Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարուցիչը փոխանցվում է հիվանդի սպիտակեղենի, հագուստի, գլխարկի, սանրի կամ այլ իրերի, ինչպես նաև Տ-ի օջախների ախտահարված մաշկի թեփերի և մազերի միջոցով: Սնկիկների տեղակայման մասում, 5-7 օրից մաշկի վրա առաջանում են օղակաձև կարմիր, բորբոքային, խիստ սահմանագծված բծեր, որոնք արագ մեծանալով՝ սկսում են թեփոտվել: Գլխի մաշկից սնկիկներն արագ անցնում են մազերին, վերջիններս դառնում են փխրուն, կոտրտվում են և մաշկի վրա ցցվում կարճ փշերի ձևով: Սնկիկներով ախտահարվում են հիվանդ երեխաների 2 %-ի և հասուն հիվանդ մարդկանց 25 %-ի եղունգները:

Մակերեսային Տ-ի կանխարգելումը. հիվանդների անհապաղ հոսպիտալացում հատուկ սնկաբան. (հակասնկիկային) հիվանդանոցներում, նրանց գործածած իրերի վարակազերծում, ընտանիքի բոլոր անդամների, ինչպես նաև դասարանի, մանկապարտեզի ու մսուրի խմբերի երեխաների հետազոտում, բնակարանի վարակազերծում.

Խորը Տ. բնորոշվում է մարմնի և գլխի մազածածկ մասի, մորուքի, բեղերի թարախային ախտահարումներով (տես Թարախակույտ), որոնք խիստ ցավոտ են, հիվանդի ընդհանուր վիճակը վատանում է, երբեմն՝ բարձրանում ջերմաստիճանը: Եթե հիվանդը ժամանակին չբուժվի, սնկիկներով ախտահարված մազերը լրիվ կթափվեն, իսկ բարձիթողի դեպքում՝ լրիվ կճաղատանա: Խորը Տ-ով հաճախ հիվանդանում են կթվորները, հովիվները, անասնաբույժները ևն:

Բուժումը հիվանդանոցային է: Մաշկի Տ. բուժվում է հակասնկիկային և թեփը վերացնող քսուքներով, համեմատաբար կարճ ժամկետում, իսկ գլխի մազածածկ մասի և եղունգների բուժումը երկարատև է:

Խորը Տ-ի կանխարգելումը. պայքար մկների ու առնետների դեմ (տես Կրծողների ոչնչացում): Կենդանիներ խնամողները պետք է լինեն հատուկ հագուստով (այն անհրաժեշտ է կանոնավոր եռացնելով վարակազերծել և չի կարելի տուն բերել): Հիվանդ կենդանիները մեկուսացվում են, իսկ առողջները՝ հետազոտվում: Կենդանիների հետ շփվելուց հետո անպայման պետք է ձեռքերը լվանալ օճառով:

Տես Նաև Մաշկի սնկիկային հիվանդություններ:

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ, պալարախտ, թոքախտ, քրոնիկ. վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է տարբեր օրգաններում (հաճախ թոքերում)՝ առանձնահատուկ բորբոքային փոփոխությունների առաջացմամբ: Հարուցիչը միկոբակտերիան է, որը հայտնաբերել է գերմ. գիտնական Ռ. Կոխը՝ 1882-ին: Տ. նույնքան հին է, որքան մարդկությունը: Այդ մասին են վկայում պեղումների տվյալները և հնագույն ձեռագիր աղբյուրները: Օրինակ՝ մ.թ.ա. 27-րդ դ. եգիպտ. մումիաների 10 կմախքից 4-ը կրել են ողնաշարիային ախտահարումների հետքեր: Համուրապիի օրենսգրքում (մ.թ.ա. 18-րդ դ.) պատկերավոր կերպով նկարագրվել է թոքախտը և սահմանվել Տ-ով հիվանդ կնոջից ամուսնալուծվելու իրավունք: Տ-ի ախտանշանների նկարագրություններ կան Հիպոկրատի, Մխիթար Հերացու, Գրիգորիսի և այլոց աշխատանքներում: Վաղուց նկատել են հիվանդության կապը մարդու կյանքի անբարենպաստ պայմանների հետ և նրա ծանր, արագ տարածվող ու մահացու ելքով ուղեկցվող ընթացքը:

Վիճակագր. տվյալներով՝ Տ-ի, որպես սոցիալ. չարիքի, մասշտաբները վկայում են, որ այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է. դեռևս 20-րդ դ. սկզբին Եվրոպայում ամեն տարի Տ-ից մահացել է մոտ 1 մլն բնակիչ: Տ-ով առավել հաճախ հիվանդանում են խոշոր քաղաքների բանվոր. թաղամասերի բնակիչները և խուլ անկյուններում ապրող բնակչությունը:

Բնակչության կյանքի նյութ. և հիգիենային պայմանների բարելավումը, բժշկագիտության հաջողությունները (վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման ու կանխարգելման մեթոդների մշակումը) և առողջապահության նվաճումները (զանգվածային վակցինացում, հակատուբերկուլոզային դիսպանսերների հատուկ ցանցի ստեղծում, հակատուբերկուլոզային հիմնարկների մասնագիտացում, հակատուբերկուլոզային միջոցների զինանոցի ընդլայնում, երկարատև ձրի բուժում ևն) նվազեցնում են հիվանդացությունը, մահացությունը և հաշմանդամությունը: 1993-ից ՀՀ-ում նկատվում է ազգաբնակչության Տ-ով հիվանդացության աճի միտում (հիմնականում երիտասարդ տղամարդկանց և հատկապես բանակում ու կալանավայրերում): 1995-ից ՀՀ առողջապ. նախ-յունը ԱՀԿ օգնությամբ միջոցներ է ձեռք առնում հիվանդության նվազեցման ուղղությամբ:

Տ-ով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում՝ խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները. գյուղ. վայրերում դրանք կարող են վարակի աղբյուր դառնալ: Տ. փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել նաև կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:

Վարակի հիմն. աղբյուրը հիվանդ մարդն է՝ բացիլավոր հիվանդը, որի խորխի հետ արտադրվում են Տ-ի բազմաթիվ միկոբակտերիաներ:

Տարբերում են Տ-ի բաց և փակ ձևեր: Բաց ձևի ժամանակ խորխում հայտնաբերվում են Տ-ի միկոբակտերիաներ. եթե հիվանդը չի պահպանում հիգիենային նախազգուշական միջոցառումները, ապա կարող է վարակել շրջապատողներին: Տ-ի փակ ձևի ժամանակ խորխի մեջ միկոբակտերիաներ չեն հայտնաբերվում, նման հիվանդները քիչ վտանգավոր են շրջապատողների համար, սակայն հիվանդության խորացման դեպքում այդպիսի հիվանդներն սկսում են արտադրել հարուցիչներ: Տ-ի բաց ձևով հիվանդի հետ պատահական և կարճատև շփման ժամանակ վարակումը լինում է հազվադեպ՝ ի տարբերություն սերտ շփման: Դրա համար խիստ կարևոր են Տ-ով հիվանդի կյանքի սան. պայմանները և նախազգուշ. միջոցառումների կիրառման հմտությունը, որպեսզի նա չվարակի ուրիշներին: Հիգիենային բոլոր պահանջների կատարման