Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օգտակար է սննդում ներառել հատկապես թարմ և հում բանջարեղեն և մրգեր: Անհրաժեշտ է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը: Տարեց մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն Ս-ման ռեժիմին, սննդի խոհարար. մշակմանը, մասնավորապես սահմանափակեն տապակած, ապխտած, խիստ աղի և մարինադային կերակրատեսակների օգտագործումը:

Հղի կնոջ և կերակրող մոր Ս.: Հղիության ժամանակ ավելանում է սպիտակուցների, վիտամինների, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի, մասամբ նաև ճարպերի նկատմամբ պահանջը: Էներգիայի ծախսից և մարմնի քաշից ելնելով՝ հղի կինը օրվա մեջ պետք է ստանա միջինը 100 գ դյուրամարս և լիարժեք սպիտակուցներ, որոնցից մոտավորապես 60 գ՝ կենդ.: Սպիտակուցի հիմն. աղբյուր պետք է լինեն կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձուկը և միսը (գերադասելի է ոչ ճարպոտ և խաշած): Կաթի միջոցով հղի կինն օրական ստանում է բավարար քանակությամբ սպիտակուցներ, կալցիում և ֆոսֆոր: Հղի կնոջ սնունդն անհրաժեշտ է հարստացնել վիտամիններով, երկաթով, որոնք շատ են լյարդում, ձվի դեղնուցում, կանաչեղենում, մրգերում: Ցանկալի չէ կերակրի աղի շատ օգտագործումը:

Երեխային կերակրելու շրջանում պետք է ավելի շատ հեղուկներ խմել, քան հղիության ժամանակ: Կերակրող մոր սննդի օրաբաժնի կալորիականությունն ավելացնել մինչև 3200 կկալ, սպիտակուցների քանակը՝ 112 գ, որից գոնե 67 գ՝ կենդ. ծագման: Պետք է շատ կաթ, ձու, կարագ, պանիր, բանջարեղեն, միրգ օգտագործել: Կերակրող կինը պետք է հետևի իր քաշին, ծննդաբերելուց հետո՝ 2-րդ ամսվա վերջին, այն պետք է լինի այնպիսին, ինչպիսին էր մինչ հղիությունը և կերակրման ողջ ընթացքում կայուն մնա:

Մանկան Ս.: Երեխայի սնունդը պետք է պարունակի նույն սննդային և կենսբ. արժեքավոր նյութերը, ինչ հասուն մարդու սննդի օրաբաժինը: Սակայն դրանց հարաբերակցությունը և մթերքի ընտրությունը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին: Անբավարար կամ ավելորդ քանակով, ոչ լիարժեք որակով սնունդը բացասաբար է ազդում երեխայի ֆիզ. և մտավոր զարգացման վրա:

Երեխաների մոտ ուժեղ նյութափոխանակության և էներգիայի մեծ ծախսերի (շարժունությամբ պայմանավորված) հետ կապված՝ մեծանում է պահանջը սպիտակուցների և բարձր էներգաարժողությամբ սննդի նկատմամբ:

Փոքր տարիքի երեխաների սննդի օրաբաժնում պետք է զգալի լինի կենդ. սպիտակուցների տեսակարար կշիռը: Ուստի մանկ. սնունդը ներառում է բավարար քանակությամբ միս, ձուկ, ձու, կաթ: Մսուրային տարիքի երեխաների սննդի օրաբաժնում մտնում է 600-650 մլ կաթ, դպրոցականի սննդի օրաբաժնում՝ 500 մլ: Ճարպերն ապահովում են A և D վիտամինների յուրացումը, մանկ. օրգանիզմին անհրաժեշտ բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոսֆատիդներ: Սննդի օրաբաժնում ճարպի ավելցուկը բացասաբար է ազդում օրգանիզմի աճի վրա. խանգարվում է նյութափոխանակությունը, վատանում է մարսողությունը, ավելանում է քաշը: Ճարպերի նկատմամբ պահանջը պետք է բավարարվի հիմնականում սերուցքային կարագի, կաթնամթերքի միջոցով:

Երեխաներին անհրաժեշտ ածխաջրերն էներգիայի լավ աղբյուր են: Հատկապես անհրաժեշտ են հեշտ յուրացվող ածխաջրերը, որոնք շատ են հատապտուղներում, մրգերում: Կաթը պարունակում է երեխայի համար անփոխարինելի ածխաջուր՝ կաթնաշաքար (լակտոզ): Սակայն, ածխաջրերի ավելցուկը մանկ. օրգանիզմի վրա բացասաբար է ազդում, որն արտահայտվում է նյութափոխանակության խանգարմամբ, հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության նվազումով, ճարպակալումով:

Կարևոր է սննդի վիտամինային բազմազանությունը: Վիտամինների հիմն. աղբյուր են բանջարեղենն ու միրգը, կաթն ու կաթնամթերքը, միսն ու ձկնամթերքը, ճարպերը, հացաբուլկեղենը:

Կարևոր նշանակություն ունի Ս-ման ռեժիմը: 1-1,5 տարեկանում երեխաների 5-անգամյա Ս-ից պետք է անցնել 4-անգամյա Ս-ման: Շատ կարևոր է այն ճիշտ կազմակերպել նախադպրոց. հիմնարկներում, ինչպես նաև դպրոցներում: Դպրոցականների համար պարտադիր է տաք նախաճաշը, իսկ երկարօրյա խմբերի համար՝ նաև ճաշը:

Տես նաև Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դեռահասություն:

Բուժկանխարգելիչ Ս. ամրապնդում է օրգանիզմը և բարձրացնում արտադր. անբարենպաստ գործոնների նկատմամբ դիմադրողականությունը, նպաստում է նյութափոխանակության բնականոնացմանը, ստամոքսաղիքային համակարգից թունավոր նյութերի ներծծման նվազեցմանը և օրգանիզմից դրանց ակտիվ հեռացմանը:

Մշակված են հատուկ սննդակարգեր:

ՍՈՄՆԱՄԲՈՒԼԻԶՄ տես Լուսնոտություն:

ՍՈՐԲԻՏ, տես Շաքար հոդվածում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ապահովագրված անձանց հիվանդության, անաշխատունակության, ծերության, հաշմանդամության, աշխատանքը կորցնելու կամ կերակրողի մահվան հետևանքով եկամուտների կորստի հատուցման համակարգ՝ ապահովագր. վճարներից գոյացած միջոցների հաշվին: Այն տնտեսապես ակտիվ բնակչությանը տարբեր սոցիալ. ռիսկերից պաշտպանելու ձև է և իրականացվում է կորցրած եկամտի փոխհատուցմամբ: Ս.ա. կառուցվում է համարժեքության (գոյություն ունի ապահովագր. հատուցման որոշակի կախվածություն ապահովագր. ստաժից և անձն. ավանդի մեծությունից) սկզբունքի վրա: Առանձնահատկությունը գործատուների և աշխատողների նպատակային վճարումներից գոյացող հիմնադրամներից ֆինանսավորումն է: Զարգացող երկրների մեծ մասում Ս. ա-յան համակարգը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է՝ սոցիալական ապահովության վճարների հարկադիր գանձման հետ մեկտեղ (վճարի չափը պայմանավորված է աշխատողի եկամտի մեծությամբ):

Կան Ս. ա-յան պարտադիր (ապահովագր. հարաբերությունները կարգավորվում են օրենսդր. ակտերով) և կամավոր (իրականացվում է ապահովագրողի և ապահովագրվողի միջև միայն կամավոր հիմունքներով կնքվող պայմանագրի հիման վրա) ձևեր:

Ապահովագր. համակարգի զարգացման տարբեր փուլերում և տարբեր երկրներում այդ ձևերի հարաբերակցությունը տարբեր է:

Պարտադիր Ս. ա. իրականացվում է նպատակային հիմնադրամների միջոցով, որոնց ֆինանս. կայունության երաշխավորը պետությունն է: Պարտադիր ապահովագրությունը լինում է ընդհանուր (տարածվում է աշխատանքային պայմանագրով աշխատող բոլոր անձանց վրա) և մասնագիտ. (տարածվում է վտանգավոր, անբարենպաստ աշխատանքային պայմաններում և վնասվածքներով ուղեկցվող արտադրություններում աշխատող անձանց վրա): Պարտադիր ապահովագրությունը հատուկ ապահովագր. պայմանագրի կնքում չի պահանջում:

Կամավոր Ս. ա. հիմնված է կոլեկտիվ համերաշխության և փոխօգնության սկզբունքների վրա (բացակայում է պետբյուջեի աջակցությունը): Առանձնահատկություններն են ապահովագր. հիմնադրամների կառավարման ժողովրդավարությունը, ինքնակառավարման սկզբունքը,