Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավշային հանգույցների սուր բորբոքման ժամանակ ավշային հանգույցները մեծանում են, ուռչում, շոշափելիս ցավոտ են, բայց հիվանդի ընդհանուր վիճակը միշտ չէ, որ փոխվում է: Վիճակը բարդանալիս ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°C, երբեմն առաջանում են դող և գլխացավ: Մեծացած ավշային հանգույցների վրայի մաշկը կարմրում է, 3-4 օրից կարմրած մասի կենտրոնը փափկում է, որը թարախի կուտակման նշան է: Եթե հանգույցում առաջացած թարախակույտը ժամանակին չի բացվում, ապա նրա պատյանը քայքայվում է, և թարախը անցնելով շրջակա հյուսվածքներ, առաջացնում է ծանր բարդություն՝ ֆլեգմոն:

Ա.հ.բ. օրգանիզմի որևէ թարախային օջախից վարակի տարածման և վտանգավոր բարդության ախտանշան է, ուստի անմիջապես պետք է դիմել բժշկի: Քրոնիկ Ա.հ.բ-ով յուրաքանչյուր հիվանդ պետք է հետազոտվի:

ԱՏԱՄԻ ՔԱՐ, ատամների վրա մուգ մոխրագույն կամ դեդնավուն ամուր նստվածք: Կուտակվում է ատամների այն մասերում (ատամների արանքներ, վզիկներ), որոնք սնունդը ծամելիս բավարար չափով չեն ինքնամաքրվում: Ա.ք. կարող է ծածկել նաև ատամի ամբողջ մակերևույթը, հատկապես, երբ ատամը ծամելուն չի մասնակցում (ոսկրափուտային խոռոչի առկայության կամ հակադիր ատամի բացակայության դեպքում), ինչպես նաև ատամները վատ խնամելիս:

Ա.ք-ի առաջացման սկզբն. փուլը փափուկ ատամնափառն է՝ բաղկացած եղջերացած էպիթելի բջիջներից, սննդի մնացորդներից, բակտերիաներից և այդ ամբողջ զանգվածը սոսնձող լորձից: Փառը լավ է մաքրվում ատամները ճիշտ խնամելիս և կոշտ սնունդը երկկողմանի ծամելիս: Ծխողների ատամնափառը և Ա.ք. դարչնագույն կամ նույնիսկ սև է, քանի որ պարունակում է ծխախոտի այրուքի մնացորդներ: Այդպիսի Ա.ք. կուտակվում է հիմնականում ատամների ներսային մակերևույթին և շատ դժվարությամբ է հեռացվում: Երեխաների և դեռահասների ատամների վզիկների շրթնային մակերևույթին նկատվում է կանաչ եզրաշերտ: Այդ կանաչ փառն ամուր միանում է ատամի արծնին և դժվարությամբ է մաքրվում նույնիսկ խոզանակով (դեղանյութով): Կանաչավուն փառի առաջացումը բացատրվում է փառին միկրոօրգանիզմների (գունածին բակտերիաներ) միացումով: Եթե փափուկ ատամնափառը ժամանակին չի հեռացվում, ապա այն աստիճանաբար ներծծվում է կրային աղերով և վերածվում կարծր Ա.ք-ի, որի նստվածքը հետզհետե ավելանում է: Երբեմն Ա.ք. կարող է կուտակվել լնդերի եզրերի տակ և նույնիսկ ատամների արմատների մակերևույթին:

Ա.ք. հետզհետե հեռացնում է լինդը, գրգռում այն, որի հետևանքով լինդն սկսում է արյունահոսել: Անուշադրության դեպքում հնարավոր է լնդաբորբ՝ թարախային արտադրությամբ (տես Բերանաբորբ), կարող է բերանից տհաճ հոտ գալ (տես Բերանի հոտ): Ա.ք-ի նստվածքը նախատրամադրում է հարատամնաբորբի: Ա.ք. հեռացնում է ստոմատոլոգը՝ հատուկ գործիքներով, երբեմն՝ անդրաձայնային սարքերով:

Ատամնափառի նստվածքից և Ա.ք-ից խուսափելու համար անհրաժեշտ է սննդային օրաբաժնում ընդգրկել հին հաց, պաքսիմատ, գազար, խնձոր ևն, ժամանակին բուժել ատամները, լնդաբորբը, անհրաժեշտության դեպքում՝ պրոթեզավորել: Օգտակար են ատամմաքրիչները (փայտե, փետուրե), որոնց օգնությամբ հեռացվում են ատամների միջև մնացած սննդի մնացորդները: Տարին 2 անգամ Ա.ք-ի հեռացումը թույլ է տալիս խուսափել բերանի խոռոչի լորձաթաղանթի և ատամների հիվանդություններից:

Տես նաև Ատամներ, Բերանի խոռոչ:

ԱՏԱՄՆԱԼԻՑՔ, ատամներում առաջացած խոռոչների վերացումը հատուկ լցանյութերի միջոցով, որը կատարվում է նախապես բորմեքենայով մշակելուց հետո: Ա. ատամների ոսկրափուտի, կակղենու բորբոքման տարբեր ձևերի, ինչպես նաև ատամների մյուս ախտահարումների բուժման վերջն. փուլն է:

Լցանյութերը, բացի ատամների ձևը վերականգնող պլաստիկ հատկությունից, օժտված են հականեխիչ հատկությամբ, որոնց շնորհիվ կանխվում է ոսկրափուտային խոռոչներում առկա միկրոօրգանիզմների կենսագործունեությունը: Ա. հիմնականում դադարեցնում է փտման գործընթացը և կանխում բարդությունները՝ կակղենու բորբոքումը, շուրջատամնաբորբը ևն:

Եթե ատամները բուժում են մի քանի փուլով, ապա դեղանյութը ոսկրափուտային խոռոչ ներարկելով՝ փակում են, այսպես կոչված, ժամանակավոր լիցքով կամ հեշտ հանվող արհեստ. դենտինով: Վերջն. բուժումից հետո են միայն հիմն. լիցք (պլոմբ) դնում, որը երկար տարիներ է դիմանում: Հիմն. լիցքերը պատրաստում են տարբեր նյութերից: Բժիշկը լցանյութն ընտրում է՝ ելնելով հիվանդ ատամի արատի ձևից, վիճակից ևն: Օրինակ՝ առջևի ատամների լիցքի դեպքում օգտագործում են սիլիկատ-ցեմենտ, պլաստմասսաներ: Կաթնատամների և արմատային խողովակների լիցքը կատարվում է ֆոսֆատ-ցեմենտով և հականեխիչ նյութեր պարունակող ցեմենտներով: Կան նաև արագ պնդացող պլաստմասսա և այլ պլաստիկ նյութեր, օրինակ՝ պսակի մասնակի կոտրվելու դեպքում հաճախ օգտվում են պլաստմասսայե ներդրուկներից (տես Ատամների պրոթեզներ):

Մինչև Ա. անելը ոսկրափուտային խոռոչները մշակում են, հեռացնում կակղած դենտինը (տես Ատամներ) և խոռոչը հարմարեցնում լիցքի լավ նստելուն: Ատամի կակղենու կամ շուրջարմատային հյուսվածքների բորբոքման դեպքերում սկզբում բուժում են, ապա՝ լցնում: Բորմեքենայով ոսկրափուտային խոռոչը մշակելիս նախապես ցավազրկում են, որպեսզի տհաճ զգացողություն և ցավ չառաջանան:

Ա-ից միայն 2 ժ հետո կարելի է ուտել: Որոշ ժամանակ ատամին սեղմելիս այն կարող է ցավել, հիմն. պատճառը բարձր լիցքն է, որը խանգարում է ատամների կցմանը: Երբեմն ցավը դեղանյութի նկատմամբ ատամի անցողիկ հակազդեցությունն է: Ցավի դեպքում պետք է դիմել ստոմատոլոգի: Ա-ի հղկումը, որպես կանոն, վերացնում է այդ զգացողությունը:

ԱՏԱՄՆԱԿԾՎԱԾՔ, վերին և ստորին ատամնաշարերի դիրքը ատամները կցելիս: Տարբերում են կաթնատամների Ա. (մինչև 6 տարեկանը), փոխարինվող Ա. (6-13 տարեկանը), երբ կաթնատամներն աստիճանաբար փոխարինվում են մնայունով, և