Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է ծածկի համարյա ամբողջ մարմինը: Դա կանխում է մարմինը սառելուց և վերնազգեստը (որն ավելի ուշ է լվացվում, քան Ս.) կեղտոտվելուց: Աղջիկներն ու տղաները պետք է ունենան երկար և երկարաթևք գիշերանոցներ:

Հագնելիս Ս. կորցնում է հիգիենային հատկությունները, ուստի պետք է այն հաճախակի լվանալ (ցանկալի է մանկ. օճառով), չօսլայել, անպայման արդուկել ու պահել առանձին: Տես նաև Կրծքի երեխա, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Հագուստ:

ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Սպիտակուցներ հոդվածում:

ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, պրոտեիններ, կենսբ. բարձրամոլեկուլային միացություններ: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզում են կենդանի բջիջները)՝ Ս. ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդում իրեն նմանի վերարտադրման հնարավորությունները: Ս-ի մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշները՝ նաև ֆոսֆոր: Ս. ամինաթթվային օղակներից կազմված շղթա են և կազմում են բջիջների չոր քաշի 50 %-ից ավելին: Ս-ի հատկությունները պայմանավորված են դրանցում ամինաթթուների հաջորդականությամբ:

Ս-ի դերն օրգանիզմում շատ տարատեսակ է: Դրանց մոլեկուլները խիստ մասնագիտացված են, և յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգ. ֆունկցիաներ: Ս-ի մեծ խումբ (կառուցվածքային Ս.) մասնակցում է օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները և նրանց ներբջջային գոյացությունները՝ օրգանելները, ինչպես նաև նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող Ս-ից, որոնք բազմաշաքարների ու ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցը (առաձգանյութը) արյունատար անոթների պատերի բաղադրամասերից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուց: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմն. կառուցվածքային միավորն են:

Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին, աճին ու բազմացմանը: Հատուկ լուսազգաց սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում և թուլանում են միոզին և ակտին Ս-ի շնորհիվ: Այս Ս-ով է պայմանավորված կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների (օձեր, միջատներ ևն) և բույսերի, ինչպես նաև բակտերիաների թույները նույնպես Ս. են: Առանձին Ս. սննդանյութերի պաշար են ծառայում (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և բույսերի սերմերում): Ս-ի կարևոր և բազմազան խումբ են ֆերմենտները: Օրգանիզմի բոլոր քիմ. գործընթացներն ընթանում են դրանց մասնակցությամբ: Առանց դրանց, օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը, նյութերի համափոխարկումը և փոխանակության վերջն. արգասիքների առաջացումն ու հեռացումը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը ևն: Ս-ի որոշ խմբեր ունեն փոխադրող ֆունկցիաներ: Այսպես՝ էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը թոքերից թթվածինը փոխադրում է դեպի հյուսվածքներ ու օրգաններ, իսկ այնտեղից ածխաթթուն՝ դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս օրգանիզմից: Ս. ունեն նաև պաշտպան. ֆունկցիաներ: Արյան մեջ ախտածին բակտերիաներ կամ դրանց կենսագործունեության հետևանքով օրգանիզմի համար վտանգավոր նյութեր թափանցելիս օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ (թունավոր օտարածին Ս-ի կամ ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների չեզոքացմանը մասնակցող Ս.): Պաշտպան. ֆունկցիաներից է նաև արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված է անգույն և անտեսանելի ֆիբրինոգեն սպիտակուցը, որն արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի սպիտակ թելիկների, և բամբակի նման փակում է այն:

Բոլոր Ս. (չլուծվողներն ու լուծվողները, կենսաբանորեն ակտիվներն ու թունավորները), անկախ իրենց բազմազանությունից և ֆունկցիաների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմ. (պեպտիդային) կապերով միմյանց միացած գծային պոլիմերներ են: Բնության մեջ շուրջ 22 տարբեր ամինաթթուների (որոնցից կազմվում են Ս.) գոյությունը շղթաներում ամինաթթուների հաջորդականությունների փոփոխման անսահման հնարավորություններ է տալիս:

Յուրաքանչյուր սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան կազմված է այդ սպիտակուցին հատուկ (որոշակի թվով և հաջորդականությամբ) ամինաթթուներից: Միևնույն կամ մոտ ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 Ս. օժտված են միանգամայն այլ քիմ. և կենսբ. հատկություններով:

Ս-ում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ:

Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը (տեղ-տեղ պարուրաձև, տեղ-տեղ ամբողջովին ձգված կառուցվածքը)՝ երկրորդային: Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝ պոլիպեպտիդների շղթան ամբողջությամբ «ծրարվում» և ամուր սևեռվում է ամինաթթուների կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ Ս-ի մի քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Ս-ի լուծելիությունը ջրում խիստ տարբեր է. բարձր ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից Ս. ենթարկվում են կառուցվածքային խորը փոփոխությունների՝ բնազրկման (դենատուրացիա) և կորցնում կենսբ. ակտիվությունը: Տարբերում են պարզ Ս. կամ պրոտեիններ՝ կազմված միայն ամինաթթվային մնացորդներից (օրինակ՝ ալբումին, գլոբուլին, պրոլամին, գլուտելին, պրոտամին, հիստոն ևն), և բարդ Ս. կամ պրոտեիդներ, որոնց բաղադրությունում կան նաև այլ միացություններ (օրինակ՝ հեմոգլոբին, նուկլեոպրոտեիդ, միոգլոբին, ցիտոքրոմ ևն):

Կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից Ս-ի առաջացումը՝ Ս-ի սինթեզը, խիստ բարդ գործընթաց է, որին մասնակցում են նուկլեինաթթուներ և բազմաթիվ հատուկ ֆերմենտներ (տես Գեն, Գենետիկա):

Ս. տարբերվում են ձևով, հյուսվածքային և անհատ. առանձնահատկություններով: Տաքարյուն կենդանու, ինչպես նաև մարդու օրգանիզմ ներմուծված յուրաքանչյուր սպիտակուց առաջացնում է հակամարմին, այսինքն օժտված է հակածնային հատկությամբ: Օրգանիզմ թափանցած օտարածին Ս. և պոլիպեպտիդները կարող են առաջացնել ալերգ. վիճակ: Չյուրացված Ս. և պոլիպեպտիդները, ներծծվելով աղիքներ և թափանցելով արյան մեջ, օրգանիզմի վրա ունենում են ալերգ.