Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լվանալուց հետո: Օդանցիկությունը (չոր և խոնավ վիճակներում) անհրաժեշտ է հագուստի տակ եղած տարածության օդափոխման և մաշկից խոնավության գոլորշիացման համար:

Ս-ի համար գործածում են մանածագործ. գործվածքներ և տրիկոտաժե քաթան (բնական և քիմ. թելերից): Տրիկոտաժե Ս. ավելի խոնավատար, օդա- և խո- նավանցիկ է, քան մանածագործ. գործվածքը: Հիգիենային պահանջներին առավել լիարժեք համապատասխանում է բամբակե ու վուշե Ս.: Բամբակե գործվածքից Ս. ունի նաև գերազանց ջերմապաշտպան հատկություն և ավելի պիտանի է ձմռանն ու անցումային եղանակներին: Վուշե Ս. խորհուրդ է տրվում մեծահասակներին ու երեխաներին՝ տաք եղանակներին: Վուշե արտադրանքներն ավելի ջերմահաղորդիչ են, քան բամբակե ու բրդե Ս., արագ ներծծում են խոնավությունը և դանդաղ գոլորշիացնում այն, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում հեռացնելով մեծ քանակությամբ ջերմություն՝ սառեցնում են մաշկի մակերևույթը: Բնական մետաքսից թեթև և հարթ Ս. օժտված է թույլ ջերմահաղորդականությամբ (ջերմամեկուսացման համար կարևոր), բայց քիչ խոնավատար և խոնավածուծ է, քան վուշե ու բամբակե Ս.:

Ս-ի համար ավելի շատ օգտագործում են քիմ. թելեր: Հիգիենային պահանջներին ավելի են համապատասխանում վիսկոզային, պոլինոզային արհեստ. (թաղանթանյութի հիմքի վրա) և բազմավինիլքլորիդային սինթետիկ թելերը: Արհեստ. թելերի մյուս տեսակները (ացետատ, եռացետատ) ու գրեթե բոլոր սինթետիկ թելերն ունեն էլեկտրաստատիկ լիցքեր: Ուստի ացետատային թելերից Ս-ի համար պետք է գործածել հատուկ հակաէլեկտրաստատիկ տոգորանյութեր: Տրիկոտաժե Ս. և կապրոնե գուլպաները շուտ են կեղտոտվում հատկապես տաք եղանակներին և կորցնում են կլանող հատկությունն ու օդանցիկությունը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում մաշկի վրա ախտածին բակտերիաների ու սնկիկների զարգացման համար:

Քլորինից Ս. մեղմում է ցավը հոդերի, ծայրամասային նյարդային ցողունների ու մկանների հիվանդությունների ժամանակ: Դրա ֆիզիոթերապևտիկ ազդեցությունը պայմանավորված է (բացասական էլեկտրաստատիկ լիցքերի առկայությամբ) ուժեղ ջերմապաշտպան հատկության և լավ խոնավանցիկության, գոլորշանցիկության զուգակցումով: Այս թելերից Ս. կորցնում է իր հատկությունները բարձր ջերմաստիճանի ջրով լվանալիս: Բնական և սինթետիկ թելերի զուգակցումով (բամբակը լավսանի հետ) քիմ. թելերից գործած Ս-ի շատ թերություններ վերանում են:

Ս. պետք է ապահովի հագուստի տակ տարածության օդափոխությունը, շարժումների ազատությունը, չդժվարացնի շնչառությունը, արյան ու ավշի շրջանառությունը: Անհրաժեշտ է, որ Ս-ի գործվածքի հյուսքը նուրբ լինի, քրտնարտադրության ժամանակ մարմնին չկպչի:

Ս. հագնելու ու լվանալու ժամկետը կախված է մաշկի արտազատման արգասիքները կլանելու՝ գործվածքի ունակությունից: Բնական թելերից Ս-ի այդ հատկությունն անհետանում է 5-7, սինթետիկ թելերից՝ 3-5 օրից: Գուլպաներն ու կիսագուլպաները պետք է լվանալ ամեն օր:

Ս-ի հիգիենային հատկության վրա ազդում է նաև լվացման եղանակը: Եթե Ս. լվացվում է կոշտ ջրով ու տնտ. օճառով և անմիջապես պարզաջրվում է սառը ջրով, ապա գործվածքի վրա նստում են օճառի չլուծված մասնիկներ: Կոշտ ջուրը փափկում է կերակրի ու լվացքի սոդաների հավասար քանակությամբ (1 թեյի գդալ խառնուրդը՝ 1 լ ջրին) խառնուրդ կամ անուշադրի սպիրտ (1 թեյի գդալ սպիրտը՝ 1 լ ջրին) ավելացնելիս:

Լվացափոշիները պետք է օգտագործել ըստ պիտակի խորհուրդների: Բամբակե գործվածքների համար նախատեսված լվացափոշին պիտանի չէ բրդե գործվածքներին, դրանք կոշտանում են, դառնում ոչ առաձգական, իսկ սպիտակ բուրդը նույնիսկ դեղնում է:

Տարբեր թելերի վրա լվացամիջոցների, ջերմաստիճանի, մեխ. (ձգելը, տրորելը) ազդեցությունները տարբեր են: Բուրդը և մետաքսը փչանում են հիմքերի և բարձր ջերմաստիճանի ազդեցություններից: Արհեստ. մետաքսը (վիսկոզային) թաց ժամանակ կորցնում է ամրությունը, ուստի պետք է զգույշ լվանալ և չքամել: Սինթետիկ թելերը (կապրոն, լավսան) բարձր ջերմաստիճանից փափկում են, որից Ս. կարող է ձևափոխվել: Դրանք պետք է լվանալ մինչև 60°C ջերմաստիճանի ջրով և արդուկել 100-120°C տաքացրած արդուկով:

Լվացափոշիների բացակայության դեպքում բամբակե գործվածքը կարելի է լվանալ տնտ. կամ մանկ. օճառով:

Ս. լվացքի մեքենայով լվանալիս պետք է նախապես տեսակավորել ըստ գույնի և թելի տեսակի: Բամբակե և վուշե Ս. կարելի է միասին լվանալ: Բնական և արհեստ. մետաքսից, ինչպես նաև սինթետիկ գործվածքներից Ս. կարելի է միավորել: Բրդե հագուստը ցանկալի է տալ քիմ. մաքրման կամ ձեռքով լվանալ: Մեծ կիրառություն են գտել նորագույն սարքավորումներով, մեքենայացված լվացքատները՝ արդյունավետ լվացամիջոցներով: Այնտեղ Ս. առանձնացվում է ըստ թելի տեսակի, գույնի, կեղտոտության աստիճանի և լվացվում առանձին-առանձին: Նման լվացքատներում կատարվող լվացքն ամբողջությամբ ապահովում է Ս-ի հիգիենային հատկությունները:

Մանկական Ս.: Երեխայի օրգանիզմի առանձնահատկություններից (ջերմակարգավորման անկատարություն և շարժող. ակտիվություն) ելնելով՝ անհրաժեշտ է, որ մանկ. Ս. լինի ավելի ջերմապաշտպան, չխոչընդոտի մարմնի մակերևույթից նյութափոխանակության արգասիքների հեռացմանը (որպեսզի չխանգարվի մաշկային շնչառությունը): Երեխայի մաշկը նուրբ է, հեշտ վնասվող և հակված է քրտնելու, այստեղից՝ մանկ. Ս-ի համար գործվածքի ավելի խիստ ընտրության անհրաժեշտությունը: Այն պետք է լինի թեթև, առաձգական, խոնավածուծ (լավ ներծծի ու գոլորշիացնի քրտինքը): Այս պահանջներին բավարարում են բնական թելերից (վուշ, բամբակ) չգունաթափվող, նրբերանգ ու նախշավոր թույլ հյուսվածքի հատուկ (կրեպ, մադապոլամ, բատիստ, ֆլանել, բայկա), ինչպես նաև բամբակե գործվածքները: Ավելի մեծ տարիքի երեխաների Ս-ի համար կարելի է օգտագործել մետաքսե տրիկոտաժ, որը փոքրերի համար այնքան էլ պիտանի չէ: Վաղ մանկ. և նախադպրոց. տարիքի երեխաների համար սինթետիկ թելերից Ս. անթույլատրելի է: Մանկ. Ս. պետք է լինի հարմար, ազատ, չճնշող, չունենա կոպիտ կարեր, կոճակներ և գարդարող ավելորդություններ, հեշտ հագնվի ու հանվի:

Ս-ի ձևն ու տեսքը կախված են երեխայի տարիքից: Նորածինների համար դրանք բարուրաշորերն են, անկոճակ շապիկները, ֆլանելե կոֆտաները (1-2 ամսականում): Այնուհետև բարուրաշորերը փոխարինում են չոչաշորերով, որոնք պետք է լինեն ազատ, շարժումները չկաշկանդող: Շոգ օրերին երեխային պետք է հագցնել կիսավարտիք: 8-9 ամսականում շապիկները փոխարինում են առջևից կտրվածքով ներքնաշապիկներով: 1,5-2 տարեկան աղջիկների համար պետք է ունենալ ոչ երկար թևքերով կամ առանց դրանց ներքնաշապիկներ, նույն տարիքի կամ ավելի մեծ տղաների համար՝ թևքերով ու առջևից կոճակներով ներքնաշապիկներ, որոնք ամռանը կարելի է փոխարինել մայկայով: Ս., ինչպես վերնազգեստը, ցուրտ եղանակներին