մարմնիկների՝ լեյկոցիտների տեսակ), որոնք կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի դիմադրողականության (իմունիտետի) գործընթացներում: Ավշային հանգույցներում մշակվում է լեյկոցիտային գործոն, որը խթանում է լիմֆոցիտների բազմացումը: Հանգույցի պատյանում և տրաբեկուլներում տեղադրված բազմաթիվ հարթմկանային բջիջներ կծկվելիս ավիշը մղվում է արտատար ավշային անոթների, ապա հաջորդ կարգի ավշային հանգույցների կամ անմիջապես հավաքիչ ավշային անոթների ու ծորանների մեջ: Հանգույցների դրունքից դուրս եկող արտատար ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացնում են ավշային ցողուններ: Վերջիններս միաձուլվում են 2 խոշոր՝ աջ ավշային և կրծքային ծորաններում: 1-ինի մեջ է անցնում գլխի աջ կեսից, պարանոցից, աջ վերին վերջույթից և կրծքավանդակի աջ կեսից, իսկ կրծքային ծորանի մեջ՝ մարմնի մնացած մասերից եկող ավիշը: Աջ ավշային ծորանը թափվում է աջ, իսկ կրծքային ծորանը՝ ձախ երակային անկյունների մեջ, որոնք առաջանում են պարանոցի վրա (ստորին լծերակների և ենթանրակային երակների միացման տեղում):
Ավշային համակարգի հիվանդությունները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին հիվանդությունների (հազվադեպ են հանդիպում) դեպքում մարմնի որևէ մասի կամ օրգանի ավշային անոթները լրիվ բացակայում են կամ շատ քիչ են: Նկատվում են անատոմ. և ֆունկցիոնալ զգալի խանգարումներ, որոնք արդեն երիտասարդ տարիքում հանգեցնում են աշխատունակության կորստի: Ավշային անոթների զարգացման արատները հայտնաբերվում են պատահաբար, կամ երբ առաջանում է սկզբում չափավոր կամ սահմանափակ այտուց, որը հետագայում դառնում է ավելի արտահայտված: Ավշի արտահոսքի տևական դժվարացումը հանգեցնում է ավշականգի և փղախտի: Ավշականգի և ձեռքբերովի (2-րդային) փղախտի պատճառ կարող են լինել ոչ միայն զարգացման արատները, այլև ձեռքբերովի հիվանդությունները՝ բորբոքումը (մասնավորապես կարմիր քամուն բնորոշ), ուռուցքները, սնուցող. խոցերը, երակների հանգուցավոր լայնացումը ևն: Ձեռքբերովի փղախտը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել նշված հիվանդությունները:
Ավշային հանգույցների (տես Ավշային հանգույցների բորբոքում) և ավշային անոթների պատի բորբոքումները (ավշաանոթաբորբ) կարոդ են առաջանալ օրգանիզմում բորբոքային, այդ թվում՝ թարախային օջախի (թարախակույտ, ֆլեգմոն, տուբերկուլոզ) առկայության դեպքում: Ավշաանոթաբորբի ախտանշան է մաշկի վրա կարմիր զոլերի առաջացումը, որոնք համապատասխանում են մաշկի ավշային անոթների (ավշային հանգույցներ գնացող) դասավորությանը:
Երբեմն լինում են կրծքի և որովայնի խոռոչների խոշոր ավշային ծորանների վնասվածքներ, որոնք առաջանում են կրծքավանդակի փակ (ողերի, կողերի, անրակի կոտրվածքներ) կամ բաց (հրազենով կամ դանակով կրծքի, որովայնի, պարանոցի վիրավորումներ) վնասվածքների հետևանքով: Ավշային ծորանների վնասվածքի դեպքում ավիշն արտահոսում է վերքից, և հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, վիտամիններ ու կենսականորեն անհրաժեշտ այլ նյութեր: ժամանակին բուժում (միայն վիրահատ.) չստանալու դեպքում հիվանդը կարող է մահանալ առաջադիմող հյուծումից (չնայած բավարար սնվելուն): Ա.հ-ի այլ հիվանդությունների բուժումը պայմանավորված է դրանց բնույթով: Որոշ դեպքերում (բժշկի ցուցումով) ավշային անոթների վրա կատարվում են միկրովիրահատություններ:
ԱՎՇԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ, տեն Ավշային համակարգ հոդվածում:
ԱՎՇԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, լիմֆադենիտ: Ավշային հանգույցները, գտնվելով ավշային անոթների ճանապարհին (տես Ավշային համակարգ), կատարում են պատնեշային ֆունկցիա՝ պահելով ավշի հոսքով հանգույցներ հասած վնասակար նյութերը և ախտածին մանրէները: Կախված օրգանիզմի վիճակից և վարակունակությունից (ախտածին ակտիվություն)՝ մանրէներն, ընկնելով ավշային հանգույց, կա՛մ ոչնչանում են, կա՛մ առաջացնում հանգույցի բորբոքում, երբեմն՝ թարախակալում: Սուր U.h.բ. առաջանում է հիմնականում վերջույթների ծայրամասերի, դեմքի, գլխի, պարանոցի փոքր վերքերի, քերծվածքների և այլ վնասվածքների միջոցով մանրէներ թափանցելիս կամ որպես ֆուրունկուլի, թարախակույտի, ֆլեգմոնի բարդություն: Ա.հ.բ. կարող են առաջացնել թարախածին մանրէները (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) կամ առանձնահատուկ (հատկապես տուբերկուլոզի) հարուցիչները: Վերջին դեպքում Ա.հ.բ. հաճախ լինում է քրոնիկ.: