Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում գլխուղեղային լուծանքով հիվանդ երեխաներին Ա. են ընդունում 3 տարեկանից:

Առողջարար. և բուժ. միջոցառումներից են մաքուր օդում երկարատև զբոսանքները, բավարար հանգիստը, չափավորված շարժող. բեռնվածությունը և սնունդը, բնական բուժիչ ֆիզ. գործոնները (հանքային ջրեր, ծովային լոգանքներ, օդային և արևային լոգանքներ, ցեխաբուժություն ևն):

Ա-ում մեծ ուշադրություն է դարձվում մարզմանը և օրգանիզմի կոփմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները: Ա-ում գտնվելու 1-ին շաբաթում երեխաներն ընտելանում են նոր իրադրությանը, կլիմային (տես Կլիմայահարմարում), ապահովվում է նրանց հանգիստը և թեթևակի հետազոտություններ են կատարվում: 2-րդ՝ առավել երկարատև շրջանում, կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ և բուժում, բավականին ընդլայնվում է շարժող. ռեժիմը: 3-րդ՝ եզրափակիչ շրջանում, հատուկ ուշադրություն է դարձվում օրգանիզմի կոփման և մարզման միջոցառումներին: Բուժման տևողությունը տեղական մանկ. Ա-ում 60-90 օր է, առողջավայրում՝ 45-60 օր: Սկոլիոզով (տես Ողնաշարի ծռումներ), քրոնիկ. ոսկրածուծաբորբով հիվանդ երեխաների համար հաստատված են անհատ. ժամկետներ: Մոր ու մանկան Ա-ում բուժման տևողությունը 24 օր է, առողջարանային տիպի ճամբարներում՝ 45 օր:

Մանկ. Ա-ում բուժման տևողության երկարացման անհրաժեշտության հարցը որոշում է Ա-ի բժշկ. հանձնաժողովը: Մանկ. բոլոր Ա-ի համար պարտադիր պայմանը երեխաների հետ դաստիարակչ. և մանկավարժ, աշխատանքների կազմակերպումն է: Երկարատև բուժում պահանջող երեխաների ուսուցումն Ա-ում կատարվում է դպրոց. ծրագրով:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, տարբերում են մարդու (անհատի) և հասարակության Ա.:

Մարդու Ա. բավականին բարդ սոցիալ-կենսբ. կատեգորիա է, որի բնութագրման բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, սակայն ամենաընդունելին և ամենաամբողջականն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բնութագրումն է. «Մարդու առողջությունը սոցիալ-կենսբ. ու հոգեկան լրիվ բարօրության վիճակն է, երբ օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները բնակլիմայական ու սոցիալ. միջավայրի հետ գտնվում են հավասարակշռված վիճակում, և երբ բացակայում է որևէ հիվանդություն, ախտաբան. վիճակ ու ֆիզ. թերություն»:

Մարդու առողջ. վիճակը բնորոշվում է նրա ֆիզիոլոգ. համակարգերի ու օրգանների ֆունկցիայով՝ կապված տարիքային, սեռային ու հոգեբան. գործոնների և արտաքին միջավայրի բնակլիմայական ու սոցիալ. պայմանների հետ:

Անհատի «բացարձակ Ա.», որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատ. տատանումների շրջանակները բավականին լայն են: Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը: Սա այն բնականոն վիճակն է, որի սահմաններից դուրս այս կամ այն տատանումն արդեն բնութագրվում է որպես «հիվանդություն» կամ «ախտաբան. վիճակ»: Թեկուզ Ա. դիտվում է որպես հիվանդության հակադիր վիճակ, այնուամենայնիվ, այն չի կարող ունենալ հստակորեն ընդգծված սահմաններ, քանի որ օրգանիզմը շատ հաճախ կարող է գտնվել, այսպես կոչված, «անցումային» կամ «սահմանային» վիճակում: Այնպես որ «գործնականորեն առողջ» վիճակը լրիվ չի բացառում դեռևս անախտանշան, կլինիկորեն չդրսևորված ախտաբան. վիճակների առկայությունը, որն էապես չի անդրադառնում մարդու ինքնազգացողության ու աշխատունակության վրա:

Հասարակության Ա. (ՀԱ) ավելի լայն ու ընդգրկուն հասկացություն է: Հետազոտողներից շատերն այն դիտում են որպես վիճակագր. կատեգորիա: ՀԱ բնութագրվում է մի ամբողջ խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված ու համալիր ներգործություն ունեն բնակչության Ա-յան վրա: Դրանք են ժոդովրդագր. (ծնելիություն, մահացություն, մանկ. մահացություն, կյանքի միջին տևողություն, երկարակեցություն), ֆիզ. զարգացման, հիվանդացության ու հաշմանդամության ցուցանիշները: Այստեղ նկատի է առնվում, որ ժոդովրդագր. ցուցանիշների մակարդակը որոշակիորեն կախված է կենսագործունեության այնպիսի պայմաններից, ինչպիսիք են շրջակա միջավայրի (օդ, ջուր, հող), աշխատանքի (ուժգնություն, տևողություն, ռեալ աշխատակարգի չափ), կենցաղի (բնակարան, սննդի որակ և քանակ, հագուստ) պայմանները, բնակավայրի սանհիգիենային վիճակը, առողջապահության մակարդակը և հանրամատչելիությունը:

Թվարկած գործոններից յուրաքանչյուրը որոշակի ներգործություն ունի հասարակության Ա-յան վրա, իսկ վերջինս տվյալ երկրի սոցիալ-տնտ. զարգացման մակարդակը և բնակչության բարեկեցության աստիճանը բնութագրող ամենաօբյեկտիվ ցուցանիշն է:

ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ասեղնածակում, ակուպունկտուրա, չժենթերապիա, մարմնի փափուկ հյուսվածքների մեջ հատուկ ասեղներ մտցնելով բուժման եղանակ: Ա. սկիզբ է առել Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի հին ժող. բժշկությունից: Ա. վերաբերում է, այսպես կոչված, ռեֆլեքսաբուժությանը, այսինքն՝ ասեղները մարմնի մակերևույթի կենսաբանորեն ակտիվ խիստ որոշակի կետերի մեջ (դրանց թիվը մոտ 700 է) մտցնելիս գրգիռը փոխանցվում է կենտր. նյարդային համակարգ, որի միջոցով վերականգնվում կամ ուժեղանում է գլխուղեղի և ողնուղեղի կարգավորող ազդեցությունը հիվանդ օրգանի վրա: Կենսաբանորեն ակտիվ կետերի զուգակցման ընտրությունը պահանջում է մեծ հմտություն և բժշկ. հատուկ կրթություն: Այդ կետերը կարող են համապատասխանել որոշակի օրգանի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի որոշակի ֆունկցիայի ուժեղացմանը կամ թուլացմանը: Ա-յան տարբերակ է աուրիկուլոթերապիան (ականջաբուժություն), որի դեպքում ասեղները մտցվում են ականջախեցու որոշակի կետեր: Աուրիկուլոթերապիան հիմնված է այն պատկերացման վրա, որ ականջախեցու շրջանում կուտակված են հիմն. օրգանների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիաներին համապատասխանող կենսաբանորեն ակտիվ կետեր: Դրանց վրա կարելի է ազդել ոչ միայն ասեղներով, այլև էլեկտր. հոսանքով՝ փոքր մակերեսային էլեկտրոդների (էլեկտրառեֆլեքսաթերապիա) կամ մտցված ասեղների (ասեղնաէլեկտրաբուժություն) օգնությամբ, ինչպես նաև մատներով սովոր. սեղմումներով: Ռեֆլեքսաբուժության տարբերակներից է «խարանումը» (ցզյութերապիա), երբ մաշկի մակերևույթից որոշակի հեռավորության վրա գտնվող թույլ այրվող բարձվենյակի գլանակներից արձակվող ջերմությամբ տաքացնում են կենսաբանորեն ակտիվ կետերը:

Ա. և ռեֆլեքսաբուժության մյուս տարբերակները կիրառվում են նյարդային համակարգի և ներքին օրգանների, հոդերի ու մկանների բուժման նպատակով: