տապակած խոզի միս և ճարպ (առանձնապես վտանգավոր է մսախառը ճարպը) կամ հիվանդ վայրի կենդանիների (գորշ և սպիտակ արջեր, վարազ ևն) միս: Ընտանի կենդանիները (խոզեր, շներ, կատուներ, տնային կրծողներ) վարակվում են սատկած կրծողների կամ որսի ժամանակ սպանված վայրի կենդանիների միսն ուտելուց:
Հիվանդությունն սկսվում է վարակված միսն օգտագործելուց 2-3 շաբաթ անց: Նկատվում են ջերմաստիճանի բարձրացում, աչքերի կարմրություն, երբեմն՝ լուսավախություն, մկանացավեր, հազվադեպ՝ որովայնացավեր, լուծ: Հիվանդությանը բնորոշ է դեմքի այտուցումը (երբեմն ակնաճեղքերը գրեթե լրիվ փակվում են): Երեխաները հազվադեպ են հիվանդանում: Բուժումն իրականացնում է բժիշկը:
Կանխարգելման հիմն. միջոցառումը խոզերի ճիշտ խնամքն է, որը կանխում է Տ-ով վարակվելուց: Խոզերին պետք է մորթել միայն մսի կոմբինատներում, սպանդանոցներում և միսը ենթարկել մանրադիտակային հետազոտության: Տրիխինելների թրթուր հայտնաբերելիս միսը կարելի է օգտագործել միայն տեխ. նպատակով կամ այրել: Պետք է հետազոտել նաև արդյունագործ. կենդանիների միսը: Եթե հնարավոր չէ հետազոտությունը (տրիխինելադիտումը), ապա խոզի և վայրի կենդանիների միսը եփել 2,5 ժ-ից ոչ պակաս կամ լավ տապակել:
ՏՐԻԽՈՄՈՆՈԶ, տրիխոմոնիազ, մարդու և կենդանիների միզասեռ օրգանների բորբոքային հիվանդություն: Առաջացնում են միաբջիջ օրգանիզմները.՝ տրիխոմոնասները: Հարուցիչը փոխանցվում է սեռ. ճանապարհով, երբեմն՝ հիվանդի անձն. օգտագործման առարկաների միջոցով: Նորածին աղջկա օրգանիզմի առանձնահատկությունների հետ կապված՝ հնարավոր է նրա վարակվելը ծննդաբերության ժամանակ (Տ-ով հիվանդ մորից): Հեշտոցային տրիխոմոնասներն անկայուն են շրջակա միջավայրի տարբեր գործոնների (օրինակ՝ արևի ճառագայթների) ազդեցության նկատմամբ և արագ ոչնչանում են:
Հիվանդանում են տղամարդիկ և կանայք: Տղամարդկանց Տ., որպես կանոն, ընթանում է աննկատ: Միզուկաբորբը կարող է ուղեկցվել աննշան լորձային արտադրությամբ, և հիվանդը, չկասկածելով Տ-ի առկայության մասին, չի բուժվում՝ դառնալով վարակի մշտ. աղբյուր: Տ. չբուժելիս բորբոքումը կարող է տարածվել ամորձիների հավելումների վրա (տես Մակամորձու բորբոքում) և հաճախ անպտղության պատճառ դառնալ: Հնարավոր է հիվանդության անցումը քրոնիկ. ընթացքի, որը դժվար է բուժվում:
Կանանց Տ. հիմնականում արտահայտվում է հեշտոցաբորբով: Նկատվում են թարախային, փրփրոտ, տհաճ հոտով առատ արտադրություն, հեշտոցի և ամոթույքի շրջանի քոր և այրոց (տես Սեռական օրգաններ): Հազվադեպ, օրգանիզմի դիմադրողականության անկման շրջանում (որևէ հիվանդության հետևանքով), ինչպես նաև դաշտանի ժամանակ, բորբոքումը կարող է տարածվել արգանդի և հավելումների վրա (տես Արգանդի հավելումների բորբոքում, Արգանդի մկանալորձենաբորբ): Կնոջ օրգանիզմում Տ. հայտնաբերելիս պետք է բուժել նաև ամուսնուն:
Բուժումը տևական է, որն ինքնուրույն, ոչ ժամանակին դադարեցնելիս (հիվանդության դրսևորումներն անհետանալիս) կարող է հանգեցնել կրկնությունների (ռեցիդիվների) և դեղանյութերի նկատմամբ կայուն տրիխոմոնասների առաջացման
Բուժման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Ամեն օր փոխել սպիտակեղենը (տաք արդուկով արդուկած), լողանալ ցնցուղի տակ ևն: Բուժումից հետո 2-3 շաբաթ պարբերաբար հետազոտվել:
Կանխարգելման նպատակով կարևոր է անձն. և սեռ. հիգիենայի կանոնների պահպանումը (տես Սեռական կյանք):
ՏՐԻԽՈՑԵՖԱԼՈԶ, ճիճվային հիվանդություն. առաջացնում են մարդու աղիքներում մակաբուծող կլոր որդերը՝ մազագլուխները: Մարդու օրգանիզմում կարող է լինել 1-ից մինչև մի քանի հարյուր, նույնիսկ հազար մազագլուխ: Մակաբուծման տևողությունը մինչև 5 տարի է: Որդի ձվերն արտաթորանքի հետ ընկնում են արտաքին միջավայր և զարգանում (2 շաբաթ և ավելի) հողի մեջ, որից հետո այդ ձվերն արդեն կարող են վարակել մարդկանց: Վարակի միակ աղբյուրը հիվանդ մարդն է, որն աղտոտում է հողը մազագլխի ձվերով: Առողջ մարդը վարակվում է չլվացած բանջարեղեն, հատապտուղներ կամ աղտոտված ջրամբարների ջուր օգտագործելուց: Հիվանդը կարող է գանգատներ չունենալ, բայց մեծ մասամբ նկատվում են ախորժակի վատացում, գլխացավեր, գլխապտույտ, դյուրագրգռելիություն, փորկապություն, ընդհանուր թուլություն ևն: Ախտորոշումը հաստատվում է արտաթորանքում մակաբույծի ձվերի հայտնաբերմամբ:
Բուժում է բժիշկը:
Սովորաբար Տ-ի օջախներն առաջանում են այնտեղ, որտեղ բնակելի շենքերի մոտ կան մարդու արտաթորանքով աղտոտված խոնավ և մութ տեղեր:
Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հողը և ջուրը պաշտպանել աղտոտումներից, խստորեն պահպանել անձն. հիգիենայի կանոնները (ուտելուց առաջ ձեռքերը լվանալ), օգտագործումից առաջ բանջարեղենի և հատապտուղների վրա եռացրած (ապա անմիջապես սառը) ջուր լցնել, բաց ջրամբարների ջուրն օգտագործել միայն վարակազերծելուց (եռացրած) հետո:
ՏՐԻԽՈՖԻՏԻԱ, մաշկը, մազերը և եղունգներն ախտահարող սնկիկային վարակիչ հիվանդություն: Նախկինում Տ. և միկրոսպորիան անվանում էին «խուզող որքին»:
Հարուցիչները մի քանի տեսակի մակաբույծ սնկիկներն են (տես Սնկիկներ մանրադիտակային): Որոշ տեսակներ միայն մարդու մակաբույծներ են և առաջացնում են մակերեսային Տ., մյուսները՝ հիմնականում կենդանիների (մուկ, առնետ, կով, ձի, ոչխար ևն) և առաջացնում են մարդու թարախակալող, խորը Տ.:
Մակերեսային Տ-ով հիվանդանում են հիմնականում երեխաները, հաճախ նաև՝ հասուն մարդիկ, հատկապես՝ կանայք: Ախտահարվում է գլխի մաշկը և մազածածկ մասը, հազվադեպ՝ մորուքի ու բեղերի շրջանը: Գլխի մազածածկ մասի չբուժված Տ. կարող է ամբողջ կյանքի ընթացքում գաղտնի ընթանալ և խնամքի տակ եղած երեխաների համար դառնալ վարակի աղբյուր:
Երեխաները մակերեսային Տ-ով կարող են վարակվել ընտանիքում, դպրոցում, մանկապարտեզում, մսուրում: Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից,