միջոցառումների մշակմանն ու իրականացմանը), փախստականների, հաշմանդամների, կանանց ու երեխաների կարևորագույն հիմնահարցերի լուծմանը:
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն էական արդյունքներ չտվեցին, և բնակչության զբաղվածության հիմնահարցի պետ. կարգավորումը դեռևս հեռու է բավարար լինելուց: Նվազել է զբաղվածների թվաքանակը, և աճել գործազրկությունը: Զբաղվածության հիմնահարցերը սուր են դրսևորվում հատկապես աղետի գոտու քաղաքներում: Աշխատաշուկան համալրվում է ոչ միայն տնտ. նոր պայմաններում աշխատանքը կորցրած անձանցով, այլև ուս. հաստատությունների բազմաթիվ շրջանավարտներով, ձեռնարկություններում հարկադիր պարապուրդում և տարիներ շարունակ իրենց հաշվին արձակուրդում գտնվող անձանցով:
Փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումները, ինքնազբաղվածությունը խրախուսելու նպատակով գործազուրկին անհատույց ֆինանս. միջոցների տրամադրումը, տնտեսության մեջ առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով վերապատրաստումը, հաշմանդամների համար սահմանված լրացուցիչ երաշխիքների իրականացումը դեռևս նշանակալիորեն չեն ազդում գործազրկության նվազեցման վրա: Շարունակվում են աշխատաշուկայի լարվածությունը թուլացնող համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը: Կենսաթոշակային ապահովության ոլորտում Ս. ա-յան համակարգի փոփոխությունները դեռևս բավականաչափ արդյունավետ չեն: Հավաքագրվող միջոցները խիստ անբավարար են կենսաթոշակների ժամանակին վճարման համար: Կենսաթոշակային համակարգն ընդգրկում է պետ. կենսաթոշակային ապահովությունը և պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը (տես Սոցիալական ապահովագրություն):
1996-ի հունվ. 1-ից գործողության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիների պետ. կենսաթոշակային ապահովության մասին» օրենքը: Այն ոչ միայն չնպաստեց գործատուների մուծումների հավաքագրմանը, այլև, աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման հիմքում դնելով միջին աշխատանքային ստաժի և դրա յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումների գաղափարը, համահարթեցրեց կենսաթոշակները, որը, ըստ էության, նահանջ էր սոցիալ. արդարության սկզբունքից: Օրենքով ամրագրվեց կենսաթոշակի տարիքի աստիճանական բարձրացում մինչև 2011 թ. (տարեկան 6 ամսով): Այն լուծում է 2 կարևոր հարց՝ կենսաթոշակների վճարման համար նախատեսվող միջոցների վերաբաշխման ճանապարհով կենսաթոշակների վճարման ապահովում և կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնահարցերի տեղափոխում գալիք տարիներ:
1999-ի դեկտ-ին ընդունված «ՀՀ-ում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթներով» սահմանվել են կենսաթոշակային համակարգի կատարելագործման հիմն. նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև դրանց իրականացման միջոցառումների համալիր ծրագիրը: Պետ. կենսաթոշակային համակարգը երաշխավորում է քաղաքացիների Ս. ա. (պետբյուջեից) ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում, որոնք ընդգրկված չեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում: Պետ. կենսաթոշակային ապահովության համակարգից կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետ. գործադիր մարմինների համակարգի հրամանատար. և շարքային անձնակազմի ծառայողները: Այդ անձանց շրջանակը, կենսաթոշակի տեսակները, նշանակման պայմաններն ու վճարման կարգը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների Ս. ա-յան մասին» ՀՀ օրենքով:
Փախստականների և տարաշարժի հիմնահարցերի ոլորտում Ս. ա-յան ռազմավար. խնդիրներն են փախստականների հիմնահարցերի կարգավորումը (փախստականների հիմնախնդիրների լուծմանը նպաստող օրենսդր. դաշտի ամբողջականացում, բնակարանային ապահովում, զբաղվածության ապահովում) և բնակչության տարաշարժի հոսքերի պետ. կառավարման համակարգի ստեղծումը (տարաշարժի ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակում, տարաշարժի կառավարման հարցերով զբաղվող առանձին մարմնի ստեղծում):
1988-ից էապես մեծացել է բնակչության տարաշարժը, 1991-ից դիտվում են հանրապետության բնակչության զանգվածային արտագաղթի երևույթներ, որոնց հիմքում մեծ տեղ է գրավում նաև աշխատատեղերի բացակայությունը: 1999-ին ընդունվեց «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որը կարևոր քայլ էր հանրապետությունում հանգրվանած փախստականների սոցիալ-տնտ. հիմնախնդիրների (հատկապես բնակարանային հարցի) լուծման ուղղությամբ:
Բնակչության սոցիալական աջակցության ոլորտում Ս. ա-յան խնդիրներն անընդհատ բարեփոխվում են: Բնակչության կենսամակարդակի անկման և աղքատության դեմ պայքարի կազմակերպումը ՀՀ կառավարության գործունեության հրատապ խնդիրներից է: 1992-1993-ին աղքատության շեմից ներքև էր գտնվում բնակչության ավելի քան 90 %-ը, և քանի որ աղքատության մեղմացմանը հատկացվող ֆինանս. պաշարները խիստ սահմանափակ էին, ուստի պետ. նպաստների համակարգում ընդգրկվեցին սոցիալ. առավել մեծ ռիսկի խմբերը: Այդ սկզբունքը (ըստ որի՝ երեխայի նպաստ էին ստանում սոցիալ. 13 խմբի երեխաներ՝ ծնողազուրկ, հաշմանդամ ևն, իսկ փոխհատուցում՝ նախկինում արտոնություններ ունեցող 13 խմբի քաղաքացիներ՝ հաշմանդամներ, միայնակ կենսաթոշակառուներ ևն) գործել է մինչև 1998-ի վերջը: 1999-ի հունվ. 1-ից ներդրվել է ընտանեկան նպաստի համակարգը (նշանակվում է՝ ելնելով ընտանիքի ապահովության աստիճանից), որով սոցիալ. հավասարության սկզբունքից անցում է կատարվել սոցիալ. արդարության սկզբունքին: Ընտանեկան նպաստի համակարգի հիմքում, որպես անապահովության գնահատման մեխանիզմ, դրվել է «Փարոս» համակարգը (նախկինում օգտագործվել էր մարդասիր. օգնության բաշխման ժամանակ)՝ նախապես կատարելագործելով ինչպես տեղեկատվության ամրագրման մեխանիզմներն ու ստուգման ուղիները, այնպես էլ անապահովության գնահատման կարգը:
Հանրապետության բնակչության ժողովրդագր. կառուցվածքում սոցիալապես խոցելի ամենաստվար խումբը տարեցներն են. 60-ից բարձր տարիքի անձինք կազմում են բնակչության ընդհանուր թվի շուրջ 20 %-ը, իսկ վերջինների 10 %-ը միայնակ, սոցիալ. աջակցության և սպասարկման կարիք ունեցողներն են:
Բնակչության կազմում տարեցների աճը պայմանավորված է հիմնականում բնակչության աշխատունակ մասի՝ երիտասարդների արտագաղթով:
ՀՀ սոցապ. նախ-յան համակարգում գործում է 2 գիշերօթիկ-տուն, որտեղ խնամվում է 450 կենսաթոշակառու: Բավականին մեծ է գիշերօթիկ-տներում բնակվել ցանկացողների թիվը: Կենսաթոշակառուների սոցիալ. սպասարկման կենտրոնում գործում է միայնակ տարեցների տնային սպասարկման բաժանմունքը,