բուժման վերաբերյալ բժշկի հանձնարարականները կատարելով:

Կրծքային հեղձուկի և սրտամկանի ինֆարկտի դեպքերում բժշկի խորհուրդներին հետևելը խիստ կարևոր է սրտի իշեմիկ հիվանդության, այդ թվում՝ սրտի կարծրախտի հետագա խորացման կանխարգելման համար: Վերջինս հաճախ ընթանում է գաղտնի ձևով, չպատճառելով ոչ մի անհանգստություն, և հայտնաբերվում է սոսկ էլեկտրասրտագրի թեթևակի փոփոխություններով, երբեմն էլ սրտի ռիթմի փոփոխություններով (անռիթմություն) և սրտային անբավարարությամբ:

Անռիթմությունը (առիթմիա) սրտի կծկումների ռիթմի տարբեր բնույթի և ծագման շեղումներն են: Մարդը սովորաբար չի զգում իր սրտի բաբախումները, հետևաբար և ռիթմը: Անռիթմությունն ընկալվում է որպես սրտի աշխատանքի անկանոնություն, նվազում կամ խիստ քաոսային սրտխփոց: Անռիթմության շատ տեսակներ լուրջ վտանգ չեն ներկայացնում սրտի ֆունկցիայի և մարդու կենսագործունեության համար, բայց այդ շեղումների 1-ին իսկ նշանի դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ միայն բժշկ. վերլուծությամբ, օգտագործելով էլեկտրասրտագրության տվյալները, կարելի է ճիշտ ախտորոշել:

Կան անռիթմության բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր են իրենց դրսևորումներով և առաջացման մեխանիզմներով: Որոշակի նշանակություն ունի նաև նյարդային համակարգի վիճակը: Հայտնի է, որ հոգեկան լարումն առաջացնում է սրտի կծկումների տեմպի և ռիթմի որոշակի փոփոխություններ (այդ թվում նաև առողջ մարդկանց մոտ): Ապացուցվել է նաև որոշակի իրավիճակներում սրտի գործունեության խանգարումներով չտառապող անձանց մոտ մյուս օրգանների հիվանդությունների դեպքում մի շարք անռիթմությունների ռեֆլեքսային բնույթը: Հաճախ անռիթմությունն առաջանում է կենտր. և վեգետատիվ նյարդային, ինչպես նաև ներզատիչ համակարգերի հիվանդությունների դեպքերում: Բայց դրանց առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառը սրտամկանի, ծոցականջիկային հանգույցի և սրտի հաղորդիչ համակարգի ախտահարումն է: Սրտի անատոմ. կառուցվածքների կամ այնտեղ ընթացող նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող տարբեր հիվանդություններ առաջացնում են սրտի՝ տևողությամբ և բնույթով տարբեր անռիթմություններ:

Ծոցային անռիթմութունը՝ սրտի կծկումների անկայունությունը, կապված է ծոց-կանջիկային հանգույցի ակտիվության տատանումների հետ և երբեմն նկատվում է սրտի հիվանդությունների դեպքում: Բնականոն ռիթմի հաճախացում (ծոցային հաճախազարկություն) կամ դանդաղում (ծոցային դանդաղազարկություն) կարող են դիտվել միանգամայն առողջ մարդկանց մոտ երկար տարիների ընթացքում:

Նոպայական (պարոքսիզմային) հաճախազարկությունը սրտի ռիթմի հանկարծակի կտրուկ հաճախացումն է (երբեմն՝ 1 ր-ում 200 և ավելի զարկ): Հաճախ անռիթմության այդպիսի նոպաների հակում ունեցող հիվանդների սրտի որևէ հիվանդություն չի հայտնաբերվում: Պարզվել է, որ նման նոպաների առաջացումն ավելի հաճախ կապված է բնածին արատների՝ սրտամկանում լրացուցիչ հաղորդիչ ուղիների առկայության հետ:

Էքստրասիստոլան (արտահերթ կծկում) սրտի ռիթմի խանգարում է, որը կապված է սրտամկանում դրդման լրացուցիչ օջախների առաջացման հետ, որտեղից ուղարկվող ազդակներն առաջ են բերում սրտի վաղաժամ կծկում (էքստրասիստոլա): Այն հաճախ ընկալվում է որպես անհավասար տրոփում, սրտի նվաղման (թալկացման) զգացում:

Սրտի շրջափակումը (պաշարում) նախասրտերից դեպի փորոքները (նախասիրտ-փորոքային շրջափակում) կամ փորոքների հաղորդիչ համակարգով (ներփորոքային շրջափակում) ազդակի հաղորդման խանգարումն է: Սրտի շրջափակման դեպքում ռիթմը հաճախ մնում է կանոնավոր: Այն կարող է առաջանալ սրտամկանի բորբոքման, սրտի իշեմիկ հիվանդության, թափառող նյարդի լարվածության բարձրացման և այլ դեպքերում: Նախասիրտ-փորոքային շրջափակումը լինում է մասնակի և լրիվ: 1-ին դեպքում ազդակները նախասրտից փորոքներ են հասնում հապաղումով, իսկ առանձին ազդակներ չեն հասնում: Սրտի լրիվ շրջափակման ժամանակ ծոց-ականջիկային հանգույցում ծագած ազդակներն առաջացնում են միայն նախասրտերի կծկում, իսկ փորոքները կծկվում են սեփական ազդակների ազդեցությունից (որի համար էլ այդ հիվանդների անոթազարկը հատկապես դանդաղ է): Գլխուղեղի անբավարար արյունամատակարարման հետևանքով կարող է առաջանալ ուշագնացության վիճակ, հաճախ՝ սահմանափակ աշխատունակություն: Սրտի շրջափակումը կարելի է հայտնաբերել միայն էլեկտրասրտագրության միջոցով:

Առկայծող (շողացող) անռիթմությունը ռիթմի խանգարում է, որի դեպքում նախասրտերը կծկվում են ոչ ամբողջովին, այլ առանձին թելիկներով, իսկ փորոքները՝ անկանոն: Նկատվում են որոշ սրտի արատների, սրտի իշեմիկ հիվանդության, վահանագեղձի գերֆունկցիայի (թիրեոտոքսիկոզ) դեպքերում (տես Խպիպ տարածուն թունավոր):

Անռիթմությունները բուժում են տարբեր եղանակներով: Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների հետ կապված ձևերի դեպքում նշանակվում են հանգստացնող դեղանյութեր: Արդի բժշկությունը կիրառում է էլեկտրաազդակային բուժման մեթոդը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ընդհատել սրտի ախտաբան. ռիթմերի որոշ ձևեր: Գոյություն ունի նաև սրտի արհեստ. էլեկտրախթանման մեթոդ: Սրտի արհեստ. ռիթմի ստեղծումը (ռիթմավար) կիրառվում է սրտաբան. կենտրոններում, երբ սրտի սեփական ռիթմը խիստ դանդաղ է կամ անկայուն, «անհուսալի»:

Սրտի հիվանդության հետևանքով առաջացած անռիթմությունների կանխարգելումը համընկնում է սրտի համապատասխան հիվանդության կանխարգելման հետ (տես ստորև): Սրտխփոցների որոշ նոպայական ձևերի դեպքում, որոնք հաճախ կրկնվելու հակում ունեն, մշակվել է դեղորայքային կանխարգելում (որոշակի պատրաստուկների ամենօրյա ընդունում համապատասխան չափաքանակով և երկարատև ժամանակով):

Սրտային անբավարարությունը (ինչպես և անռիթմությունը) սրտի հիվանդություն չէ: Այն ախտաբան. ախտանշանների (մաշկի և լորձաթաղանթների կապտություն, հևոց, ոտքերի այտուց ևն) համալիր է, որոնք վկայում են, որ սիրտն անկարող է լրիվ ծավալով կատարել իրեն տրված բեռնվածությունը: Դրա հետևանքով օրգանիզմում առաջանում են արյան շրջանառության տարբեր շեղումներ, որոնք զգում է հիվանդը (օրինակ՝ հևոց) կամ հայտնաբերում է բժիշկը: Սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ հիմնականում դիտվում է քրոնիկ. ձևը. հիվանդության երևույթներն առաջանում են աստիճանաբար, ոչ կտրուկ, որի պատճառով էլ հիվանդներն ուշ են դիմում բժշկի: Դա դժվարացնում և երկարաձգում