խորհուրդների (ոչ բժշկի հանձնարարած) կուրորեն կատարումից, որոնք չեն համապատասխանում սրտի հնարավորություններին: Առանց հսկողության ֆիզ. ակտիվությունը կարող է մեծ վնաս հասցնել և հանգեցնել սիրտանոթային հիվանդությունների սրացման և բարդությունների:
Սրտի բորբոքային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է ժամանակին բուժել գրիպը, անգինան, վերացնել քրոնիկ. բակտերիային բորբոքային օջախները՝ առավել հաճախ բերանի խոռոչում (ատամների և լնդերի հիվանդություններ), ըմպանում (քրոնիկ. նշագեղձերի բորբոքում), քթի հավելյալ ծոցերում, կատարել օրգանիզմի կոփում:
Ս.հ-ի քրոնիկ. հիվանդությունների (հիպերտոնիկ հիվանդություն, ռևմատիզմ, սրտի իշեմիկ հիվանդություն) կանոնավոր և պլանաչափ բուժումը դրանց առաջացման, կանխման և հետևաբար՝ հաճախ հաշմանդամության հանգեցնող բարդությունների ու հետևանքների կանխարգելման լավագույն միջոց է:
Սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարն ունի կարևոր պետ. նշանակություն: ՀՀ-ում ստեղծվել է մասնագիտացված սրտաբան. ծառայություն: Մեծ նշանակություն է տրվում տեղամասային բժիշկների կողմից հիվանդների դիսպանսերացմանը: Շատ բուժհիմնարկներում կան մասնագիտացված բաժանմունքներ՝ հանդերձված ժամանակակից սարքավորումներով (այդ թվում՝ Ս.հ-ի աշխատանքի անընդհատ վերահսկման մոնիտորային համակարգով), որտեղ բուժում են սրտամկանի ինֆարկտով հիվանդներին: Ինտենսիվ բուժումը կիրառվում է անհետաձգելի օգնություն պահանջող իրավիճակներում: Սրտամկանի ինֆարկտի և սիրտանոթային մյուս սուր հիվանդությունների շտապ օգնության լավացմանը նպաստել է շտապ բժշկ. օգնության մասնագիտացված սրտաբան. բրիգադների ստեղծումը: Ծառայության գիտամեթոդ. ղեկավարումն իրականացնում են սրտաբան. գիտ. կենտրոնները: Գործում են էլեկտրասրտագրության հեռագրանցման (դիստանցիոն) բաժանմունքներ. դա զգալիորեն բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի ախտորոշումը:
Բուժօգնության հատուկ ձև է, այսպես կոչված, վերականգնումը (ռեաբիլիտացում), այսինքն՝ վերականգնող. բուժումը: Սրտաբանության բնագավառում այն ուղղված է սրտի կամ անոթների հիվանդությամբ տառապող մարդու աշխատունակության վերականգնմանը: Վերջինս, որպես կանոն, սրտամկանի ոչ բարդացած ինֆարկտի բուժման ավարտական փուլն է: Այն անհրաժեշտ է նաև որոշ վիրահատություններից հետո: Վերականգնող. բուժումն առավել հաճախ կատարվում է մասնագիտացված սրտաբան. առողջարաններում, բայց երբեմն՝ ամբուլատոր պայմաններում՝ տեղամասային թերապևտի կամ պոլիկլինիկայի սրտաբան. կաբինետի բժշկի հսկողությամբ: Ս.հ-ի քրոնիկ. հիվանդություններով տառապող հիվանդների համար գործում են սրտաբան. առողջարաններ (Արզնի, Ջերմուկ):
Սրտի և անոթների ժամանակակից վիրաբուժության նվաճումներն ապահովել են անբուժելի համարվող շատ հիվանդությունների արդյունավետ բուժման հնարավորությունը: Վիրաբուժ. միջամտությունը վերացնում է բնածին կամ ձեռքբերովի արատները, իրականացնում սրտային փականների, զարկերակների վերակառուցումը և պրոթեզավորումը: Սակայն, ինչպես և բուժօգնության միջոցներից շատերը, վերակառուցող վիրահատությունը արդյունավետ է, եթե կատարվում է ժամանակին: Ուստի սրտային վիրաբույժի հետ ժամանակին խորհրդակցելը շատ կարևոր է: Սիրտանոթային հիվանդների վիրաբուժ. բուժման համար ստեղծվել են սրտային վիրաբուժության բաժանմունքներ (Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստ., Նորք-Մարաշ բժշկ. կենտրոն ևն):
ՍԻՖԻԼԻՍ, վեներական հիվանդություն, որը դրսևորվում է օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ախտահարմամբ: Ենթադրվում է, որ Ս. Եվրոպական մայրցամաք են բերել Ք. Կոլումբոսի արշավախմբի ծովայինները, որոնք այդ հիվանդությունով վարակվել են Հայիթի կղզու բնիկներից: 1-ին բռնկումը Եվրոպայում (այդ թվում՝ նաև Ռուսաստանում) նկատվել է 15-րդ դ.: Հիվանդությունը նկարագրվել է «իսպանական հիվանդություն», «ֆրանսիական հիվանդություն» և այլ անվանումներով: Ավելի ուշ «ֆրանսիական հիվանդությունն» սկսեցին անվանել Սիֆիլիս՝ 16-րդ դ. իտալացի բժիշկ և բանաստեղծ Ջ. Ֆրակաստորոյի՝ Սիֆիլուս անունով հովվի մասին գրված բանաստեղծության հերոսի անունով, որին Աստված պատժել էր սեռ. օրգանների հիվանդությամբ:
Հարուցիչը դժգույն սպիրոխետն է (տրեպոնեմ), որը մարդու օրգանիզմ է թափանցում մաշկի և լորձաթաղանթների մակերեսային շերտի մանրագույն, երբեմն աննկատ վնասվածքների միջով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, վարակումը տեղի է ունենում, որպես կանոն, սեռ. հարաբերության ժամանակ: Սովորաբար դա լինում է պատահական զուգընկերոջ հետ անկանոն սեռական կյանք վարելիս: Երբեմն հնարավոր են նաև կենցաղային վարակման դեպքեր՝ համբույրի, հիվանդի գործածած որոշ իրերի (օրինակ՝ ատամի խոզանակ, ճիլոպ, ամանեղեն ևն) միջոցով: Նման դեպքերում առավել հաճախ վարակման վտանգի ենթակա են ընտանիքի անդամները:
Հիվանդությունն սկսվում է գաղտնի շրջանով, որը տևում է 3-4 շաբաթ՝ վարակման պահից սկսած, որից հետո հարուցչի թափանցման տեղում, հաճախ սեռ. օրգանների, երբեմն՝ շրթունքների, լեզվի վրա առաջանում է հիվանդության 1-ին ախտանշանը (Ս-ի առաջնային շրջան): Այն կլորավուն կամ օվալաձև մակերեսային խոց է (կարծր շանկր)՝ պնդացած հիմքով և կարմիր մսագույն հատակով: Խոցի եզրերը բարձիկանման են: Խոցը ցավոտ չէ: Առնանդամի վրա շանկրն ի հայտ գալիս հաճախ առաջանում է այտուց: Առանձին դեպքերում շանկրից առաջացած մաշկի թերությունը կարող է շատ մակերեսային լինել (էրոզիա) և քերծվածք հիշեցնել: Ուշադրություն է գրավում ցավի բացակայությունը: Կարծր շանկրի ի հայտ գալուց մի քանի (սովորաբար 5-7) օր անց մեծանում են մոտակա ավշահանգույցները. օրինակ՝ շանկրը սեռ. օրգանների վրա տեղադրվելիս մեծանում են աճուկային, բերանի խոռոչում՝ ենթածնոտային, պարանոցային ավշահանգույցները: Մի քանի շաբաթ անց, առանց բուժման, կարծր շանկրն աստիճանաբար ապաքինվում է, որը կարող են սխալմամբ որակել որպես առողջացում: Սակայն իրականում հիվանդությունը շարունակվում է. դժգույն տրեպոնեմը, բազմանալով, ավշային, արյունատար անոթներով տարածվում է ամբողջ օրգանիզմում: Կարծր շանկրի զարգացումից 6-8 շաբաթ անց սկսվում է Ս-ի 2-րդային շրջանը. իրանի, վերջույթների մաշկի վրա առաջանում է ցան՝ մանր վարդագույն բծերի (ռոզեոլա), պղնձակարմրավուն հանգուցիկների (պապուլա) տեսքով, որոնց մակերևույթը (հետույքային ծալքերում, սեռ. օրգանների վրա, բերանի խոռոչում) դառնում է խոնավ, փայլուն: Ս-ային հանգուցիկները հաճախ տեղադրվում են շրթունքների ներքին մակերևույթին, լեզվի, նշագեղձերի, ինչպես նաև ձայնալարերի շրջանում՝ առաջացնելով խռպոտություն: Այդ շրջանում Ս. հատկապես վտանգավոր է կենցաղային վարակման տեսակետից: Գլխի մազերը նոսրանում են կամ