Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Կմախքը կազմում է մարդու քաշի մոտ 1/5—1/7 մասը, իսկ ոսկրերի 2/3-ը կազմված է անօրգ. նյութերից: Ոսկրային հյուսվածքի կազմում է մարդու օրգանիզմում եղած ամբողջ կալցիումի մոտ 99 %-ը: Կալցիումի մնացած մասը մասնակցում է նյութափոխանակության տարբեր գործընթացներին: Կալցիումի աղեր կան համարյա բոլոր սննդամթերքներում, բայց դրանք միշտ չեն յուրացվում: Դրանց անհրաժեշտ քանակի բավարարման համար պետք է սննդի օրաբաժնում ներառել դյուրամարս կալցիում պարունակող մթերք՝ կաթ, կաթնաթթվային մթերք, պանիր, ձվի դեղնուց:

Ֆոսֆորը ոչ միայն մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը, այլև մտնում է նյարդային հյուսվածքի կազմի մեջ և անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն գործունեության համար: Ֆոսֆորի աղերը պարունակվում են գրեթե բոլոր բուս. և կենդ. սննդամթերքներում, շատ է ընկույզի, հացի, ձավարեղենի, մսի, ուղեղի, լյարդի, ձկան, ձվի, պանրի, կաթի մեջ:

Մագնեզիումի աղերն անհրաժեշտ են (հատկապես տարեց մարդկանց) սիրտանոթային համակարգի բնականոն գործունեության համար, քանի որ նպաստում են օրգանիզմից խոլեստերինի ավելցուկի հեռացմանը: Մագնեզիումի աղերը շատ են թեփում, հետևաբար՝ խոշոր աղացվածքի ալյուրի հացի, հնդկացորենի, գարեձավարի, ծովային ձկների մեջ:

Կալիումը նպաստում է ջրաաղային փոխանակության, օսմոտիկ ճնշման, թթվահիմնային հավասարակշռության բնականոնացմանը: Այն անհրաժեշտ է մկանների (նաև սրտի) բնականոն գործունեության համար: Կալիումը նպաստում է օրգանիզմից ջրի և նատրիումի ավելցուկի հեռացմանը: Սրտի հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել շատ կալիումի աղեր պարունակող բոստանային բանջարեղեն (դդում, դդմիկ, ձմերուկ), խնձոր, ծիրանաչիր, չամիչ: Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելման համար շատ կարևոր է սննդում կալիումի և նատրիումի առավել բարենպաստ հարաբերակցության պահպանումը:

Երկաթի ու պղնձի նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծ չէ և օրվա մեջ հաշվվում է գրամի հազարերորդական մասերով, սակայն այս տարրերը շատ կարևոր են արյունաստեղծման համար: Յոդի պահանջը նույնպես աննշան է, սակայն դրա բացակայությունը սննդամթերքում հանգեցնում է վահանաձև գեղձի գործունեության խանգարման և, այսպես կոչված, տեղաճարակային խպիպի առաջացման: Այդ հիվանդության կանխարգելման համար այն շրջաններում, որտեղ հողը և ջուրը յոդ չեն պարունակում, կերակրի աղին ավելացվում են որոշ քանակությամբ յոդի աղեր: Յոդի աղեր շատ կան ծովային ձկներում (ձողաձուկ, տափակաձուկ, ծովի պերկես) և ծովային մթերքում (ծովակաղամբ, կաղամար, ծովախեցգետին ևն):

Կոբալտի աղերը կարևոր են արյունաստեղծման գործում, քանի որ կոբալտը մտնում է վիտամին B12-ի կազմի մեջ: Զգալի քանակությամբ կոբալտի աղեր պարունակվում են ոլոռի, ճակնդեղի, կարմիր հաղարջի, ելակի մեջ:

Ջուրն այն նյութերից է, որի օգտագործմամբ օրգանիզմում էներգիա չի առաջանում, սակայն առանց որի կյանքն անհնար է: Ջրի նկատմամբ օրական պահանջը (հանգիստ վիճակում, հարմարավետ պայմաններում գտնվող հասուն մարդու համար) միջինը մոտ 35-40 մլ է մարմնի 1 կգ քաշին, այսինքն՝ մոտ 2,5 լ: Այդ նորմայի զգալի մասը՝ մոտ 1 լ, պարունակվում է սննդանյութերում, շիլաներում՝ մինչև 80 %, հացի մեջ՝ 50 %, մրգերում ու բանջարեղենում մինչև 90 % ջուր: Այսպես կոչված՝ ազատ հեղուկը, որը պարունակվում է ապուրի, կոմպոտի, կաթի, թեյի, սուրճի ու այլ ըմպելիքների մեջ, պետք է կազմի մոտ 1,2 լ: Սննդի ու ըմպելիքների միջոցով օրգանիզմ մտնող ջրի քանակը փոխվում է՝ կախված կլիմայական պայմաններից և ֆիզ. աշխատանքի լարվածությունից (տես Խմելու ռեժիմ):

Վիտամինները սննդի օրաբաժնի պարտադիր և անփոխարինելի մասն են: Դրանք ապահովում են օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, մասնակցում են այլ սննդանյութերի յուրացմանը, բարձրացնում շրջակա միջավայրի վտանգավոր ազդեցությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը (տես Վիտամիններ):

Սննդի բազմազանությունը, դրա ճիշտ խոհարար. մշակումը նպաստում են վիտամինների պահպանմանը (տես Սննդամթերքի խոհարարական մշակում): Ֆիզ. ծանր աշխատանքի, հղիության ժամանակ, հյուսիսային շրջաններում ապրողների մոտ աճում է վիտամինի նկատմամբ պահանջը: Այդպիսի պայմաններում անհրաժեշտ են վիտամինային պատրաստուկներ:

Սննդի յուրացումը կախված է մթերքի տեսակից ու սննդի բազմազանությունից: Լավ է յուրացվում կենդ. մթերքը, ընդ որում՝ կարևոր նշանակություն ունի սպիտակուցների յուրացումը: Մսի, ձկան, ձվի և կաթնամթերքի սպիտակուցներն ավելի լավ են յուրացվում, քան հացինը, ձավարեղենինը, բանջարեղենինը և պտուղներինը: Միօրինակ սնունդը վատ է յուրացնում: Սննդում միս, հաց, ձավար օգտագործելիս դրանցում պարունակվող սպիտակուցների (միջինը) 75%-ն է յուրացվում օրգանիզմի կողմից, բանջարեղեն ավելացնելիս՝ 85-90%-ը: Մթերքի ճիշտ ջերմամշակման և մանրացման դեպքում զգալի բարձրանում է սննդի յուրացումը:

Ս-ման ռեժիմը ներառում է հետևյալը. 1. սննդի ընդունման հաճախությունը, 2. դրանց միջև ընդմիջումները, 3. սննդի օրաբաժնի կալորիականության բաշխումը:

Առավել նպատակահարմար է 4-անգամյա Ս., երբ մարսող. համակարգի վրա ստեղծվում է հավասարաչափ բեռնվածություն, և ապահովվում է մարսող. հյութերով սննդի ավելի լիարժեք մշակումը: Նույն ժամերին սնվելը մշակում է ստամոքսահյութի առավել ակտիվ արտադրման ռեֆլեքս: 4-անգամյա Ս-ման դեպքում սննդի օրաբաժինը բաշխվում է՝ ելնելով օրվա կարգ ու կանոնից և սովորություններից: Բոլոր դեպքերում վերջին անգամ պետք է սնվել քնելուց գոնե 2-3 ժ առաջ: Սննդի ամենանպատակահարմար բաշխումը հետևյալն է. նախաճաշին՝ 25%, ճաշին՝ 35%, հետնաճաշին՝ 15%, ընթրիքին՝ 25%: Բնականոն մարսողության համար կարևոր է նաև սննդի ջերմային ռեժիմը: Տաք կերակրատեսակը պետք է ունենա 50-60°C, սառը՝ 10°C-ից ոչ պակաս ջերմաստիճան:

Տարեց մարդկանց Ս.: 60 և ավելի բարձր տարիքում նյութափոխանակությունը դանդաղում է: Դրա հետ է կապված սննդի կալորիականության և սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, ինչպես նաև վիտամինների նկատմամբ պահանջի փոփոխությունը (հասուն տարիքի համեմատ): Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում սննդի օրաբաժնում զգալիորեն սահմանափակել կամ բացառել մսի խիտ արգանակները, սնկի եփուկները, կծու համեմունքները, որով ստեղծվում են խնայող. պայմաններ մարսողության, սիրտանոթային, միզարտադրության համակարգերի օրգանների համար, և բնականոնացվում է ջրաաղային փոխանակությունը: Ցանկալի է սահմանափակել զգալի քանակությամբ խոլեստերին (ձվի դեղնուց, խավիար, ուղեղ, լյարդ ևն) և դժվարալույծ ճարպեր (ոչխարի, խոզի ևն) պարունակող մթերքի օգտագործումը: Կենդ. սպիտակուցների և ճարպերի անհրաժեշտ քանակն օրգանիզմը պետք է ստանա հիմնականում կաթնամթերքի միջոցով: